«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անընդունելի է համարում Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած տհաճ
միջադեպը: Նմանատիպ իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական
մշակույթի և ժողովրդավարության տրամաբանությանը: Խորհրդարանական կառավարման
համակարգի անցած երկրում բռնությունը պետք է մերժվի և ցանկացած հարց, հատկապես
օրենսդիր մարմնում, պետք է լուծվի ոչ թե ուժով, այլ քաղաքակիրթ երկխոսության,
հարկ եղած դեպքում նաև առողջ քննադատության ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան»
կուսակցությունը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի,
հանդուրժողականության և կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում:
Նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն:
Հատկապես հիմա, երբ երկրում համաճարակային իրավիճակ է, արտակարգ դրություն,
տնտեսական ճգնաժամ, և առանց այն էլ եղած բազմաթիվ խնդիրներին ավելացել են նորերը,
յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի միավորել ջանքերը՝ առկա մարտահրավերներին
դիմակայելու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և մարդկանց սոցիալական ծանր
վիճակը մեղմելու ուղղությամբ: Այս ամենը պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար
Մեզանից յուրաքանչյուրը, իր մեջ բացառելով նմանօրինակ դեպքերը, այլևս պետք է լծվի մեկ
գործի՝ աշխատել հանուն հայրենիքի բարգավաճման և զարգացման, հանուն ժողովրդի
բարեկեցության»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել