HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդի վարարումից հետո վտանգավոր է դարձել Ռազմիկ Աղվանյանի տան ճանապարհը 

Ռազմիկ Աղվանյանի ընտանիքը 45 տարի է՝ ապրում է Ալավերդու Սանահին կայարանային թաղամասում՝ Դեբեդի մյուս ափին: Նրա տունը թաղամասի հետ կապող միակ ճանապարհը ճոճվող կամուրջն է, որը գետի վարարումներից  դարձել է վթարային:

Վարարած և հունից դուրս եկած Դեբեդը մայիսի 7-ին Ալավերդու Սանահին կայարանային թաղամասում արմատախիլ է արել գետի եզրերի հսկա բարդիներից մեկը: Բարդին, վարարած գետի վրա ճոճվելով, վնասել է ՌԱղվանյանի տունը Սանահին կայարանային թաղամասի հետ կապող ճոճվող կամուրջը: Հարվածից կամուրջը թեքվել և դարձել է երթևեկության համար խիստ վտանգավոր։ «Մենք ահազանգել ենք 911 հեռախոսահամարին: ԱԻՆ-ի աշխատողները, 2 օր առաջ իրենց կյանքը վտանգելով, մեծ դժվարությամբ ուղղել են կամուրջը»,- ասաց Ռազմիկ Աղվանյանի կինը՝ Անահիտ Աղվանյանը: Ռազմիկ Աղվանյանն ահազանգում է, որ գետեզրերին այդ բարդիներից էլի կան, եթե վարարումները շարունակվեն, ու գետը այդ բարդիներից մեկին էլ բերի իր հետ, ճոճվող կամուրջը այլևս չի դիմանա:

Ռազմիկ և Անահիտ Աղվանյանների ընտանիքը գետի մյուս ափին ապրող միակ ընտանիքն է: Ամուսինները ներկայում իրենց տանն ապրում են որդու՝ Գուրգենի, նրա կնոջ և երկու փոքր երեխաների հետՃոճվող կամուրջը թաղամաս տանող միակ ճանապարհն է Աղվանյանների ընտանիքի համար: Կամրջով երթևեկում է նաև գետի մյուս ափին այգիներ մշակող թաղամասի 24 բնակիչ։

«Սկեսրայրս արհեստավոր է եղել, փայտից դուռ և լուսամուտներ պատրաստելիս իր դազգահների աղմուկով խանգարել է թաղամասի բնակիչների անդորրըԳետի մյուս ափի իր այգում նա կես դար առաջ տուն է կառուցել և ընտանիքով հիմնավորվել է այնտեղ։ Իմ 6 երեխաները գետի մյուս ափին են մեծացել»,- պատմեց Անահիտը:

Ռազմիկ Աղվանյանը ընտանիքի անվտանգության համար փայտե ճոճվող  կամուրջը պարբերաբար վերանորոգել է: Հիմա այդ հնարավորություններն այլևս չունեն: Ընտանիքում տղան ու հարսը չեն աշխատում, 6 անձից բաղկացած ընտանիքը ապրում է Ռազմիկ Աղվանյանի թոշակով:

Վերջինիս պատմելով՝ դեռ ռուս Նիկոլայ ցարի ժամանակներից գետի այդ  հատվածում կամուրջ է եղել, վթարվածը՝ 4-րդ և վերջին  կամուրջն է: Այն  կառուցել է Սանահինի երկաթուղային դեպոն՝ Սանահին կայարանային թաղամասը լուսավորող գետի մյուս կողմով անցնող էլկեկտրական փայտե սյուները վերահսկելու ճանապարհ բացելու համար: Ռազմիկի ասելով՝ կամուրջն էլի կարող էր անվտանգ ծառայել իր ընտանիքին և թաղամասի այգեգործներին, եթե Մ-6 միջպետական ճանապարհի շինարարական հողն ու քարերը շինարարները չթափեին գետի ափերին։

«Միջպետական ճանապարհի շինարարական հողն ու քարերը շինարարները թափել են գետի ափերին։ Դրանից Դեբեդի հունը նեղացել է, գարնանը վարարելուց հետո գետն անհամեմատ ավելի է բարձրացել, որի պատճառով  վնասվել է նաև կամուրջը: Մենք Ալավերդու քաղաքապետ Սասուն  Խեչումյանին խնդրել ենք ամրացրել կամուրջը, որպեսզի կամուրջով անցնելիս իմ թոռնիկների ու ընտանիքիս մյուս անդամների կյանքի համար այն սպառնալիք չդառնա»,- ասաց Անահիտ Աղվանյանը:

Անահիտի խոսքով՝ Սասուն Խեչումյանը տեղում նայելուց հետո  Աղվանյաններին ասել է, թե կամուրջն ապօրինի է, իրենք դրա հետ գործ չունեն ու գնացել է:

«Հայրս ասում է՝ 60 տարվա մեջ էսենց բան չի եղել: Ամսի 7-ից լարված վիճակում ենք գետի պատճառով: ԱԻՆ-ը եկավ վերանորոգեց: Բայց նույն ձևով անցած գիշեր գետը նորից մի մեծ ծառով կամրջին հարվածեցՄենք խնդրում ենք  ճոճվող կամուրջը վերանորոգել»,- ասաց Գուրգեն Աղվանյանը:

«Այս կամուրջի տրոսները ամբողջությամբ պոկված են: Մեծ ծառի հարվածից կամուրջը համարյա կես մետր իջել է»,- ասում է Ռազմիկ Աղվանյանը: Մեզ հետ  հեռախոսազրույցում Սասուն Խեչումյանը հայտնեց, որ համայնքը ֆինանսական միջոցներ չունի՝ նոր կամուրջ կառուցելու, բայց վերանորոգելու համար  մի բան կմտածեն:

Ռազմիկ Աղվանյանը ասում է, որ երեխաներին վտանգավոր տեղից հանելու համար Կառավարությունը կամ պետք է որդու ընտանիքին հատկացնի երկաթուղային դեպոյի նախկին հանրակացարանի շենքի ազատ 2 սենյականոց  բնականաններից մեկը, կամ ամրացնի ճոճվող կամուրջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter