
Ախթալայի քաղաքապետն ավելի խիստ է լինելու լեռնահարստացման կոմբինատի նկատմամբ
Հարցազրույց Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ
Պարոն Խաչիկյան, «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների` լրատվամիջոցներին ուղղված բաց նամակում Հայկ և Վազգեն Խաչիկյան եղբայրները մեղադրվում են ԼՀԿ-ի սեփականատիրոջ դեմ կազմակերպված հավաքներին մասնակցելու մեջ: Կարծում եմ` այս ենթատեքստում պետք է հասկանալ նաև կազմակերպելը: Ինչպե՞ս եք վերաբերում այս մեղադրանքին:
Բանվորների կողմից բարձրացված խնդիրները լուծելու փոխարեն, ԼՀԿ-ի ղեկավարությունը փորձում է չեզոքացնել այն ուժը, որն այսօր կանգնած է կոմբինատի բանվորների կողքին: Այդ ուժը քաղաքապետն ու քաղաքապետարանն է: Իրենք փորձում են նաև ստեղծված իրավիճակում ապատեղեկատվության միջոցով խնդիրը քաղաքականացնել, իբր թե ԼՀԿ-ի աշխատողների դժգոհությունները Խաչիկյանների նախաձեռնություն է, բայց եթե 100 հոգի ՀՀ նախագահին ուղղված դիմումի տակ ստորագրել են, մտավախություն ունենալով, որ ստորագրելու համար իրենց աշխատանքնից կազատեն, էլ Խաչիկյաններն այստեղ ի՞նչ պետք է անեին: Բացի այդ, քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտավոր է համայնքային շահերին վերաբերող ցանկացած հարցով զբաղվել: Այդ պատճառով էլ ես մասնակցում եմ այդ հավաքներին: Բացի այդ, ես այսուհետ իմ պարտադիր լիազորությունները կատարելու եմ այնպես, ինչպես մինչև հիմա չեմ կատարել: Այսինքն` շատ ավելի խիստ եմ լինելու:
Որտե՞ղ է դրսևորվելու Ձեր խստությունը:
ԼՀԿ ՓԲՆ արդեն տարիներ շարունակ չի կատարում իր պարտավորությունները կոմբինատի աշխատողների և համայնքի նկատմամբ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը դժգոհ են ԼՀԿ-ի սեփականատիրոջից: Ստեղծված խնդիրները երեկ կամ այսօր չեն առաջացել: Դրանք գոյություն ունեն տարիներ շարունակ: Պարզապես բանվորական կոլեկտիվը այլևս չի կարողանում դիմանալ: Մարդիկ աշխատում են մի ձեռնարկությունում, որը զբաղված է ընդերքօգտագործմամբ և ներքին ռեսուրսների արտահանմամբ, և այսօր աշխատողները անհանգստացած են` այդ ընկերության ապագայի հետ կապված:
Հատկապես ինչի՞ հետ են կապում այդ անհանգստությունները:
Ընկերությունը կոմբինատում ներդրումներ չի կատարում: Ես համարում եմ, որ ԼՀԿ-ի բանվորական կոլեկտիվի կողմից բարձրացված խնդիրները արդարացի են, և արդարացի է իմ կողմից բանվորական կոլեկտիվին ցուցաբերվող աջակցությունը: ԼՀԿ-ում աշխատողները իմ ղեկավարած համայնքի բնակիչներն են: Ինձ` որպես համայնքի ղեկավարի, անհանգստացնում են այն պայմանները, որտեղ աշխատում են համայնքի բնակիչները, ինձ անհանգստացնում է Ախթալայի ներհամայնքային ճանապարհների խնդիրը, որովհետև ՀՀ կառավարությունը և համայնքը 502 մլն դրամի ներդրումներ են կատարել այդ ճանապարհների կապիտալ վերանորոգման վրա, Իսկ ԼՀԿ-ի ծանրաքաշ, հանքաքար տեղափոխող մեքենաները շարքից հանում են այդ ճանապարհները: Ինձ անհանգստացնում է համայնքի բնապահպանական վիճակը: Ինձ անհանգստացնում է այն արտագաղթը, որ սկսվել է Ախթալայում` հունվար և փետրվար ամիսներին: Այս երկու ամիսներին արդեն 30 ախթալացիներ մեկնել են արտագնա աշխատանքի: Եվ ես անուններով գիտեմ, թե դեռ էլի ովքեր են պատրաստվում մարտ ամսին մեկնել համայնքից: Ախթալայում 3 հազար բնակիչ է ապրում, և պատահական չէ, որ ես տիրապետում եմ ամբողջ ինֆորմացիային: Մեզ համար կարևոր արժեքը մարդն է, և այն ընդերքը, որ օգտագործվում է մեր համայնքի վարչական տարածքում: Մարդիկ ապագա չեն տեսնում և մեկնում են արտագնա աշխատանքի: Վաղը շատերը ընտանիքներով կտեղափոխվեն: Այսպես որ գնա, համայնքը կդատարկվի:
Երբվանի՞ց եք սկսել աջակցել ԼՀԿ-ի բանվորներին:
Գիտեք, իմ աջակցությունը բանվորական կոլեկտիվին չէր լինի, եթե ԼՀԿ-ի բանվորները ինձ չդիմեին որպես քաղաքապետ իմ աջակցությունը ստանալու համար:
Ձեր կարծիքով, ԼՀԿ-ի սեփականատերը որքա՞ն կարող է բարձրացնել բանվորների աշխատավարձը:
Ես ԼՀԿ-ի ֆինանսական հնարավորություններին չեմ տիրապետում, որ կարողանամ Ձեր հարցին պատասխանել: Բանվորները համենատություներ են անում Ստեփանավանի «Սագամար» ընկերության հետ: Այնտեղ նույն ֆլոտատորը ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան մեր ԼՀԿ-ում: Ըստ բանվորների տեղեկատվության` «Սագանարի» ֆլոտատորները ստանում են 135-145 հազար դրամ, իսկ մեզ մոտ ստանում են 80-90 հազար դրամ: Բացի այդ, բանորները տեղեկացել են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում, բացի աշխատավարձից, բանվորներին լրացուցիչ սնունդ են տալիս: Մարդիկ համեմատության մեջ հարց են տալիս. Ինչպե՞ս է ստացվում, որ Ախթալայի ԼՀԿ-ն տարիներ շարունակ շահույթով աշխատում է, իրենց պայմանները մնում է նույնը, ինչ եղել է 10 տարի առաջ, իսկ մյուս ձեռնարկությունը գործարկվել է ամիսներ առաջ, ավելի լավ պայմաններ է առաջարկում իր բանվորներին:
Հիմա, պրն քաղաքապետ, Ձեր պայքարը ո՞ր փուլում է:
Ես նկատում եմ, որ այս պահին բանվորությունը սկսել է մտածել ԼՀԿ-ում արհմիութենական կազմակերպություն ստեղծելու մասին: Երբ արհմիությունը կստեղծվի և կզբաղվի բանվորների խնդիրներով, այն շահարկումները, որոնք ուղղվում են Խաչիկյան եղբայրների դեմ, կարծում եմ, կվերանան: Ես և Վազգենը այդ ժամանակ զերծ կմնանք այդ շարժումներից: Այդ ժամանակ քաղաքապետի իմ խստությունները ԼՀԿ-ի նկատմամբ ես կկիրառեմ համայնքային խնդիրներում:
Դուք` որպես քաղաքապետ, Մադլեն Թաշճյանի հետ ստեղծված իրավիճակը քնարկել ե±ք:
Ես համայնքի բոլոր հրատապ հարցերով տիկին Մադլենին դիմել եմ գրավոր: Խոստովանում եմ, որ տիկին Մադլենի հետ մենք այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չենք: Պատճառը մեկն է. երբ ձերբակալեցին Սերոբ Տեր-Պողոսյանին, մարդիկ սկսեցին տարածել, որ Սերոբը պարկեշտ անձնավորություն է, այդ գործը սարքեցին Խաչիկյանները: Մադլեն Թաշճյանն էլ պատասխանեց. «Այդ ախթալացիները, այդ անաղուհացները»: Այս հայտարարություններից հետո դժվարացել եմ տիկին Թաշճյանից հանդիպում պահանջել: Բայց այսօր էլ ես պատրաստ եմ, համայնքի շահերից ելնելով, տիկին Մադլենի հետ նստել քննարկման, եթե դա նա էլ ցանկանա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել