
Կառավարությունը կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար հետադարձ ուժ է տվել հունվարից ծագած գնման գործարքներին
Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում կառավարությունն այս տարվա մարտի 12-ին որոշում է ընդունել, որով հեշտացվել են գնման գործընթացները: Նշված նպատակով իրականացված մեկ անձից գնումներն այլևս չեն սահմանափակվում գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետով՝ 30 օրացուցային օրով, չեն իրականացվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Գործարքները կարող են կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով նաև հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա, ինչպես նաև բացառիկ դեպքերում՝ առանց վերջիններիս առկայության:
Ուշագրավն այն է, որ կառավարության որոշման պահանջները տարածվում են 2020թ. հունվարի 25-ից ծագած գործարքների վրա: Ըստ էության, կառավարության որոշումը հետադարձ ուժ է ստացել, ինչը, կասկածից բացի, մեծ ռիսկեր է պարունակում:
Դեռևս ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կառավարություն հարցում էինք ուղարկել՝ խնդրելով պատասխանել, թե ինչով է պայմանավորված կառավարության որոշմանը հետադարձ ուժ տալու անհրաժեշտությունը, ինչու՞ է ընտրվել հենց հունվարի 25-ը, ի՞նչ թվաբանական տվյալներ են հիմք ընդունվել, որով պայմանավորվել է որոշման ընդունման անհրաժեշտությունը՝ տալով հետադարձ ուժ և այլն: Մեր գրությունը վերահասցեագրվել է առողջապահության և էկոնոմիկայի նախարարություններին:
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալը պատասխանել է, որ նշված որոշման նախագիծը կառավարության քննարկմանն իրենք չեն ներկայացրել, ուստի չեն կարող հարցերին պատասխանել: Իսկ առողջապահության նախարարությունից խնդրել են 30-օրյա ժամկետ:
Նշենք, որ կառավարության մարտի 12-ին ընդունած վերոնշյալ որոշումը վերաբերում է պետական կառավարման մարմինների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից մեկ անձից գնման ձևով իրականացվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման դեպքերին:
Փաստաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է իրավաչափ կառավարության որոշմամբ հետադարձ ուժ տալը նման հարցին: Փաստաբանը նշեց՝ սովորաբար, հետադարձ ուժ տալով՝ միշտ հարցեր են առաջանում կանխատեսելիության վերաբերյալ:
«Ստացվում է, որ կառավարության այդ որոշումը բխում է հրատապությունից, իսկ հետադարձ ուժով չես կարող որոշել՝ հրատապ է, թե ոչ: Տեղում, այդ պահին են որոշում՝ առաջիկա գնումը հրատա՞պ է, թե ոչ: Ինչպե՞ս պետք է որոշել, օրինակ, մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած գնումը, որը վարչարարություն է, հրատա՞պ էր, թե ոչ: Ստացվում է՝ կարգավորման տրամաբանության մեջ չի մտնում»,-նշում է Արա Ղազարյանը:
Փաստաբանի խոսքով՝ հրատապությունը որոշվում է անմիջապես կամ առաջիկայում կատարվող վարչարարության վերաբերյալ, և դրան հետադարձ ուժ տալով՝ հակասություն է առաջանում օրենքի տրամաբանության առումով:
«Վարչարարության տեսանկյունից արդեն խախտում է, քանի որ վարչարարությունն ունի հիմնարար սկզբունք, ըստ որի՝ վարչարարությունը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և համաչափ: Ստացվում է՝ այդ որոշումը, որով սահմանվել է, որ նախկինում տեղի ունեցածը հրատապ էր, չի դիմանում ստուգողական թեստին»,-հավելում է փաստաբան Ղազարյանը:
Նա նշեց, որ կառավարության այդ որոշումը ռիսկեր է պարունակում, օրինակ՝ ինչ-ինչ իրավական գործընթացներ սրբագրելու, գուցե նրա համար, որ այլևս հնարավոր չէ post factum հիմնավորել, որ հրատապություն կար, կամ ինչու գնումը կատարվեց մեկ անձից:
Արա Ղազարյանը նաև սահմանադրականության խնդիր է տեսնում, քանի որ առաջացնում է անկանխատեսելիություն, ինչը տանում է անիրավաչափության:
Կառավարության այդ որոշմամբ պետական կառավարման մարմինների ղեկավարները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարզպետարանների իրականացրած միջոցառումներից հետո Առողջապահության նախարարություն պետք է ներկայացնեն իրականացված փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն, նույնը առաջարկվում է անել նաև Երևանի քաղաքապետին:
Մեկնաբանել