
Կարեն Կարապետյանը` Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելու մասին
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի պատմության ամենակարճ դռնփակ հանդիպումը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ էր. հանդիպումը տևեց շուրջ մեկ ժամ: Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքային քննարկում էր, սակայն այդպես էլ չմանարամասնեց, թե ինչ հարցեր են իրեն տվել, և ինչ պատասխան է տվել իր այն հայտարարությանը, որ պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի գործել անորակ դիզվառելիքի պատճառով:
«Ես պատախանել եմ բոլոր հարցերին, որը հանձնաժողովը ուղղել է, քանի որ հանձնաժողովը փակ է ու պարունակում է պետական գաղտնիք, այդ իսկ պատճառով ավելին ասել չեմ կարող»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է դիզվառելիքի հարցին, Կարապետյանն ասաց, որ պատասխանել է այդ հարցին:
Անդրադառնալով հեղափոխության շրջանում տեղի ունեցած դեպքերին, մասնավորապես 2018 թվականի ապրիլի 22-ին իր ու Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած խոսակցությանը, հարցին, թե ինչ-որ պայմանավորվածություն եղել է, Կարապետյանը պատասխանեց. «Ինչ պայմանավորվել ենք, մեր ներքին պայմանավորվածությունն է»:
Հարցին, թե հետևում է արդյոք կառավարության աշխատանքներին, նախկին վարչապետն արձագանքեց` որոշակի առումով հետևում է:
«Այսօր ես ցանկանում եմ հաջողություններ Կառավարությանը, որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք, բայց կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը, նախկին վարչապետների հետ միասին, անձնական երաշխավորություն էր ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար: Հարցին, թե ինչու է վերջինս նման միջնորդություն ներկայացրել, Կարեն Կարապետյանը պատասխանեց.
«Ինչպես շատերը, ես նույնպես շահագրգռված եմ, որ մարտի մեկի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքիսմալ գնահատական, որ բաց կողմ չլինի, և այն համապատասխան նստվածք չթողնի: Երկրորդը` ես հարգում եմ և գնահատում Ռոբերտ Քոչարյանի ներդրումն ու ավանդը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության գործընթացում»:
Կարապետյանը նաև հավելեց, որ գրեթե երկու տարի է, ինչ տևում է այս դատական պրոցեսը, և հավանական է, որ երկար ժամանակ կարող է տևել: «Այդ իսկ պատճառով միջնորդություն եմ ներկայացրել, որ խափանման միջոցը փոխվի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք այդ դատական պրոցեսը, ինչպես շատերը, ինքը ևս համարում է քաղաքական հետապնդում, Կարապետյանն արձագանքեց. «Ինձ թվում է` էս պրոցեսը բավականին գրգռված ու քաղաքականացված է»:
Կարապետյանը հավաստիացրեց` քաղաքականությամբ չի զբաղվելու, վերջին անգամ էլ Սերժ Սարգսյանի հետ խոսել է երկու օր առաջ` շնորհավորել է վերջինիս մայիսյան եռատոնի առթիվ:
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ևս հավաստիացրեց, որ Կարեն Կարապետյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների տված հարցերին:
Հարցին, թե ինչու է հանդիպումը կարճ տևել, Քոչարյանը պատասխանեց, որ հանձնաժողովն առաջնորդվում է այն հարցով, թե ինչքանով է հրավիրված պաշտոնյան տիրապետել բովանդակությանը:
«Պարոն Կարապետյանը փակ նիստում տվեց մեզ հուզող հարցի պատասխանը, բայց չէ որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի պատասխանների վրա չի հենվում, այդ հարցի հետ կապված մեկ տարվա ընթացքում ուսումնասիրություններ կան»,- ասաց նա:
Քոչարյանը դիզվառելիքի որակին առնվող հարցի մասին խոսելիս կարևորեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի բացատրությունները:
«Կարող եմ վստահաբար ասել, որ պաշտպանության բանակի սպայակազմն իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքանով որ կարողացել է»,- ասաց նա:
Հանձնաժողովը ՌԴ-ում Հայաստանի դեպսպանության միջոցով հրավեր է ուղարկել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին, վերջինս այժմ Մոսկվայում է։
«Պատրաստ ենք դեսպանատան աջակցությունն ունենալով նաև տեսակապով աշխատել` հաշվի առնելով այս վիրուսի առկայությունը»,- ասաց Քոչարյանը:
Լուսանկարները` Անի Սարգսյանի:
Մեկնաբանել