Աչաջուր գյուղում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի զինծառայողին
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին հաուզ» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ N զորամասի զինծառայող Ս. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) նախատեսված հանցանքներ առերևույթ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ս.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել՝ Վ. Ք.-ին, Ս. Ք.-ին և Յու. Ք.-ին քրեական գործով տուժող ճանաչելու մասին, և վերջիններս հարցաքննվել են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Է. Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական կարգը՝ մոտ 10-15 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, որը զուգորդվել է այնտեղ գտնվող Վ. Ք.-ի, Ս. Ք.-ի և Յու. Ք.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով, ոտքերով, բահով հարվածներ հասցնելով և մարմնական վնասվածքներ պատճառելով, գույքը վնասելով, սպանության և գույքը ոչնչացնելու սպառնալիքով, ինչպես նաև՝ զենք հանդիսացող ինքնաձիգի գործադրմամբ մենահատ կրակոց արձակելով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել