HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գեղարքունիքի մարզպետն ու Զոլաքարի գյուղապետը Սուրեն Պապիկյանի հանձնարարականը չեն կատարում

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանից այս տարվա փետրվարի 27–ից փորձում ենք ստանալ համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները։ Համայնքապետը չի տալիս դրանք։

Խմբագրությունը Զոլաքար համայնքում հնարավոր չարաշահումների մասին տեղեկություններ էր ստացել, որոնք ստուգելու համար անհրաժեշտ էր ուսումնասիրել նաև համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները։

Զոլաքարի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ «zolaqar.am»-ում հրապարակված չէին ո՛չ ավագանու, ո՛չ էլ համայնքի ղեկավարի որոշումները։ Գրավոր դիմեցինք համայնքի ղեկավարին, նա մեր նամակներին չպատասխանեց։ Նրան նամակով տեղեկացրինք, որ որոշումները տրամադրի, հակառակ դեպքում` ստիպված ենք լինելու դիմել դատարան։ Համայնքի ղեկավար Արման Ղազարյանն անդրդվելի էր՝ այդ գրությանն էլ չպատասխանեց։

Համայնքների ղեկավարների և ավագանու որոշումները սովորաբար հրապարակվում են նաև մարզպետարանների կայքերում։ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում Զոլաքար համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները հրապարակված չէին։ Մարզի գրեթե բոլոր համայնքների որոշումները կան, բացի Զոլաքարից և ևս մի քանի համայնքներից։

Դատարան դիմելուց առաջ գրությամբ դիմեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ ակնկալելով, որ նրա միջամտությունից հետո` մինչև դատական փուլը, հնարավոր կլիներ ստանալ որոշումները։ Սուրեն Պապիկյանին դիմելուց հետո Զոլաքարի գյուղապետարանի կայքում սկսեցին հայտնվել համայնքի ղեկավարի շատ քիչ քանակությամբ որոշումներ, ավագանու որոշումները չկան։

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, որը նախկին գրեթե բոլոր մարզպետների ժամանակ նույն պաշտոնին է եղել, ինչպես Զոլաքարի գյուղապետ Արա Ղազարյանը, մեզ գրավոր հայտնել է, թե իբր տրամադրում է համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները։ Սևակ Խլղաթյանն իր գրության մեջ նշել է․ «Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Զոլաքար համայնքի ղեկավարին հասցեագրված գրության՝ ձեզ եմ ուղարկում Զոլաքար համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները»։

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն այդպես էլ չի տրամադրել համայնքի ավագանու որոշումները, այլ ընդամենը կցել է համայնքի ղեկավարի մի քանի որոշում։

Արձանագրում ենք, որ նույնիսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարականից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը չեն տրամադրում Զոլաքար համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները։ Կարող ենք միայն ենթադրել, որ Գնել Սանոսյանն ու Արման Ղազարյանն ընդհանուր շահ ունեն այդ որոշումները չտրամադրելու հարցում։

Մեկնաբանություններ (1)

Վարդան
Ձեր տեղադրված նյութն ինձ հետաքրքրեց. Պատճառահետևանքային կապի մեջ տրամաբանոթյուն կար. Խնդրում եմ ավելի հետևողական լինեք, և հրապարակումներ անել ավելի փաստարկված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter