HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խմբակցությունների` լսումներ հրավիրելու լիազորությունների ընդլայնումը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը չի ստացել գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը և չի ընդգրկվել քառօրյայի օրակարգ: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց օրակարգում չներառված հարցերը:

Այս փոփոխություններով Էնֆիաջյանն առաջարկում է խմբակցությունների` լսումներ հրավիրելու լիազորություններն ընդլայնել: Գործող կարգավորմամբ` յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում խմբակցությունը կարող է հրավիրել մեկ լսում: Փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ խմբակցությունը յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել երեք լսում:

«Փետրվարի 27-ին Բարգավաճ Հայաստան խմբակցությունը լսումներ է կազմակերպել, բայց այժմ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք արժանի են քննարկման, բայց մենք չենք կարող իրացնել մեր իրավունքը, քանի որ սահմանափակում կա: Հարգելի' գործընկերներ, իմաստը որն է սահմանափակումներով աշխատելու, օրումեջ բողոքի ակցիաներ են կազմակերպվում խորհրդարանի դիմաց, կառավարության դիմաց, եկեք գանք խորհրդարանում քննարկենք ոլորտի ներկայացուցիչների հետ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ում խոսքով, եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա յուրաքանչյուր նստաշրջանում առնվազն կարող է 15 լսում հրավիրվել, քանի որ լսում հրավիրելու իրավասությամբ են օժտված ԱԺ նախագահը, խմբակցությունները ու 11 մշտական հանձնաժողովները:

«Եթե վերլուծենք լսումների պրակտիկան, կտեսնենք որ այնքան էլ ակտիվ չենք, մենք չենք կուտակել այն պրակտիկան, որ ասենք չի հերիքում այս գործիքը, որ իրականացնենք մեր պրակտիկան: Երբեք չի եղել, որ որևէ պատգամավոր լսումների համար դիմի հանձնաժողովներին ու ստանա մերժում»,-ասաց Վարդանյանը` հավելելով, որ հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն:

Նախագիծը ներկայացվեց քվեարկության և չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter