HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիևն ազատվում է պետական համակարգի հնաբնակներից

Ադրբեջանում Իլհամ Ալիևը շարունակում է ազատվել պետական ապարատի հնաբնակներից։ Դեռ անցած տարվա աշնանը սկսված միջին օղակների պաշտոնյաների ձերբակալությունները և ազատումները չեն ավարտվել՝ առավել մեծ թափ ստանալով կորոնավիրուսի պանդեմիայի օրերին։

«BBC»-ն գրում է, որ աշխատանքը կորցրած պաշտոնյաների և պետական ծառայողների անուններն ու պաշտոնները վկայում են այն լայն արշավի մասին, որը չի սահմանափակվում միայն ռեգիոնալ իշխանություններով։ Աշխատանքից ազատվել է նույնիսկ երկրի գլխավոր դատախազը, որն այդ պաշտոնն զբաղեցնում էր ավելի քան 20 տարի։ Աշխատանքից ազատվել է նաև Իմիշլիի շրջանի ղեկավար Վիլյամ Հաջիևը, որի ազատման հրամանը հրապարակվել է մայիսի 6-ին։ Մայիսի 6-ին գլխավոր դատախազությունը հայտնել էր երկրի վեց շրջանների՝ Լենքորանի, Եվլախի, Սաաթլըի, Սալյանի, Դաշքեսանի և Հաջիղաբուլի շրջանային իշխանության ներկայացուցիչների ձերբակալման մասին։ 

Մայիսի 9-ին պարզվել է նոր ձերբակալությունների շղթան։ Ալիևը պաշտոնից ազատել է մշակույթի փոխնախարար Ռաֆիկ Բայրամովին և Մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Զաքիր Սուլթանովին։ Մինչ այդ, մայիսի 8-ին Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Մշակույթի նախարարությունում, որի արդյունքում ձերբակալվել էին նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ադրբեջանի ռեգիոնալ մակարդակի իշխանությունները մեղադրվում են նրանում, որ յուրացրել են կարիքավոր ընտանիքներին ուղղված հումանիտար օգնությունը և այն բաժանել իրենց բարեկամների մեջ։ Բացի այդ, նրանք անօրինական կարգով ազատ տեղաշարժի թույլտվություն են տրամադրել՝ կարանտինի պայմաններում։ Կարանտինի հայտարարումից ի վեր պաշտոնից ազատվել են շրջանային վարչակազմի հինգ ղեկավարներ։ Ձերբակալությունների մի մասը լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ներով։

Ապրիլի կեսերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարել էին Իսմայիլի քաղաքի քաղաքապետի ձերբակալության մասին։ Ապրիլի 29-ին ադրբեջանական գործակալությունները, հղում կատարելով տեղի բնակիչներին, հայտնել են Բիլյասուվարի շրջանի ղեկավար (գտնվում է երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանին) Մահիր Գուլիևի, նրա տեղակալի, կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժշկի և մի շարք այլ պաշտոնյաների ձերբակալության մասին։

Տեղի լրագրողները հայտնել են, որ ձերբակալության պատճառը պաշտոնյաների կողմից ֆինանսական օգնության յուրացումն է, որը կարանտինի ռեժիմի պայմաններում կենտրոնական իշխանությունները հատկացրել էին շրջանի բնակչությանը։ Ձերբակալման գործողություններն իրականացրել են Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները։ Այդուհանդերձ, գերատեսչությունը որևէ հաղորդագրություն չի հրապարակել ձերբակալության այս դեպքի վերաբերյալ, իսկ Առողջապահության նախարարությունն էլ տեղյակ չի եղել Բիլյասուվարի հիվանդանոցի գլխավոր բժշկի ձերբակալության մասին:

Սովորաբար ադրբեջանական իշխանությունները նմանատիպ հաղորդագրություններ չեն տարածում, սակայն օրվա երկրորդ կեսին նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է Բիլյասուվարի քաղաքապետին աշխատանքից ազատելու մասին որոշումը, որտեղ սակայն խոսք չի գնում ձերբակալության մասին։ Նույն օրը, երբ Բիլյասուվարում ձերբակալվում էին պաշտոնյաները, Ալիևը մեջլիսին առաջարկել է պաշտոնից ազատել երկրի գլխավոր դատախազ Զաքիր Քարալովին, որն այդ պաշտոնն զբաղեցրել է շուրջ 20 տարի։ Մի քանի օր անց Ալիևն այդ պաշտոնում նշանակել է Քյամրան Ալիևին, որն զբաղեցնում էր Քարալովի տեղակալի պաշտոնը։

Ադրբեջանում պաշտոնանկությունների շարքն սկսվել է դեռ անցած տարվա աշնանից։ Պաշտոնից սկսեցին ազատվել նախագահի աշխատակազմի հնաբնակները, որոնց մի մասը քաղաքական կարիերան սկսել էր դեռ խորհրդային տարիներից։ Զբաղեցրած պաշտոնից ազատվել էր նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը, որը եղել է Հեյդար Ալիևը վաղեմի կողմնակիցներից մեկը։ Մեհթիևին շատերը համարում էին «գորշ կարդինալ»։ Ներկայումս 82-ամյա գործիչն զբաղեցնում է Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարի պաշտոնը։

Նախորդ տարվա վերջին դարձյալ ձերբակալվել և պաշտոնից ազատվել են մի քանի շրջանների ղեկավարներ։ Բոլոր այդ փոփոխությունները տեղական մամուլն անվանել է «բարեփոխումներ»։ Քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն նշել է, որ տեղի ունեցողը դժվար է անվանել բարեփոխումներ։ Ըստ նրա՝ այն ավելի շատ նման է իշխանության ուղղահայաց ամրապնդման։

Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է նավթի արդյունահանումից։ Տնտեսագետ Նաթիք Ջաֆարլին էլ կարծում է, որ պաշտոնյաների ազատումը կապված է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկման և նավթի գնանկման հետ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter