HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խաչիկ Մանուկյանի հույսը Սերժ Սարգսյանի եղբա՞յրն է

Արդեն հայտնի է, որ Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը: Թեեւ նա դեռ չի հաստատում այդ տեղեկությունները, սակայն Մ. Մնացականյանը հաստատեց, որ պատգամավոր ընտրվելու ցանկություն ունի: «Որ մի 2 օր էլ համբերեք, ամեն ինչ պարզ կլինի եւ մեր համար, եւ ձեր համար, եւ բոլորի համար»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Մնացական Մնացականյանը:

«Դուք էլ չգիտե՞ք` թեկնածու լինելո՞ւ եք, թե՞ ոչ»,-հետաքրքրվեցինք քաղաքապետից: «Մենք սպասում ենք կուսակցության որոշմանը»,-հնչեց պատասխանը:

Նշենք, որ ՀՀԿ-ն Մնացական Մնացականյանի հետ մեծ հույսեր է կապում, քանի որ այդ տարածքի ներկայիս պատգամավոր Խաչիկ Մանուկյանի (Մաքսի Խաչիկ) վարկանիշը գնալով անկում է ապրում: Այն, որ Խաչիկ Մանուկյանի փոխարեն ՀՀԿ-ն կանգ է առել Մնացական Մնացականյանի թեկնածության վրա, երեւաց նաեւ մարտի 10-ի կուսակցության համագումարի ժամանակ: Հանրապետականի կարկառուն դեմքերը Մնացական Մնացականյանին թեւանցուկ քայլում էին եւ անծանոթներին էլ ծանոթացնում «ապագա պատգամավորի» հետ: Իսկ այդ ընթացքում Խաչիկ Մանուկյանը ջերմ զրուցում էր նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ:

Խաչիկ Մանուկյանը նույնպես հայտարարել է, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Այս ընտրատարածքում ԲՀԿ-ն նույնպես թեկնածու է ունենալու: Մնացական Մնացականյանի եւ Խաչիկ Մանուկյանի դեմ պայքարելու է պատգամավոր Արագած Ախոյանը:

Հիշեցնենք, որ 2007թ. Խաչիկ Մանուկյանը թիվ 15 ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց կրկնակի ընտրությունների արդյունքում: Նա 5 տարի առաջ էլ պայքարում էր Մնացական Մնացականյանի հետ: Առաջին անգամ ընտրություններն անվավեր ճանաչվեցին, քանի որ ընտրակեղծիքներն աղաղակող էին, իսկ մի քանի օր շարունակ թալինցիները բողոքի ակցիաներ էին կազմակերպել ընդդեմ Խաչիկ Մանուկյանի եւ փակել էին Երեւան-Գյումրի միջպետական ավտոճանապարհը: Քանի որ այդ ժամանակ ՀՀԿ-ն սատարում էր Խաչիկ Մանուկյանին, հետեւաբար կրկնակի ընտրություններով ամեն ինչ արվեց նրան պատգամավոր դարձնելու համար: 

Լուսանկարում` Մնացական Մանացականյանը

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
«Որ մի 2 օր էլ համբերեք, ամեն ինչ պարզ կլինի եւ մեր համար, եւ ձեր համար, եւ բոլորի համար» - Ըստ երեւույթին, Մնացական Մնացականյանը հայերեն խոսել չգիտի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter