
Նրանք ավելի ազատ են, քան՝ ծափահարող 88-ը
Երեկ շատ կարևոր օր էր։ Երկու՝ զուգահեռ ընթացող իրադարձություն տվեցին շատ կարևոր հարցերի պատասխաններ։ Պատմական և ընթացիկ հարցերը՝ ինչո՞ւ ենք մենք դարերով կորցրել մեր պետականությունը, ի՞նչ է կատարվում այսօր և ի՞նչ է պետք անել, տեղավորվում են երկու իրադարձությունների տիրույթում.
Դատական նիստը
Դատական նիստի սկսվելուց րոպեներ առաջ, երբ ուղիղ հեռարձակումն արդեն միացած էր, լսվեց Սեյրան Օհանյանի ու Ռոբերտ Քոչարյանի կարճ երկխոսությունը.
Սեյրան Օհանյան - Այսօր տոն է, չէ՞, շնորհավորում եմ, Շուշիի ազատագրման օրն է:
Ռոբերտ Քոչարյան- Որտե՞ղ էիր այս օրը:
Ս.Օ. – Ես՝ Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ:
Ռ.Ք. – Իսկ Լիսագո՞րը:
Ս.Օ.- Սկզբում այնտեղ, հետո նոր՝ Լիսագոր:
Վայրկյաններ տևած այս խոսակցությունից հետո դատավարությունը, մեծ հաշվով, կորցնում է իմաստը։ Ով ինչ կասի, ով ինչ կառարկի, ով ինչ կորոշի՝ պատմության տեսակետից չորրորդական է։ Բայց «ինչո՞ւ ենք մենք դարերով պետականություն կորցրել» հարցը գտնում է իր պատասխանը։
ԱԺ նիստը
Մեկ այլ շենքում «դատվում» էր երկրի քաղաքական միտքը։ Հեղափոխականը խփում էր կիսահեղափոխականին։ Բոլորի աչքի առաջ հեղափոխականը սադրեց ու հարձակվեց։ Տեսան բոլորը, այդ թվում՝ հեղափոխական 88-ը։
Բայց հետո հայտնվեց նրանց ղեկավարն ու գրեթե Օրուելի ոճով ասաց. «Ճիշտ չե՛ք տեսել, մեղավորը Էդմոնն էր...»։ Եվ 88-ը սկսեց ծափահարել, ինչը նշանակում էր՝ իհա՛րկե, մենք ճիշտ չենք տեսել, ճիշտ չենք հասկացել... Իհա՛րկե, մեղավորը Էդմոնն էր։
Ծափահարում էր նաև Արարատ Միրզոյանը, որը 2 ժամ առաջ, տագնապած,անվտանգություն էր կանչում՝ հենց իր հեղափոխականին զսպելու։ Քաղաքացիականներով զսպել այլևս հնարավոր չէր։
Ես միշտ այն կարծիքին էի ու հիմա էլ դեռ եմ, որ իշխող 88-ի մեջ կան ինքնուրույն և լուրջ մարդիկ։ Փորձում եմ հասկանալ, թե ազդեցության ի՛նչ մեխանիզմներով է Փաշինյանը նրանց ստիպում՝ ուրանալ սեփական ինքնությունը։ Չգիտեմ, թե որն էմերօրյա քաղաքական թրաֆիքինգի մեխանիզմը, բայց ակնհայտ է, որ խորհրդարանական քաղաքական միտքը «Ջումշուդացվում» է. առաջնորդը վերցրել է նրանց քաղաքական անձնագրերը։ 21-րդ դարում նման միջադեպից անմիջապես հետո ծափահարել իրականությունը ձևախեղող առաջնորդին՝ շատ դժվար է։ Քաղաքական մի ուժի անդամները, որոնք, իրենց պնդմամբ, գաղափարական հեղափոխություն են արել, շատ մանրամասն պիտի ընտրեն՝ ո՛ր խոսքերին ու տեսակետներին արժե ծափահարել՝ անկախ այն բանից, թե ով է ասողը։ Մարդիկ, որոնք հավակնում են կրողը լինել հեղափոխություն իրագործած ազատ քաղաքացիական շարժման գաղափարների, ծափահարում են այդ գաղափարների ուղիղ հակառակ երևույթներին՝ քաղաքական մտքի ճնշմանը, ազատ խոսքի իրավունքի ոտնահարմանը, իրականության ձևախեղմանը՝ հանուն պահի քաղաքական շահի։ Տրամաբանությանը շատ ավելի մոտ կլիներ, եթե այդ մարդիկ սկսեին հետ պահանջել իրենց «քաղաքական անձնագրերը», վերագտնեին իրենց ազատությունը, իրենց ինքնությունը։ Հակառակ դեպքում նրանք շուտով կորցնելու բան գրեթե այլևս չեն ունենա, քանի որ իրենց հեղինակությունը, երբեմնի քաղաքացիական պահվածքի մնացորդները և քաղաքական ինքնուրույն գործունեության հեռանկարը ցավալիորեն կզրոյանան։
Եվ եկեք հերթական անգամ չասենք, թե «առաջ նույնպես այդպես է եղել», ի վերջո՝ երկու տարի առաջ մարդկանց միավորող մղումներից էր նաև հենց քաղաքական գերիների ինստիտուտը վերացնելու ցանկությունը։
Քանի որ դատավարությունը և ԱԺ նիստը զուգահեռ էին գնում, տպավորությունները ձևավորվում էին միաժամանակ.
Եվ վերջում գալիս է «ի՞նչ է պետք անել» հարցը։ Այն պետությունները, որոնք ունեցել են մեր այսօրվա իրականությանը մոտ իրականություն, դուրս են եկել այդ փուլիցտարածքային ծանրագույն կորուստներով. Էլչիբեյի Ադրբեջանը, Գամսախուրդիայի և Սահակաշվիլիի Վրաստանը, հեղափոխական Ուկրաինան։ Հետևաբար՝ պետք է անել ամեն ինչ՝ այսօրվա իրականությունը փոխելուհամար։ Իշխանության առավել առողջ ու ինքնուրույն ներկայացուցիչները պիտի սկսեն պահանջել և հետ ստանալ իրենց ազատությունները, սկսեն վերջապեսգոյություն ունենալ որպես առանձին գործիչներ՝ իրենց առանձին տեսակետներով, իսկ իշխանությունից դուրս գտնվող առաջադիմական ուժերը պիտի սկսեն սթափդատել, մի կողմ դնեն էգոցենտրիզմը, հավակնոտությունը, կենտրոնանան երկրի շահերի և մարդկային ու կազմակերպչական ռեսուրսների ռացիոնալ տնօրինման վրա։ Այդ երկու հիմնական խոչընդոտը՝ կոնֆորմիզմը և էգոցենտրիզմը, պետք է կարողանալ մի կողմ դնել։ Պետք է սկսել քանդել վերը նշված առաջին հարցի արատավոր հիմքերը՝ ինչո՞ւ ենք մենք անընդհատ պետականություն կորցրել։
Ծառայությունը հայրենիքին երբեմն կարող է շատ անսպասելի ձևով արտահայտվել՝ բարձրաձայն ընդդիմանալով «վերադասի» հակաիրավական պարտադրանքին կամ՝ հրաժարվելով սեփական հավակնություններից՝ ի շահ ընդհանուր գործի։ Այդ ճանապարհով գուցե շատ անուններ չմտնեն պատմության դասագրքեր, բայց պատմության ընթացքը, վստահաբար,կփոխվի, և երկիրը կխուսափի լուրջ կորուստներից։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
***
«Տեսակետ» խորագրում հրապարակված նյութերում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել «Հետքի» տեսակետին:
Մեկնաբանել