HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քննչական կոմիտեն պարզում է «Արաբկիր» այգու վարձակալների՝ համայնքին հասցրած վնասի չափը

Քննչական կոմիտեն շարունակում է ուսումնասիրել «Վահագն Դավթյանի» մանկական զբոսայգու վարձակալների հասցրած վնասը համայնքին։ Այս զբոսայգին ավելի հայտնի է որպես «Արաբկիր» մանկական զբոսայգի։

Դատաշինարարատեխնիկական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու այգում մեկ տասնյակից ավելի ֆիզիկական, իրավաբանական անձանց իրականացրած ապօրինի կառուցապատումների, հողազավթումների ծավալները, դրանց հետևանքով համայնքին հասցված վնասի չափը։

Այս մասին «Հետքին» հայտնել է Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի հոկտեմբերին «Հետքի»՝ ««Արաբկիր» մանկական այգու 1 քմ-ը վարձակալել են 160 դրամով. ովքեր են վարձակալները» հրապարակման հիման վրա։ 

Հոդվածում անդրադարձել էինք այգու վարձակալներին, նրանց հետ կնքված ցածր վարձավճարներով պայմանագրերին և տնտեսվարողների հետ տարիներ շարունակ չվերակնքված պայմանագրերին։ Վարձակալության պայմանագրերի ուսումնասիրությունից պարզել էինք, որ զբոսայգում տարածք են վարձակալել՝ 1 քմ-ի համար տարեկան վճարելով ընդամենը 160, 270, 440, 650, իսկ առավելագույնը՝ 1600 դրամ։ Վարձակալների շարքում էին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբայրը՝ Անդրանիկ Մխիթարյանը և Աննա Ալեքսանյանը՝ Արաբկիրի դատախազի նախկին տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի դուստրը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով. պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու և պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հատկանիշներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter