
Էդմոն Մարուքյան. «Այն, ինչ տեղի է ունեցել մեր խնդիրն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է»
Խորհրդարանը ծեծկռտուքից հետո շարունակում է իր աշխատանքները: ԱԺ ամբիոնին մոտեցավ Էդմոն Մարուքյանը, քանի որ նրա ելույթն ընդհատվել էր:
«ԱԺ հարգելի նախագահություն, հարգելի Կառավարություն, գործընկերներ, իմ ելույթը այլևս չեմ կարող շարունակել, բայց մի քանի բան ունեմ ասելու: Տեղի ունցած միջադեպից անցել է մոտ երեք ժամ և ավելի, բայց մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգին»,- ասաց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ` այդ միջադեպի պատճառով ոտնահարվել են ժողովրդավարության և հեղափոխության հռչակած արժեքները: Ըստ նրա` Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է եղել, քանի որ առաջին անգամ խմբակցության ղեկավարին հարվածներ են հասցրել:
«Խփել են հետևից, կողքից, բայց ինչ եղել, քաղաքական է եղել, և պետք է ունենա քաղաքական գնահատական, ակնկալում ենք իշխող խմբակցությունից, Հայաստանի քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից լայն քաղաքական գնահատականներ, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով` միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ:
«Այն, ինչ տեղի է ունեցել մեր խնդիրն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է: Մենք կլքենք նիստերի դահլիճը և կախված քաղաքական գնահատականներից եզրահանգումներ կանենք, թե ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,- ասաց Մարուքյանը:
Ինչից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից:
Տեղեկացնենք, որ դահլիճում ներկա է նաև Սասուն Միքայելյանը: Չնայած ԱԺ կանոնակարգի խախտում էր եղել` Միքայելյանը վիրավորանք էր հասցրել ու ապտակել ելույթ ունեցող Մարուքյանին, սակայն որևէ կարգապահական սանկցիայի մասին ԱԺ նախագահը չխոսեց:
Մեկնաբանել