HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Խաչատրյանների բնակարաններում, ընկերություններում և գրասենյակներում

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր միաժամանակ խուզարկություններ է իրականացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված «Գալաքսի» խմբի ընկերություններում, գրասենյակներում, Խաչատրյանների բնակարաններում։ Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում այս ամենը դիտարկեց որպես Գուրգեն Խաչատրյանի հայտարարության շարունակություն ու ասաց, որ այս պահին խուզարկություններն ավարտվել են։ 

«Բնականաբար ոչ մի հետաքրքիր բան չեն առգրավվել, սա, իմ կարծիքով, ավելի շատ գործողություն էր՝ գործողության համար»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ ապրիլի 28-ին Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ  երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը, որպես պահանջի մաս ներկայացվել է նաև իրենց մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը ևս։ Խաչատրյանի խոսքով՝ իրեն հայտնել են, որ  Ucom-ն օտարելու պահանջին չհամաձայնվելու դեպքում կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև իրենց  առնչվող այլ անձանց նկատմամբ։

«Ինչ հայտարարեց փաստացի, անմիջապես սկսեց իրականություն դառնալ, նրա մեղադրանքն անհիմն հոդվածներով ու ձևակերպումներով խստացվեց, կալանքի միջնորդություն ներկայացվեց դատարան, միաժամանակյա խուզարկություններ սկսվեցին»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գուրգեն Խաչատրյանին կաշառքի օժանդակության մեղադրանք է առաջադրել։ Ըստ ԱԱԾ-ի՝ նա օժանդակել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին։

«Ասում են, որ Գագիկ Խաչատրյանը հանդիսացել է ՊԵԿ նախագահ, Գուրգեն Խաչատրյանը նրա որդին է,  Սեդրակ Առուստամյանն էլ խոշոր տնտեսվարող է, վերջինս հովանավորչության համար գումար է տվել Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Սա ոչ այլ ինչ է, քան ֆանտազիա»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Պաշտպանի խոսքով՝ այս քրեական գործով միայն մեկ փոխառության պայմանագիր է առկա Սեդրակ Առուստամյանի և Գուրգեն Խաչատրյանի միջև, որը դեռևս ժամկետի մեջ է, փոխառության գումարը չի վերադարձվել։

«Եկեք Սեդրակ Առուստամյանի փոխարեն բերենք մեկ այլ տնտեսվարողի, ով նույնպես ունի բիզնես, և նրա ու Գուրգեն Խաչատրյանի միջև փոխառության պայմանագիր է կնքվել։ Այս տրամաբանությամբ սա ևս կաշառք է։ Այսինքն՝ քանի որ Գուրգեն Խաչատրյանը բիզնես գործունեությամբ է զբաղվում և որևէ տնտեսվարողի հետ չունի փոխառության պայմանագիր, որը վերադարձված չէ կամ տոկոսները տրված չեն, բայց օրինական կարգով ընթացքի մեջ է, ուրեմն դա կաշառք է, քանի որ Գուրգեն Խաչատրյանի հայրը ՊԵԿ նախագահն է»,- նշեց Երեմ Սարգսյանը։ Պաշտպանի խոսքով՝ ասելու համար, որ Սեդրակ Առուստամյանը Գուրգեն Խաչատրյանի միջոցով կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին, պետք է լինեն ապացույցներ, որոնք չկան։

Սարգսյանը նշեց, որ ըստ մեղադրանքի ձևակերպման՝ Սեդրակ Առուստամյանի և Գուրգեն Խաչատրյանի միջև փոխառության պայմանագիրը տոկոսով է, կոնկրետ պահի տոկոսը չի տրվել, բայց պայմանագիրը երկարաձգվել է։

«Այնպես էլ չէ, որ փոխառությունը տրվել է, և դրա մասին որևէ մեկը մոռացել է։ Այսինքն՝ բիզնես գործունեության մեջ կա ծրագիր որը երկարաձգվել է, պետք է ավարտվի, որից հետո պետք է վերադարձ լինի՝ տոկոսներով»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Մեր հարցին՝ Սեդրակ Առուստամյանն ու Գուրգեն Խաչատրյանն ի՞նչ հարաբերություններ են ունեցել, որ որոշել են փոխառության պայմանագիր կնքել միմյանց հետ, Երեմ Սարգսյանը պատասխանեց՝ ընդամենը գործարար, գործնական հարաբերություններ։

Լուսանկարում՝ Գուրգեն Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter