Վարդան Ղուկասյան. «Ես ընդհանրապես «սպեցնազից» հեռու եմ իմ ապրած կյանքով» (վիդեո)
Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Ղուկասյանն այսօր ՀՀԿ-ի համագումարի ընդմիջման ժամանակ լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի ռեյտինգը Գյումրիում «վերին աստիճանի բարձր է»:
«Ո՞նց կարող են գյումրեցիները 23 տարի տնակներում ապրեն եւ չհասկանան, թե ով իրենց բնակարանները, քաղաքը կառուցեց եւ ով քանդեց»,- ասաց Վարդան Ղուկասյանը:
Լրագրողները Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին, թե որն է իր «դրայվը»՝ կեպի՞ն, թե՞ այլ բան, քաղաքապետն էլ պատասխանեց. «Խիղճս չկորցնելն է»: Այնուհետեւ, անդրադառնալով պատգամավոր դառնալու մասին լուրերին, Գյումրիի քաղաքապետը հավելեց. «Ես պատգամավորության հետ կապ չունեմ, ընդհանրապես երբեւիցե չեմ էլ առաջադրի իմ թեկնածությունը, որ դառնամ պատգամավոր»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք գյումրեցիները սիրում են քաղաքապետին: «13 տարի առանց կաշառքի եւ առանց կեղծիքի մենք ընտրվել ենք»,- ավելացրեց քաղաքապետը: Լրագրողներից մեկը հակադարձեց, թե քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով քաղաքապետի թեկնածու է եղել, հայտարարել է, թե Վարդան Ղուկասյանն ընտրվել է «սպեցնազի» օգնությամբ: Այս հարցը դուր չեկավ Վարդան Ղուկասյանին եւ սկսեց ձայնի տոնայնությունը բարձրացնել:
«Ես ընդհանրապես «սպեցնազից» հեռու եմ իմ ապրած կյանքով, իմ ապրած կյանքը դուք գիտեք, ես «սպեցնազերից» հեռու եմ»,-ավելացրեց Վ. Ղուկասյանը եւ հավելեց, որ իր զգացողությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաղթելու է ՀՀԿ-ն: Վարդան Ղուկասյանը բացատրեց, թե ինչպես է նա այդ ամենը զգում:
«Մեր ապրած կյանքով, ի հաշիվ Գյումրիի քաղաքապետի եւ իր կատարած աշխատանքների եւ Հանրապետական կուսակցության ու նրա ռեյտինգի»,-հավելեց Վ. Ղուկասյանը: Իսկ վերջում, երբ լրագրողները սկսեցին շատ հարցեր տալ, Վարդան Ղուկասյանը, նայելով լրագրողներիս, ասաց. «Երեխեք, էս ի՞նչ վիճակ է ձեր վիճակը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել