HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պարենային ապրանքները զգալի թանկացել են, բենզինն ու դիզվառելիքը՝ էժանացել. ապրիլյան գներ 

Ապրիլին պարենային որոշ ապրանքներ Հայաստանում կտրուկ թանկացել են, իսկ բենզինն ու դիզվառելիքը՝ զգալի էժանացել։

Այս տարվա ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. ապրիլը 2019թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 0.9%:  Մարտի համեմատ ևս գնաճը կազմել է 0.9%։ Չնայած սա չի համարվում բարձր գնաճ, սակայն երբ որոշ պարենային ապրանքներ դիտարկում ենք առանձին, ապա տեսնում ենք, որ էական թանկացում է գրանցվել այդ ապրանքների շուկաներում։ 

Իսկ այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ սպառողական շուկայում գրանցվել է 0.1% գնաճ։

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի  (ՀՀ ՎԿ) այսօր հրապարակած տվյալներից, այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնանկում։ Սակայն, 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.8% գնաճ: 

Մարտի համեմատ էական թանկացում է նկատվել կարագի, ձեթի, ալյուրի, բրնձի, ոլոռի, ոսպի ու մակարոնեղենի շուկայում։ Թանկացման տեմպով «բացարձակ առաջատարը» ոսպն է։  

Այսպես, ապրիլին մարտի համեմատ՝ կարագի գինն աճել է 2.9%-ով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը ՝6%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով: 

Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5%-ով, այդ թվում ձավարինը՝ 6.5%-ով, հնդկաձավարինը՝ 19.3%-ով: 

Մրգի ապրանքախմբում այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ արձանագրվել է 9.2% գնաճ, իսկ այս տարվա մարտի համեմատ` 8.3% գնաճ: Ընդհանուր առմամբ, մրգի և բանջարաեղենի շուկայում ամենաշատը թանկացել են սոխը, կիտրոնը, կաղամբն ու սխտորը։

2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 7.4% գնաճ, այդ թվում, շաքարավազի գնաճը կազմել է 9%:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 3.3% գնանկում, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 4.2% գնաճ: 

Ձվի գինը 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ նվազել է 17.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 19.8% գնաճ: 

2020թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2% գնաճ: 

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ՝ արձանագրվել է 6.5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.7% գնանկում: 

Ոչ պարենային ապրանքներ 

Այս տարվա  ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.1%, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.6% գնաճ: 

Ապրիլին մարտի համեմատ մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 0.6%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.9%-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 1%-ով, հագուստինը և տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 5.2%-ով:

Բենզինը մարտի համեմատ՝ 17.1% էժանացել է

Ըստ Վիճկոմիտեի հաշվարկների՝ այս տարվա ապրիլին մարտի համեմատ՝ հանրապետությունում գրանցվել է բենզինի 17.1% էժանացում։ Դիզելային վառելիքն էլ էժանացել է 9.2%-ով։ 

Իսկ 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ՝ բենզինի և դիզելային վառելիքի գները համապատասխանաբար նվազել են 21.5% և 17.0%-ով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter