
Առաջարկվում է արտակարգ դրության դեպքում ուսանողների վարձավճարների հետաձգում
Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արտակարգ դրություն հայտարարելու դեպքում վճարովի սովորող ուսանողների վարձաճարների հետաձգման օրենսդրական հնարավորություն:
Խմբակցությունը փոփոխություններ է առաջարկում «Կրթության մասին» մասին օրենքում:
Առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի` արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումը հետաձգվում է մինչև արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը, եթե սովորողը գրավոր դիմում է ներկայացնում ուսման վարձի տարաժամկետման վերաբերյալ:
Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ արտակարգ դրության և դրանով պայմանավորված մի շարք սահմանափակումների պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ իրականացվող սահմանափակումների առկայության հիմքով վերջիններս կամ իրենց ծնողները չեն աշխատում: Նման պայմաններում դժվարանում է բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը, առաջնային է դառնում առաջին անհրաժեշտության մթերքների ու այլ իրերի ձեռբերումը: Այս դեպքերում սովորողները չեն կարող ստանալ այնպիսի եկամուտներ, որոնք բավարար լինեն ուսման վարձը վճարելու համար: Վարձավճարները չվճարելն էլ հիմք է դառնում, որ վերջինններս հեռացվեն բուհից:
Նշվում է, որ նախագիծը ուղղված է նման դեպքերը կանխարգելելուն: «Միաժամանակ նախագծով սահմանված իրավակարգավորման ընդունման դեպքում ուսանողը պարտավոր է գրավոր դիմել իր ուսումնական հաստատությանը այս արտոնությունից օգտվելու համար, իսկ ուսման վարձի չվճարված մասը կամ այն ամբողջությամբ պետք է վճարված լինի արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը:
Հատկանշական է, որ սույն արտոնությունը կգործի բացառապես այն դեպքերում, երբ արտակարգ դրություն հայտարարվել է արտակարգ իրավիճակի հիմքով»,-նշվում է նախագծում:
Տեղեկացնենք, որ նախագիծն օրակարգ նեևառվելու համար պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նախագծի հիմնական զեկուցող է ներկայացված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Լուսանկարում` Շաքե Իսայանը:
Մեկնաբանել