Ուիթնի Հյուսթոնի մահվան հետաքննությունը մոտենում է ավարտին
Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահը հետաքննող քննիչներն արդեն հասցրել են կապ հաստատել այն բոլոր բժիշկների ու դեղատների հետ, որոնք առնչություն են ունեցել Հյուսթոնի հետ, և մինչև այժմ ձեռք բերված տեղեկությունները վկայում են, որ երգչուհու մահվան մեջ որևէ քրեական բան չկա: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներ:
Ոստիկանությունն, այնուամենայնիվ, դեռ ուսումնասիրում է հավելյալ բժշկական փաստաթղթեր, որոնք կօգտագործվեն Հյուսթոնի մահվան պաճառը վերջնականապես որոշելու մեջ: Երգչուհու մարմնի թունաբանական հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն մարտի 23-ին կամ մի քանի օր ավելի ուշ:
48-ամյա Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին Կալիֆորնիայի Beverly Hilton հյուրանոցի իր համարում: Այս օրը ոստիկությունն ու հրշեջներն ահազանգ ստացան, որ հյուրանոցի իր սենյակի լոգասենյակում հայտնաբերվել է երգչուհու անկենդան մարմինը: Մի քանի ժամ անց Հյուսթոնը հյուրանոցում պետք է մասնակցեր «Գրեմմին» նախորդող երեկույթին:
Անցյալ ամիս Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհու մարմնի վրա չեն եղել բռնության ու վնասվածքների տեսնելի հետքեր: Հետաքննության վերաբերյալ այլ պաշտոնական տվյալներ դեռևս չեն հրապարակվել՝ նախաքննության շահերից ելնելով. մի բան, որ հաճախ է տեղի ունենում հայտնի անձանց հետ կապված գործերի հետաքննությունների ժամանակ:
Անցյալ ամիս Լոս Անջելեսի ոստիկանությունը հերքեց այն ենթադրությունները, թե Հյուսթոնի մահվան մեջ մեծ դեր է խաղացել թմրամիջոցերից կամ դեղերից գերդոզավորումը: Ըստ ոստիկանության՝ հյուրանոցի համարում հայտնաբերվել են ոչ մեծ թվով դեղերի շշեր, և այդ քանակության դեղերով հավանական չէ գերդոզավորում ստանալ:
Չնայած տեղեկություններին, թե Հյուսթոնի խեղդվել է կամ գերդոզավորում ստացել՝ ոստիկանությունը նշել է, որ երգչուհու մահվան պատճառը վերջնականապես հայտնի կդառնա միայն բոլոր փորձաքննությունների ավարտից հետո:
Կյանքի վերջին տարիներին Ուիթնի Հյուսթոնը պայքարում էր թմամիջոցներից ու ալկոհոլից կախվածության դեմ: Իր կարիերայի ընթացքում երգչուհին շահել է 6 «Գրեմմի» և վաճառել 170 մլն ձայնասկավառակ ու տեսասկավառակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել