HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը

Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ Հայաստանի Հանրապեետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չեղարկել է մի շարք գործուղումներ: Սակայն սփյուռքի հետ կապն ու համայնքների հետ աշխատանքը շարունակում են մնալ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրակարգի առաջնահերթություններում: Այդ իսկ նպատակով գրասենյակը Զարեհ Սինանյանի գլխավորությամբ մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը՝ նպատակ ունենալով առցանց հանդիպումների միջոցով շարունակել համայնքային ծանոթությունները, խնդիրների վերհանումն ու հասցեագրումը, համագործակցության խորացումը:

Հանձնակատարի գրասենյակի տեղեկացմամբ՝ առաջին առցանց հանդիպումն Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Տեսակապի մասնակիցներին ողջունեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նշեց, որ անկախ աշխարհում տիրող իրավիճակից` սփյուռքի հետ կապը լինելու է մշտական և զարգացող:

Այնուհետ իսպանահայ համայնքի անդամները ներկայացրին բնակության երկրում ազգությամբ հայերի իրավիճակը, առօրյան և խնդիրները: Հատկապես կարևորվեց այն հանգամանքը, որ վարակի դեմ պայքարում համայնքը միահամուռ աջակցում է տեղի իշխանություններին՝ հանդես գալով մի շարք նախաձեռնություններվ, պատրաստելով անվճար պաշտպանիչ դիմակներ, սնունդ տրամադրելով խոցելի խմբերին, կազմակերպելով բուժաշխատողների անվճար տեղափոխումը: Նշվեց, որ քաղաքում ազգության հայերի շրջանակներում կան վարակակիրներ, որոնք բուժման փուլում են: Այս պայմաններում տեղի մեկօրյա դպրոցը, շախմատի և նկարչական խմբակները շարունակում են ուսուցումը հեռավար եղանակով:

Համայնքային ներկայացուցիչների կողմից կարևորվեց նման պայմաններում գրասենյակի ստանձնած այս նախաձեռնությունը, քանի որ երկար տարիներ Իսպանիայի հայ համայնքի մի ստվար մասը դուրս է եղել հայրենի կառավարության հոգածությունից:

Համայնքային գործիչները հատկապես մտահոգություն հայտնեցին, որ Իսպանիայի հայերի ձուլումն ընթանում է ահագնացող տեմպերով. մի կողմից շատ հաճախ Հայաստանից տեղափոխված ընտանիքներում ծնողները հետևողական չեն, մյուս կողմից՝ համայնքը չունի ավանդական կառույցներ, չկան մշակույթի տներ, ամենօրյա դպրոցներ: Չնայած այս ամենին՝ տեղի հայ երիտասարդներից շատերը ցանկանում են վերադառնալ և աշխատել հայրենիքում:

Համայնքային ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին համայնքի թույլ համակարգվածությանը, ձուլման վտանգի կանխմանը, Հայաստանից համայնքներ դասագրքերի առաքման ուշացումներին, երկքաղաքացիությանը, զինապարտությանը:

Հաջորդ տեսակոնֆերանսը Բելգիայի հայ համայնքի հետ էր: Մասնակցում էին համայնքային, կրթական, մշակութային, կուսակցական շրջանակների ներկայացուցիչներ: Բելգիահայերի կոմիտեի նախագահ, «Insude Europe» կազմակերպության նախագահ, ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանը նախ ներկայացրեց համայնքը, նշեց, որ Բելգիայի տասնյակ քաղաքներում գործում են 50 հայկական կազմակերպություններ, ընդամենը երկու տարի անց բելգիահայ համայնքը կնշի հիմնադրման 100-ամյակը: 

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց համայնքի կազմակերպվածությունն ու օրինակելի համախմբվածությունը: Այնուհետ հանձնակատարն անդրադարձավ կորոնավիրուսի հետևաքնով Հայաստանում տիրող իրավիճակին, սահմանափակումներին, տնտեսական և սոցիալական միջոցառումներին: Ներկայացնելով գրասենյակի ծրագրերն ու հնարավոր փոփոխությունները՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ «Քայլ դեպի տուն», երիտասարդ առաջնորդների ծրագրերի իրագործումը կասկածի տակ է, չեղարկվել են մի շարք համայնքային այցելություններ, համաժողովները հավանաբար կանցկացվեն առցանց ձևաչափով: Սփյուռքի մասնագետների «իԳործ» ծրագիրը կմերկնարկի սեպտեմբերից, Հայաստանի պետական համակարգում աշխատելու համար դիմել է 800 մասնագետ: Գլխավոր հանձնակատարն անդրադարձավ նաև գրասենյակի նպատակներին՝ Հայաստանի և սփյուռքի  միջև կապերի ամրացում, առավելագույն փոխներգրավում, հայրենադարձության համար նախապայմանների ստեղծում, ներդրումների խթանում ու ներդրումային դաշտի բարելավում:

Այնուհետև համայնքային ներկայացուցիչները տասնյակ հարցեր ուղղեցին Գլխավոր հանձնակատարին, որոնք մասնավորապես վերաբերում էին մասսայական, մասնագիտական և ֆորսմաժորային հայրենադարձությանը, համապատասխան օրենքի և ռազմավարության մշակմանն ու ընդունմանը, հայրենադարձվողներին տրամադրվող մաքսային արտոնություններին, ներդրումային աջակցությանը, հայապահպանությանը: 

Հարցին՝ արդյո՞ք այժմ սփյուռքի հետ աշխատանքն առավելապես հայաստանակենտրոն չէ, Զարեհ Սինանյանը նշեց, որ հզոր Հայաստանը սփյուռքի երկարակեցության գրավականն է, և ուժեղ պետականության պայմաններում սփյուռքն ավելի քիչ խնդիրների կբախվի: 

Ինչ վերաբերում է արևմտահայերենի պահպանմանը, հանձնակատարն ընդգծեց՝ արևմտահայերենը լայնորեն պետք է դասավանդվի նաև Հայաստանում, և հայրենիքը պիտի դառնա արևմտահայերենի ուսուցանման կենտրոն:

Նշենք, որ տեսակոնֆերանսների բոլոր մասնակիցների հետ պահպանվում է հետադարձ կապ, համագործակցությունը շարունակական է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter