
Նաիրա Զոհրաբյան. «Քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում` կներեք, թարմացված չէ համակարգը, սպասեք մինչև թարմացվի»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ համավարակի հետևանքների չեզոքացման Կառավարության նախաձեռնած սոցիալական ծրագրերին:
«Կարողացեք տեղորոշել քաղաքացիներին, բա տեղորոշման մի ամբողջ համակարգ էիք մշակել, քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում եք կներեք, թարմացված չէ համակարգը, սպասեք մինչև թարմացվի: Դա քաղաքացու խնդիրը չէ, կարգի բերեք ձեր համակարգերը, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր այս կամ այն ծրագրի շահառու են, կարողանան այդ ծրագրերից օգտվել»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով` գուցե շատերի համար մեկ օրը ոչ մի արժեք չունի, բայց կան մարդիկ, որոնց համար նույնիսկ մեկ օրը կենսական նշանակություն ունի:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ուսման վճարների` Կառավարության աջակցության ծրագրին:
«ՄՈԳ-երի (միջին որակական գնահատական, հեղ.) հետ կապված էնպիսի բարձր շեմ եք դրել… Առանց այդ էլ նման մոգ ունեցողը գերազանցիկ է, բարձր առաջադիմություն ունի և հիմնականում օգտվում է անվճար համակարգից: Հիմա էս ֆորսմաժորային իրավիճակը կապ ունի առաջադիմության հետ, այսինքն` եթե բարձր առաջադիմություն չունի, ուսման վարձերի զեղչման խնդիր չունի»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` այդ մոտեցումն անարդար մոտեցում է ուսանողների հանդեպ:
«Ասում եք անտոկոս վարկ, բա մայր գումարը որտեղից են վճարելու էն ուսանողները, որոնց ծնողները չեն աշխատում ստեղծված վիճակում»,- ասաց նա:
Զոհրաբյանը խոսեց նաև Քրեակատարողական հիմնարկներից իրեն դիմած քաղաքացիների դժգոհությունների մասին:
«Բոլորը հույս ունեին, որ այսօրվանից որոշակի մեղմացումներ կլինի հանձնուքների հարցում, դատապարտյալներն ու կալանավորները կկարողանան քաղցրավենիք ու միրգ ստանալ, որը կարող են գնել բերդի կողքի բուդկից: Եթե կարող են իրենց քարտերով կողքի բուդկից առնել, ինչն է խանգարում, որ թույլատրեն հարազատները հանձնեն նույն միրգն ու քաղցրավենիքը»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել