HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատազրկվածներն էլ ավելի են մեկուսացվել

Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ե՞րբ կվերջանա համաճարակը, արդյո՞ք չեն լինի նոր բռնկումներ, «Կորոնավիրուսը» արհեստակա՞ն է ստեղծվել, արդյո՞ք այս ամենը հասարակության տոտալ վերահսկման նպատակով չէ և այլ հարցեր քննարկվում են տարբեր հարթակներում: Մենք` ազատազրկվածներս շարունակում ենք մնալ մեկուսացված, իսկ հայտարարված արտակարգ դրության պատճառով արդեն երկու ամիս է սահմանափակված է Սահմանադրությամբ և միջազգային նորմերով ամրագրված անձնական և ընտանեկան կյանքի մեր իրավունքը: Հատուկ իրավիճակ հայտարարելով` առհասարակ արգելեցին սկզբից կարճատև, այնուհետև նաև  երկարատև տեսակցությունները հարազատների հետ: 

Ներկայումս արդեն թուլացվում է արտակարգ դրությունը` թույլատրվել են բազմաթիվ գործունեությունների տեսակներ, սակայն տեսակցությունների արգելքը չի հանվել: Ազատազրկվածներն առհասարակ ոչ մի վտանգ չեն ներկայացնում համաճարակի ժամանակ: Վիրուսի տարածման վտանգ կարող են ներկայացնել միայն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները, ովքեր ամեն օր ներս և դուրս են անում: Ինչ վերաբերում է մեր հարազատներին, ապա նրանք հատկապես երկարատև տեսակցության այցելելով չեն ներկայացնի որևէ վտանգ հիմնարկում գտնվող այլ մարդկանց համար, քանի որ շփումը լինելու է միայն տվյալ` մեկ ազատազրկված հարազատի հետ, որն էլ, բանտի պայմաններում շարունակվում է պահվել մեկուսացված` խցային պայմաններում, իսկ ցմահ ազատազրկվածներիս պարագայում հաճախ միայնակ, կամ առավելագույնը 3-4 հոգով: Այսինքն` հենց ցմահ ազատազրկվածներիս երկարատև տեսակցությունները համաճարակի տեսակետից փաստացի ամենաանվտանգն են:

Կոչ եմ անում` թույլատրել երկարատև տեսակցությունները, որոնք ընթանում են բոլորից առանձին` մեկուսացված սենյակում, ինչպես նաև տեսակցելուց առաջ չափել թե՛ այցելած հարազատների, թե՛ ազատազրկված անձի ջերմաստիճանը: Ընտանեկան կյանքի հիմնարար իրավունքի երկամսյա արգելքը անհապաղ պետք է վերացնել: Այո, պետք է հստակ գիտակցել, որ ազատազրկվածներիս պարագայում ընտանեկան կյանքի իրավունքը ոչ թե սահմանափակվել է, այլ ներկայիս դրությամբ առհասարակ վերացված է`քանի որ մեր ընտանեկան կյանքի իրավունքը փաստացի հիմնավորապես իրացվում էր միայն տեսակցությունների տեսքով՝ չհաշված հեռախոսազանգի իրավունքը:

Հատուկ իրավիճակով առաջացած առաջին և ամենակարևոր խնդիրը հենց երկարատև տեսակցությունների արգելքի հարցն է, որն էլ ստեղծում է լարված իրավիճակ: Երկրորդ խնդիրը այն է, որ արդեն երկու ամիս է՝ մեզ չեն թույլատրում հարազատներից հանձնունքներ ստանալ: Ազատազրկվածներս ուզած-չուզած սնվում ենք պետության կողմից տրամադրվող սնունդով, որը, անկախ նրանից, որ  ընդամենը վերջին մի քանի ամիսներին մատակարարվում և պատրաստվում մասնավոր ընկերության կողմից, այնուամենայնիվ, չի կարող համեմատվել մայրիկի, կնոջ, քույրիկի կողմից պատրաստված կերակրի հետ, իսկ կաթնամթերքը քիչ է տրամադրվում`զուտ ձևական բնույթ է կրում: Ինչ վերաբերում է հացի որակին, ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այն դեռ հին տարբերակով է`«Արմավիր» ՔԿՀ-ի նման չեն փոխել որակը: Օրեր առաջ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցով փորձում են աշխատեցնել «բանտային խանութից» իրենց միջոցով գնումներ անելու տարբերակը: Ծանոթացա առաջարկվող ապրանքների ցուցակին, տեսա, որ մոտ 80-90% ծխախոտի տեսականի է, մի փոքր հատված վերաբերում է հիմնականում կաթնամթերքի և երշիկեղենի տեսականուն, այսինքն` այն ինչը քիչ քանակով է տրամադրվում պետության կողմից` մասնավոր ընկերության միջոցով: Իհարկե, կլինեն անձինք, ովքեր կօգտվեն այդ խանութ-ծառայությունից` վճարելով հավելավճար, որը ներառված է ծխախոտի և առաջարկվող սննդամթերքի գնային քաղաքականության մեջ՝ որպես ծառայության վճար: Սակայն ազատազրկվածների մեծամասնության համար հարմար տարբերակը մնում է այն, որ հարազատները բերեն, քանի որ այդ կերպ համեմատած ավելի էժան կլինի, քան գնեն բանտի խանութից: Այսինքն`պետք է վերացնել նաև հանձունքների վերաբերյալ արգելքը, ինչը անմիջապես կապված է առողջության պահպանման հիմնարար իրավունքի հետ: 

Այս նամակ-հոդվածս ցանկանում եմ ավարտել անձամբ ինձ մոտ ծիծաղ առաջացրած մի տեսարանի պատկերացմամբ: Մինչև գիտնականների կողմից մանրէների, վիրուսների հայտնաբերումը մանրադիտակների միջոցով և մանրէաբանության, հարակից գիտությունների զարգացումը, եթե հասարակության մեջ, ասենք միջնադարում, մեկն ասեր, որ օդի մեջ կան անտեսանելի արարածներ, ու դրանք մարդու բերանով ու քթով մտնում են ներս ու այնտեղ գործունեություն իրականացնում…, ապա այդ մարդուն խելագարի տեղ կդնեին ու լավագույն դեպքում կմեկուսացնեին հոգեբուժարանում: Վատագույն տարբերակը կլիներ այն, որ եկեղեցին կմեղադրեր սատանայի հետ կապի մեջ և կայրեին խարույկի վրա: Այնպես որ`քաղաքակրթությունը փոխվում է և, միգուցե, անտեսանելի կերպով «կորոնավիրուսը» տոտալ վերահսկման յուրահատուկ փուլ է… 

     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter