
Բագրատաշենցիները համայնքապետից պահանջում են իրենց վճարած հարկերը ծախսել Բագրատաշենի զարգացման նպատակով
Բագրատաշենի բնակիչ Վահագն Դավթյանը Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանից տեղեկություն է պահանջել Բագրատաշենի հարկատուների հարկերի ծախսերի մասին: Վահագն Դավթյանը համայնքի բյուջե իր ավտոմեքենայի համար տարեկան 155 հազար դրամ գույքահարկ է վճարում եւ ցանկանում է իմանալ ինչի վրա են ծախսվում իր եւ համագյուղացիների հարկերը։
Բագրատաշենը Այրում համայնքի կազմում է եւ 2019թ.-ին Բագրատաշենի հարկատուները 25 մլն դրամ հարկ են վճարել Այրում համայնքի բյուջե, որից 12 մլն դրամը կազմել է գույքահարկը:
Համայնքապետ Արայիկ Պարանյանը Վահագն Դավթյանին բանավոր պատասխանել է, որ նախորդ տարի համայնքի բյուջեից 12 մլն դրամ է հատկացվել Բագրատաշենի գյուղամիջյան ճանապարհների փոսանորոգումների համար:
Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանի խոսքով` նախորդ տարի փոսանորոգումներ են արվել գյուղի 1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցներում: Սարգիս Անտոնյանն ասում է, որ այդ ճանապարհները ասֆալտապատ են եղել, նոր կատարված ասֆալտը փրկելու համար է 12 մլն դրամով փոսանորոգումներ կատարվել ճանապարհի վրա: Վահագն Դավթյանը պնդում է, թե ինքը և համագյուղացիները գույքահարկ են վճարում, ինչու պետք է Բագրատաշենի անանցանելի ճանապարհներին իրենց ավտոմեքենանները շարքից դուրս գան:
«Անձամբ ես այնքան եկամուտ չունեմ, որ կարողանամ ընտանիքս պահել և ամեն օր վնասված ավտոմեքենաս վերանորոգել»,- բացատրում է Վահագնը: Նա պահանջում է գյուղի հարկատուների հարկերով վերանորոգել Բագրատաշենի գոնե գյուղամիջյան կենտրոնական ճանապարհները: Վ. Դավթյանը համայնքապետ Ա. Պարանյանին մոտ մեկ ամիս առաջ հրավիրել է գյուղի 2-րդ թաղամաս, որտեղ ապրում է նաև իր ընտանիքը: Ա. Պարանյանը ծանոթացել է ճանապարհի վիճակին և խոստացել է երկուշաբթի օրվանից սկսել թիվ 2-րդ փողոցի ճանապարհի նորոգումը: Երկուշաբթին անցել է՝ համայնքապետը չի կատարել իր խոստումը: Վահագնը հասկացել է, որ անիմաստ է հույսեր կապել համայնքապետ Արայիկ Պարանյանի հետ: Նա 25 հազար դրամով ավազ է առել ու իր ուժերով շատ թե քիչ բարեկարգել է թիվ 2-րդ փողոցի ճանապարհը:
«Ամբողջ ճանապարհները ցեխ ու փոսեր են: Թող մեր հարկերով մեր գյուղի ճանապարհները վերանորոգեն»,- պնդում է Վահագն Դավթյանը: Վերջինս մեզ հետ զրույցում կարևորեց նաև Բագրատաշենի փողոցների լուսավորության, գյուղացիների տների գազիֆիկացման, և գյուղի խմելու ջրի որակի ապահովումը:
Վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանի ասելով` 5 տարի առաջ Բագրատաշենում անցկացված գազատարը գյուղացիների տներից հեռու է, որի պատճառով գյուղի 730 ընտանիքներից 160 են օգտվում գազից: Սիլվա Իվանյանն ասում է, որ գազատարից 200 մետր հեռու գտնվող իր տունը գազիֆիկացնելու համար գազի ծառայության աշխատողները 500 հազար դրամ են պահանջում:
«Միայն մեր թաղամասում 30 ընտանիք կա, որոնք չեն կարողանում գազ քաշել իրենց բնակարանները»,- ասում է Վ. Դավթյանը:
Վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը ասաց, որ վարչական շենքում պահեստավորված են փողոցային լուսավորության լարերն ու լամպերը, լուսավորության աշխատանքերը սկսելու համար մնացել է ձեռք բերել լուսակետերի սյուները: Գյուղամիջյան ճանապարհների անբարեկարգ վիճակի, չլուսավորվող փողոցների, գյուղի խմելու ջրի անվտանգության և գյուղացիներին հուզող այլ հարցերի մասին պարզաբանումներ ստանալու համար Վահագն Դավթյանը և գյուղի մյուս երիտասարդները մայիսի 6-ին Բագրատաշեն էին հրավիրել համայնքապետ Արայիկ Պարանյանին:
Համայնքապետի գյուղ գալուց 20 րոպե հետո Բագրատաշենի հրապարակ մտավ լուսավորության սյուների համար անհրաժեշտ խողովակներով բեռնված մեկ բեռնատար: Ձեռքով ցույց տալով բեռնատարը՝ Ա. Պարանյանը հրապարակում հավաքվածներին խոստացավ տեղադրել ոչ միայն Բագրատաշենի, այլ համայնքի բոլոր բնակավայրերի պակաս լուսակետերը:
«Մի քանի օրից հետո էդ խողովակները կծախեք»,- ասաց Կառլեն Գրիգորյանը: Հավաքվածները ծիծաղեցին: Համայնքապետը պահանջեց անպատասխանատու հայտարարություն չանել: Վերադառնալով գյուղամիջյան ճանապարհներին` Ա. Պարանյանը բացատրեց, որ այս պահին ոչ միայն Այրում, այլ ոչ մի այլ համայնք ի վիճակի չէ ասֆալտապատման աշխատանքներ կատարել ներհամայնքային կամ գյուղամիջյան ճանապարհների վրա, քանի որ Կառավարությունը միայն միջպետական ճանապարհների համար է ֆինանսներ հատկացնում ու վերանորոգում:
Գյուղամիջյան ճանապարհների խճապատման մասին Սամվել Նալբանդյանի պահանջին Ա. Պարանյանը պատասխանեց, թե հարմար գրունտ չունեն: Գրունտը կլինի, եթե Դեբեդի ափից կարողանան ավազ բերել: Արայիկ Պարանյանի ասելով՝ սահմանապահները թույլ չեն տալիս գետից ավազ տեղափոխել բնակավայրեր: Համայնքապետը հավաքվածներին հայտնեց, որ 150 խմ քերված ասֆալտ է տեղափոխվել Ալավերդուց: Խոստացավ դրանով հարթեցնել Բագրատաշենի գյուղամիջյան առավել անանցանելի ճանապարհների որոշ հատվածներ:
Սամվել Նալբանդյանը համայնքապետին հարցրեց, թե Դեբեդից սնվող գյուղի ոռոգման ջրատարը մաքրելու գործում, Այրումի համայնքապետարանի վրա որևէ պարտավորություն դրվա՞ծ է եղել, թե ոչ։ «Բա ջրատարի վրա արածը, արած էր: Էդ 10 տարվա կանալիզացիայի կեղտը հանեցին, լցրին ճանապարհների կողքը: Այսօր անձրևաջրերը էդ կեղտը լցնում են ներքևի թաղամասերը: Ջրատարը մաքրելուց հետո հնարավոր չէ՞ր մի հատ տեխնիկա տրամադրել, որ էդ կեղտը փողոցներից հեռացվի: Դա տեղով խոլերայի բուն է»,- ասաց Սամվել Նալբանդյանը: Վերջինս համայնքապետին նաև հիշեցրեց, որ ապահովված չէ նաև ոռոգման ջրատարի անվտանգությունը:
«Ախպեր ջան, ես էլի եմ ասում, ՋՕԸ-ին բերեք էդ հարցերը լուծի»,- պատասխանեց Արայիկ Պարանյանը:
«ՋՕԸ-ից հազար անգամ մարդ կանչեցինք, մեկը չեկավ, տեսնենք` ինչ են անում»,- հակադարձեց Ս. Նալբանդյանը:
«Հիմա համ ուզում եք լավ բան անենք, համ չեք ուզում հետևանքներ լինի: Էս 10 տարի է էդ ջրատարը չէր մաքրվել»,- նեղսրտեց Ա. Պարանյանը:
Արմո Գաբրիելյանը համայնքապետից պահանջեց լուծել գյուղի խմելու ջրի անվտանգության հարցը: «Շուրջօրյա Ստեփանավանի ջուր եք խմում, խմելու ջրի ի՞նչ հարց ունեք»,- հարցրեց Ա. Պարանյանը: Տարեց Ռուբիկ Անդրեսյանը դժգոհեց, որ ջուրը խմելուց հետո փորը ցավում է: Ա. Պարանյանը ջրի հարցում էլ մեղադրեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին: Արմո Գաբրիելյանը առարկեց. «Էդ հարցը ո՞վ պետք է շտկի, եթե ոչ դուք: Երբ Ստեփանավանի ջուրը նոր միացրել էին, այն ժամանակվա ու ներկայիս ջրի համը շատ տարբեր է»,- ասաց Արմոն և պահանջեց «Վեոլիա ջուր» կազմակերպությունից մասնագետ կանչել, խմելու ջրի նմուշը լաբորատորիա տանելու համար:
«Մարդը մահանում է չեն կարողանում տեղափոխել գերեզմանոց: Էդ ճանապարհի 50-100 մետր մի հատ կարգավորեք, մի հարց լուծեք գոնե: Մի հատ տեխնիկա ուղարկեք, գա էդ ճանապարհը քերի»,- ասաց Սամվել Նալբանդյանը: Ու մինչ Արայիկ Պարանյանը կպատասխաներ հարցին, Բագրատաշենում անձրև տեղաց: Հրապարակում հավաքվածները ցրվեցին: Վահագն Դավթյանը հայտնեց, որ իրենց պահանջները ուղարկելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մեկնաբանել