HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երևան համայնքին արված 1 միլիոն և ավելի նվիրատվությունները, ըստ նախագծի, քաղաքապետը պարտավոր է հանրայնացնել

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Այս փոփոխություններով պատգամավորները ցանկանում են համայնքին արված նվիրատվություններն ու նվիրաբերությունները հնարավորինս հրապարակային դարձնել:

Նախագծում նշվում է, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է՝ համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում զետեղելու միջոցով:

Նախագիծը ներկայացրեց պատգամավոր Սոնա Ղազարյանը, ում խոսքով նախագծի առաջինից երկրորդ ընթերցում երկու հիմնական փոփոխություն է կատարվել: Առաջինն այն է, որ համայնքների համար սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի առաջարկը պահպանվել է բոլոր համայնքների համար` բացառությամբ Երևանի:

«Երևանի պարագայում սահմանել ենք, որ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հազարապատիկը (1 միլիոն դրամ, հեղ.) գերազանցող նվիրաբերության պարագայում քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել քաղաքապետարանի պաշտոնական կայքով»,- ասաց Ղազարյանը:

Պատգամավորի խոսքով` սահմանվել է նաև նվիրատուի մասին տեղեկություն հրապարակելու դրույթը, ըստ որի` նման տեղեկատվությունը կարող է հրապարակվել այն պարագայում, երբ նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն: Ըստ Ղազարյանի` խորհրդարանը` որպես օրենսդիր մարմին, պարտավոր է նվիրատուի անձնական տվյալները պաշտպանել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:

«Կարծում եմ` օգտակար նախագիծ է, հաստատվելու դեպքում որոշակի բարելավումներ կմտցնի տեղական ինքնակառավարման համակարգում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter