HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան

Խորհրդարանը վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն էր:

Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

 «Մենք, որևէ մեկին նպատակ չունենալով մեղադրել որևէ բանի մեջ, վերահաստատում ենք մեր մտավախությունը, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը: Այսօր խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ քաղաքացիական ակցիա էր: Հայ առաքելական եկուղեցուց էլ բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային: Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այն չի բխում երեխաների իրավունքների իրական շահերից»,-ասաց Պետրոսյանը:

Վարման կարգով խոսեց նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` ասելով, որ Գևորգ Պետրոսյանի խոսքից կարող էր տպավորություն ստեղծվել, որ ԲՀԿ-ն ի սկզբանե դեմ է եղել կոնվենցիային:

«Ուզում եմ հիշեցնել, որ հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քվեարկությունը, որի համաձայն բոլոր խմբակցությունները, այդ թվում` ընդդիմադիր, կողմ են քվեարկել: Ցավում եմ եթե առանձին մարդիկ կարողանում են ձեր դիրքորոշման վրա ազդել, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այն կանխելու է մանկապղծությունը Հայաստանում, և, իհարկե, մենք կողմ ենք քվեարկելու»,-ասաց Մակունցը:

Այն ընդունվեց 79 կողմ,  12 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մայիսի ութի ծեծկռտուքից հետո բոյկոտել է խորհրդարանի աշխատանքները:

Տեղեկացնենք, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրել է 47 պետություն, ուժի մեջ է մտել 44 պետությունում: Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին:

Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության կանխարգելումը և դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական և միջազգային համագործակցության խթանումը:

Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձևերը կանխարգելելու և երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ մշակել և իրագործել համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաև իրավապահ և դատական մարմիններում:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնելու նպաստել մասնավոր հատվածի, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության մասնակցությանը երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության դեմ պայքարին՝ խրախուսելով պետական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, զբոսաշրջության և ճանապարհորդության, արդյունաբերության և բանկային ու ֆինանսական հատվածների մասնակցությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը՝ անհրաժեշտության դեպքում հիմնադրամներ ստեղծելու միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter