HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե պաշտպանում է պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն պետությունից». Աժ-ն ի գիտություն ընդունեց ՄԻՊ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ  2019 թվականի գործունեության զեկույցի ամփոփիչ քննարկմանն ԱԺ պատգամավորների ելույթները երեք մասի բաժանեց` քաղաքական ելույթներ, քաղաքական ելույթներ, որոցում անդրադարձ կար մարդու իրավունքներին, և ելույթներ, որոնք վերաբերում էին մարդու իրավունքների կոնկրետ խնդիրներին: Քաղաքական ելույթներին Թաթոյանը որոշեց չարձագանքել:

«Մի շարք պատգամավորների ելույթների ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ ես, հավանաբար, պետք է մանրամասն ներկայացնեի, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի մարդու իրավունքների պաշտպանը: Անհրաժեշտ է մանրամասն պարզաբանել միջազգային այն կանոնը, որ մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե պաշտպանում է պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն պետությունից»,-ասաց Թաթոյանը:

Չնայած խորհրդարանում երկու օր է քննարկվում է ՄԻՊ զեկույցը, սակայն պատգամավորների ելույթները մեծ մասամբ կամ ատելության խոսքի մասին էին, կամ էլ չէին վերաբերում զեկույցին, ինչին էլ իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ Արման Թաթոյանը:

«Միջազգային իմիջի տեսանկյունից էլ ցանկալի չէր այդքան շատ քննարկում նվիրել ատելության խոսքին, որովհետև ՄԻՊ-ի զեկույցի քննարկումը, այն էլ՝ տարին մեկ անգամ ու մի ամբողջ օր նվիրել այդ հարցին… Կարծում եմ` կարելի էր անդրադառնալ այլ խնդիրների ևս, առավել ևս, որ դրանք շարադրված են 1200-ից ավելի էջերում»,-ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցրեց` իր զեկույցներն օբյեկտիվ են և դրանցում կա դրական դինամիկա:

«Բայց, կարծում եմ, կարելի էր անդրադառնալ այնպիսի հարցերի, թե ինչո՞ւ են մարդիկ ամիսներով մոռացվում հոգեբուժարաններում, ինչու՞ երկրում  չունենք հոգեբույժների բավարար քանակ, ինչպե՞ս անենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն այնպես չլինի, որ չգնան դպրոց, քանի որ երեխան դաունի համախտանիշ ունի, ու ծնողը մտածում է, որ երեխային կարող են ծաղրել ուսուցիչներն ու աշակերտները: Ինչու՞ են մարդիկ բողոքում, որ անվճար տրամադրվող դեղորայքն անարդյունավետ է և նույնիսկ բժշկի ցուցման դեպքում չեն վերցնում այդ դեղերը»,-ասաց Թաթոյանը:

Ըստ նրա` մյուս կարևոր հարցը, որին կարող էին անդրադառնալ պատգամավորները, թոշակառուների` թոշակ ստանալու պրոցեսում քաշքշուկն է:

 «Ես կպարզաբանեի, որ համակարգային կոռուպցայի դեմ պայքարի արդյունք է, եթե նախկինում առաջին մի քանի ամիսների գումարը տեսուչն իրեն էր վերցնում և դասավորում գործը, հիմա, քանի որ չկա այդ շահագրգռվածությունը, մարդկանցից դիմումներ չեն վերցնում. միասին միգուցե կքննարկեինք դա, ինձ համար օգտակար կլիներ լսել ձեր առաջարկները»,-ասաց Թաթոյանը` դիմելով քաղաքական մեծամասնությանը:

Թաթոյանն անդրադաձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳՆ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի քննադատությանը, թե անհրաժեշտ էր դինամիկա ներկայացել զեկուցում:

«Ուզում եմ նշել՝ 2019 թվականին ես հրապարակել եմ արտահերթ զեկույց, այն նվիրված է 120 դպրոցում և 80 մանկապարտեզում իմ փոքր աշխատակազմի կատարած ուսումնասիրությանը, և ես ցույց կտամ դիագրամները, որոնք ցույց են տալիս, թե ինչ խնդիրներ կան»,-ասաց Թաթոյանը` թերթելով զեկույցը:

Թաթոյանին վրդովվեցրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթը, որին դուր չէր եկել ՄԻՊ զեկույցի՝ կանանց իրավունքներին նվիրված մասը։ Ըստ պատգամավորի՝ այն պետք է ավելի ընդարձակ լիներ: Հակոբյանը Թաթոյանին խոհեմության ու անաչառության կոչ էր արել:

«Ես փորձեցի վերընթերցել ձեր կանոնադրությունը և էնտեղ չգտա մի կետ, որն ասում է` երբ բռնություն է գործադրվում քաղաքական մեծամասնության ներկայացուցչի նկատմամբ, դուք պետք է լռեք, էդպիսի կետ չկա ձեր կանոնադրության մեջ. ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,-ասել էր նա:

Արման Թաթոյանի արձագանքն այս ելույթին կոշտ էր։ «Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանի վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքից խոսել և չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին: Կան իրավական պատասխանատվութան բոլոր մեխանիզմները, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ, ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»,-ասաց Թաթոյանը:

Վերջում ՄԻՊ-ը շնորհակալություն հայտնեց իր աշխատակազմին, խորհրդարանին` արդյունավետ համագործակցության համար, նաև` գործադիր մարմնին:

Թաթոյանի ելույթին արձագաքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` նկատելով, որ իր համար անընդունելի է ՄԻՊ-ի անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի ելույթի առնչությամբ: Միրզոյանի կարծիքով` ՄԻՊ-ն ավելի հարգալից պետք է լինի պատգամավորների հանդեպ, և առհասարակ` բոլորը բոլորի հանդեպ:

Այսպիսով, հարցի քննարկումն ավարտվեց, խորհրդարանը ՄԻՊ զեկույցն ընդունեց ի գիտություն: Հերթական նիստի աշխատանքներն ավարտվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter