HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» ցանկից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն` միասնական երթուղային ցանցի ներդմամբ պայմանավորված:

Նման նախագիծ է Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

«Ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, այդ թվում նաև կառավարության օժանդակությամբ, կիրականացվի ավտոկայարանային համակարգի բարեփոխումներ, որի արդյունքում կբարձրանա մատուցվող ավտոկայարանային ծառայությունների որակը, միջպետական ու ներհանրապետական ուղևորափոխադրումերի կազմակերպումը կդառնա առավել արդյունավետ»,-հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։

Նշենք, որ «2017-2020 թվականներին մասնավորեցման» ծրագրում ներառված են պետական բաժնեմաս ունեցող մի շարք ընկերություններ, որոնց մասնավորեցումը, ըստ կառավարության, թույլ կտա ներդրումների ներգրավման միջոցով բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը:

Պետական գույքի կառավարման կոմիտեի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այժմ հանրապետությունում ներդնում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ։

Ըստ կոմիտեի՝ կանոնավոր ուղևորափոխադրումների կարևոր մաս է կազմում ավտոկայարանային ծառայությունների մատուցումը, որը հանրապետությունում իրականացնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն։ 

Ուղևորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է բարձրացնել նաև ավտոկայարանային ծառայությունների որակը, արդիականացնել ավտոկայարանային համակարգը։ Այն իրականացվելու է ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում՝ նաև կառավարության օժանդակությամբ: 

Ներդրումային ծրագրերով քաղաքներում տեղակայված ավտոկայարաններն ու ավտոկայանները կվերանորոգվեն, անհրաժեշտության դեպքում նաև ավտոկայաններ կօպտիմալացվեն և նոր ավտոկայաններ կկառուցվեն։

«Հետևաբար անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը և պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությունը»,-հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։   

Նշենք, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն իր գործառույթներն իրականացնում է չորս ավտոկայարանների՝ Երևանի «Կենտրոնական» և «Հյուսիսային», Գյումրիի և Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաև մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների և 17 երթակարգավարական կետերի միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter