HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնը Երևանում

Մարտի 10-ին՝ ժամը 16.00-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությունը: Բացման խոսոքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և բրիտանացի կինոռեժիսոր Մայքլ Ուայթը:

Բրիտանական ֆիլմերի 10-րդ հոբելյանական փառատոնը Երևանում

Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-ամյա հոբելյանի շրջանակում կազմակերպվող Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնի ընթացքում կցուցադրվի բրիտանական արտադրության տասը ֆիլմ: Բազմաժանր ֆիլմերը ներկայացնում են պատմություններ բրիտանացիների առօրյայից, ներկայացնում համամարդկային խնդիրների նրանց ընկալումները, բացահայտում ժամանակակից աշխարհում սեփական ճակատագրի համար պայքարող մարդկանց ապրումները: Ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և հասարակության ու անձի փոխհարաբերությունների հիմնախնդիրներին:

Փառատոնի բացումը տեղի կունենա մարտի 10-ին Մոսկվա կինոթատրոնում «Հրակառքեր» ֆիլմով: Այն հիմնված է իրական պատմության վրա և ներկայացնում է 1924 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում երկու մարզիկների պայքարը:

Փառատոնի պատվավոր հյուրերն են ծրագրում ընդգրկված «Մեծագույն սեր» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Ուայթն ու գեղանկարիչ Րիս Ուայթհեդը: Փառատոնի ընթացքում Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում կցուցադրվեն Րիս Ուայթհեդի Հայաստանով ոգեշնչված աշխատանքները, իսկ մարտի 11-ին ռեժիսոր Մայքլ Ուայթը ցուցադրությունից առաջ հանդիսատեսին կներկայացնի «Մեծագույն սեր» ֆիլմի նկարահանման պատմությունը: Ռեժիսորը նաև վարպետության դասընթաց կանցկացնի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնում ընդգրկված «Կյանքը մեկ օրում» ֆիլմի ստեղծմանն են մասնակցել հայ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանն ու դերասան Արսեն Գրիգորյանը: Ֆիլմը, որը ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց մեկ օրվա պատմությունը, կցուցադրվի մարտի 15-ին Մոսկվա կինոթատրոնում:

Հանդիպումների ու վարպետության դասընթացների անցկացմանը զուգահեռ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտը և Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամը կազմակերպում են վավերագրական լուսանկարչության դասընթաց: Այն կվարի Լոնդոնի Արվեստների համալսարանի Հաղորդակցության լոնդոնյան քոլեջի դասախոս Պատրիկ Սադերլենդը:

Հայաստանում ֆիլմերի գրախոսության և կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը և Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Մասնակիցները պետք է գրեն փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, որոնցից լավագույնի հեղինակը կպարգևատրվի Apple iPad 2-ով:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ֆիլմերը մարտի 1-ից-11-ը ցուցադրվելու են հանրապետության երեք մարզերում` Վանաձորում, Բերդում և Գյումրիում: Երևանում մարտի 10-ից -19-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում ֆիլմերը կցուցադրվեն 17.00-ին անգլերեն, իսկ 19.00-ին` հայերեն ենթագրերով:  Փառատոնի ցուցադրությունների մուտքն ազատ է: Ցուցադրություններից առաջ կներկայացվեն նաև բրիտանական կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին:  

Բրիտանական ֆիլմերի փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը:

Ծրագիր

10 մարտի 16.00, Մոսկվա կինոթատրոն - Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման արարողություն

11 մարտի 17.00 և 19.00,  Մոսկվա կինոթատրոն– Հանդիպում «Մեծագույն սեր» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Ուայթի հետ

12 մարտի 14.30, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ – Մայքլ Ուայթի վարպետության դասընթացը Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում

16 մարտի 16.00, Մոսկվա կինոթատրոն - Արվեստների համալսարանի Հաղորդակցության լոնդոնյան քոլեջի դասախոս Պատրիկ Սադերլենդի երևանյանի դասընթացի մասնակիցների լուսանկարների ցուցահանդես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter