
«Միգուցե Ձեզ չեն զեկուցում, չգիտեմ»․ բաց նամակ Ռուստամ Բադասյանին
Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին
Հարգելի պարոն Բադասյան, յուրաքանչյուր դրական, նույնիսկ հեղափոխական թվացող փոփոխություն դատապարտված է նույն ճակատագրին` օրենքի առաջ քաղաքացիների անհավասարությանը, նույնիսկ այդ խնդրի է՛լ ավելի խորացմանը, երբ բացակայում են փոփոխությունների իրականացման հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքի գերակայության սկզբունքի կենսունակությունը:
Խնդիրները, որոնք այսօր ներկայացնում եմ արդեն բաց նամակի տեսքով, Ձեզ հայտնի են` բազմիցս բարձրաձայնել եմ, գրավոր դիմել անձամբ Ձեզ` ներկայացնելով հիմնավորված առաջարկներ, սակայն մինչ օրս լուծումներ չեն տրվում, այլ նախորդ իշխանությունների նման` փափուկ բարձի քաղաքականություն է վարվում` ամեն բան գցելով հեռավոր ապագայի վրա, այլ ոչ թե քայլեր ձեռնարկելով` օրենքի առաջ բոլորի հավասարությունը ապահովելու ուղղությամբ: Միգուցե Ձեզ չեն զեկուցում, չգիտեմ: Հուսով եմ, որ այս բաց նամակս կընթերցեք:
2019թ. ամռանը կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն, ցմահ ազատազրկված անձը կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ 15 տարի պատիժը կրելուց հետո, կիսաբաց`18 տարի անց և բաց տիպի ուղղիչ հիմնարկ` 20 տարի անց: Այսինքն` 20 տարի և ավելի պատիժ կրող ազատազրկվածներս արդեն կարող ենք տեղափոխվել բաց տիպի ուղղիչ հիմնարկ, սակայն նույնիսկ մեկ փուլի իրականացումը, օրինակ` փակից` կիսափակ, տևում է գրեթե մեկ տարի, քանի որ մինչ օրս կարգը հստակ կանոնակարգված չէ: Հիշյալ օրենքը ակնհայտ մեղմացնող է և այն ունի հետադարձ ուժ, իսկ արդարության, մարդասիրության, օրինականության սկզբունքներից ելնելով` այն պետք է որ սեղմ ժամկետներում, առանց անհարկի ձգձգումների կիրառվեր հատկապես այն ցմահ ազատազրկվածներիս նկատմամբ, ովքեր արդեն պատիժ ենք կրում 20-27 տարի, որի զգալի ժամանակահատվածը ծայրաստիճան անմարդկային պայմաններում` զրկված լինելով զբոսանքից, արևի լույսից, երկարատև տեսակցություններից, տարրական հիգիենայի պայմաններից և այլն:
2012թ. մարտի 14-ին Հրայր Թովմասյանի հրամանով սահմանվել է Տեղաբաշխման հանձնաժողովի գործելու կարգը, որտեղ առհասարակ ամրագրված չեն հստակ ժամկետներ` ո՛չ ՔԿՀ պետի կողմից միջնորդագրի ներկայացման, քննարկման և որոշում ընդունելու (օրինակ՝ սահմանվի, որ միջնորդագիրը Հանձնաժողով պետք է ներկայացվի 15 օրում, իսկ Հանձնաժողովն այն պիտի քննարկի ստանալուց հետո մեկամսյա ժամկետում), ո՛չ քննարկման հետաձգման վերաբերյալ: Այսինքն` Հրայր Թովմասյանի սահմանած կարգը Հանձնաժողովին թույլ է տալիս մի դատապարտյալի տեղափոխման հարցը քննարկել և լուծել, օրինակ`10 օրվա մեջ, իսկ մեկ այլ դատապարտյալի վերաբերյալ, առանց որևէ հիմնավորման, ձգձգել նույնիսկ մեկ տարի: Հանձնաժողովի համար նաև չկան սահմանված ոչ մի հստակ չափորոշիչներ, թե երբ կարող են փոխել մեկուսացվածության աստիճանը: Այսինքն`չափազանց լայն հայեցողություն է տրված, որը, ըստ էության, սահմանափակված է նրանով, որ պետք է հիմք ընդունեն դատապարտյալի դրսևորած դրական վարքագիծը (հոդված 102 մաս 1): Սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ «դրական վարքագիծ» եզրույթն ունի գնահատողական բնույթ:
Պատժի նպատակները, քրեակատարողական օրենսգրքով սահմանված սկզբունքները, դատապարտյալի ուղղման և խրախուսանքի միջոցների վերաբերյալ դրույթների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ դատապարտյալի դրական վարքագծի չափորոշիչներն են` բարեխիղճ աշխատանքը, ուսումը, օրինապահ վարքագիծը, դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, մշակութային, կրոնական, լուսավորչական և մարզական միջոցառումներին մասնակցելը, ստեղծագործական աշխատանքը, այլ հանրօգուտ, վերասոցիալականացմանը նպաստող վարքագիծը և գործունեությունը: Քրեակատարողական համակարգը պետք է նպաստի, խրախուսի դատապարտյալի կողմից դրական վարքագծի դրսևորումը և ապահովի այդ նախադրյալները:
Այսպես, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման հարցում, կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի առաջարկով ներդրվեց բալային համակարգ: Ներկայումս դատապարտյալը, ըստ սահմանված չափորոշիչների, պետք է հավաքի 28 բալ, որպեսզի նրան ներկայացնեն պայմանական վաղաժամկետ ազատման: Հասկանալի է, որ տվյալ պարագայում դատապարտյալի ազատման հարց է, իսկ ռեժիմների պարագայում ընդամենը նվազ մեկուսացվածության հարց և, հետևաբար, հարկավոր է ներդնել բալային համակարգ նաև այս ինստիտուտի կիրառման պարագայում` սահմանելով 28-ից ավելի ցածր շեմեր` համապատասխան այս կամ այն ռեժիմի, ինչը կհեշտացնի նաև Հանձնաժողովի աշխատանքը:
Հաջորդ կարևոր հարցը վերաբերում է արդարադատության մատչելիությանը և ողջամիտ ժամկետներին: Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի նախագահ լինելու օրոք ՍԴ-ն ընդունեց մի որոշում, համաձայն որի դատապարտված անձանց պատժի կատարմանն առընչվող հարցերի լուծումը ընդհանուր իրավասության դատարաններից անհիմն կերպով տեղափոխվեց վարչական դատարանի տիրույթ: Լավ հասկանալով, որ այդ մոտեցումը չի բխում արդարադատության մատչելիության սկզբունքից` կապված վարչական դատարաններում պատժի կատարմանը վերաբերող հարցերի ողջամիտ ժամկետներում քննարկման անհնարինության հետ` ՍԴ-ն այս հարցի վերջնական լուծումը, ինչպես նշված է որոշման մեջ, թողեց Ազգային Ժողովի վրա: ՍԴ-ի այս որոշումը դատապարտյալներիս փաստացի զրկել է արդարադատության մատչելիությունից: Օրինակ` ՔԿՀ-ի կողմից խախտվում է դատապարտյալի ինչ-որ իրավունք, որը շղթայական կերպով զրկում է նրան այլ իրավունքների իրացման հնարավորությունից: Մինչև դատապարտյալը վարչական դատարաններում տարիներ տևող պրոցեսի մեջ է գտնվում իր խախտված իրավունքը վերականգնելու հույսով, շարունակվում են շղթայական կերպով խախտված մնալ և խախտվել այլ բազմաթիվ իրավունքներ: Իսկ նախկինում դատապարտյալը բախվելով ենթադրյալ անօրինությանը`կարող էր պարզ կերպով գրավոր դիմումում շարադրել առաջացած խնդիրը և դիմել ընդհանուր իրավասության դատարան և հնարավորինս սեղմ ժամկետներում փորձել իրացնել իր արդար դատաքննության հիմնարար իրավունքը:
Հարգելի՛ պարոն Բադասյան, 2018թ. մայիսյան իրադարձություններից հետո անցել է 2 տարի: Արդյո՞ք տեղի ունեցան արմատական փոփոխություններ նախևառաջ դատաիրավական համակարգերում: Ես ու իմ ընտանիքը, համոզված եմ` նաև հազարավոր քաղաքացիներ սեփական մաշկի վրա ենք զգում, որ ոչ մի արմատական փոփոխություն տեղի չի ունենում ոչ միայն դատական, այլ նաև դատախազական, քննչական ու ոստիկանական համակարգերում: Արդարադատության հասնելը, ինչպես 30 տարի շարունակ, այդպես էլ այժմ սոսկ պատրանք է, քանի որ շարունակվում է և՛ հովանավորչությունը, և՛ հրահանգների կատարման մեխանիզմը: Այնպես որ, խոսել առհասարակ դատաիրավական համակարգում արդարության, ինչ-որ արմատական փոփոխությունների մասին` կնշանակի կեղծել:
Այսօր Ձեր գլխավորությամբ գործող արդարադատության նախարարության տիրույթում է անհապաղ քայլեր ձեռնարկելը, որպեսզի կանոնակարգվի այս հարցը: Այսպիսով, գտնում եմ անհրաժեշտ և խնդրում եմ անհապաղ քայլեր ձեռնարկել`
- պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ գործող բալային համակարգը կիրառել նաև ռեժիմների փոփոխման ինստիտուտի կիրառման համար`սահմանելով 28 բալից նվազ շեմեր`կիսափակ, կիսաբաց և բաց տիպի քրեակատարողական հիմնարկներ տեղափոխելու համար,
- Տեղաբաշխման հանձնաժողովում միջնորդությունների քննարկման և լուծման հստակ ժամկետներ սահմանել,
- հիմնվելով ՍԴ որոշման վրա` ԱԺ առաջարկ ներկայացնել` հնարավորինս արագ լուծել պատժի կատարման հետ կապված հարցերը ընդհանուր իրավասության դատարանների տիրույթում ամրագրելու վերաբերյալ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով` Մհեր Ենոքյան
Մեկնաբանել