ՊԵԿ-ը սևահողի ապօրինի վաճառքի դեպքեր է արձանագրել
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է օրենքով արգելված գործունեության դեպքեր։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությանն Ազգային անվտանգության ծառայությունից օպերատիվ տվյալներ էին փոխանցվել, որ Արագածոտնի մարզի երկու բնակիչ զբաղվում են հողի բերրի շերտի վաճառքով։
Իրացնելով տեղեկությունները, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի երկու բնակիչ, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, Քուչակ, Վարդենիս և Լուսագյուղ համայնքների տարածքներից իրականացրել են սևահողի բերրի շերտի ապօրինի դուրսբերում: Այնուհետև ապօրինի հանույթը նրանք իրացրել են Երևանում՝ տարբեր ֆիզիկական անձանց։
Դեպքերի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում Հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի հատկանիշներով՝ 20 մլն դրամ գումարի չափով կազմվել են արձանագրություններ, հարուցվել վարչական վարույթներ։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ օրենսդրությամբ արգելված, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ ծանուցման իրականացնելուց, ինչպես նաև առանց թույլտվության կամ լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել