HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արփինե Նիկոլյան. «Գուցե զարմանաք, բայց կորոնավիրուսը դրական կողմեր էլ ունեցավ՝ մարդիկ սկսեցին գնահատել իրենց ունեցածը»

Գյումրիից Ցողամարգ 24 կմ է: Գյուղը Սարապատ խոշորացված համայնքի կազմում է 2016թ-ից: Արտասովոր որեւէ բանով աչքի չընկնող բնակավայր է՝ բնակիչները, ինչպես Շիրակի մարզի բոլոր գյուղերում, զբաղվում են անասնապահությամբ եւ դաշտավարությամբ: Զբոսաշրջիկին Ցողամարգ հասցնելու, տարածքը զբոսաշրջային առումով գրավիչ դարձնելու համար ինչ որ հետաքրքիր վայր կամ առնվազն սիրուն, լավ մտածված լեգենդ պիտի լինի: Ինքս բազմիցս անցել եմ գյուղի կողքով՝ Ամասիա կամ Աշոցք գնալիս, սակայն երբեւէ մտքովս չի անցել այնտեղ զբոսաշրջիկի ուղղորդել: Վստահ եմ, տեղացիների մեծ մասն էլ բնակավայրն այդ առումով հրապուրիչ չի համարում, սակայն պարզվում է, ընդամենն ընկալման խնդիր է՝ պետք է պարզապես տեսնել այն միակը, ինչը սովորաբար վրիպում է մեծամասնության աչքից:

Մեքենայի դիմապակուն թափվող անձրեւի կաթիլները սկսում են ավելի մանր ծեծել՝ թույլ տալով վարորդին առավել կառավարելի տեսադաշտ ունենալ: Ընթանում ենք Ցողամարգի դատարկ ու ցեխառատ փողոցներով: Շուտով երեւում է կապույտ ներկված ցանկապատը: Ցուցանակը դեռ կախված չէ, բայց վստահ ենք՝ «Նիկոլյանս հյուրատան» առաջ ենք: Անձրեւը շարունակում է միալար թակել մեքենայի տանիքը: Դիմավորելու դուրս է գալիս Նիկոլյանների դուստրը՝ Արփինեն, վազելով կտրում անցնում ենք բակը՝ շրջանցելով աքլորի գլխավորությամբ անձրեւի տակ ճեմող հավերի խմբին:

Դրսի խոնավ ցրտից հետո ներսի չափավոր տաքությունը հաճելի է: Կորոնավիրուսով պայմանավորված ձեռքսեղմումները բացառում ենք: Ընտանիքի հայրը՝ 61-ամյա Սուրեն Նիկոլյանը ձեռքերն է տարածում. «Էս անտեր վիրուսը չի թողնի մարդկանց մարդավարի ընդունելություն ցույց տաս, բայց ոչինչ, էս էլ կանցնի»: Ասում է՝ կորոնան մի քիչ ուշանար, ինքը ՌԴ-ում էր լինելու, հիմա ստիպված պարապ տանը նստած է: «Պարապ, օր կըսեմ, նկատի ունեմ փող աշխատելը, թե չէ տան, տնտեսության գործերը կենենք, բայց հիմնական եկամուտը փակվել է: Էս տարվա աշխատածովս մտադրություն ունեի տանս երկրորդ հարկ սարքեի՝ երեխեքի ծրագիրն ընդլայնելու նպատակով, բայց կտեսնիք էլի, հլը տունն եմ, բայց եթե հանկարծ ճամփեքը բացվավ, զանգեցին, թե գործ կա՝ կերթամ»,-ասում է Սուրեն Նիկոլյանը:

«Երեխեքի ծրագիրը» հյուրատան գաղափարն է, որի իրականացման նպատակով, անցած տարի աշնանը, 27-ամյա Արկադի Նիկոլյանը դիմել էր «Կանայք հանուն զարգացման» հկ-ի եւ Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի զարգացման հաստատության կողմից համատեղ իրականացվող «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» ծրագրին եւ ստացել մոտ 400 հազար դրամ աջակցություն՝ սանհանգույցը նորոգելու եւ հավելյալ որոշ աշխատանքներ իրականացնելու համար: Արկադին տանը չէ: Եղբոր գաղափարը ներկայացնում է քույրը, քանի որ համատեղ են ամեն ինչ արել:

«Հյուրընկալման գաղափարը մեր ընտանիքում նոր չէր,-նկատում է Արփինեն,-մենք արդեն փորձառություն ունեինք, երբ 2005թ-ին մեր տանը ընդունեցինք «Խաղաղության կորպուսի» կամավոր Ջենիֆեր Քարթերին: Դպրոցում հայտարարություն էին տարածել, որ դիմեին էն ընտանիքները, որոնք պատրաստ են երկու տարի ապրել օտար մարդու հետ: Գյուղից 3 ընտանիք էր դիմել, Երեւանից եկան, պայմանները նայեցին, ընտրեցին մեզ»:

Ջենիֆեր Քարթերը պետք է երկու տարի անգլերեն դասավանդեր Ցողամարգի դպրոցում եւ պարտադիր բնակվեր գյուղական ընտանիքներից որեւէ մեկում: Կամավորի կեցության պայմաններից է եղել առանձին սենյակը, որի դուռը հնարավոր լիներ կողպել, տան ներսում սանհանգույցի առկայությունը, ընտանիքում ծխող կամ խմող որեւէ մեկը չպիտի լիներ: «Ես էդ ժամանակ խոպան էի, վեց ամիս հետո եկա, երեխեքիս թիվն արդեն ավելացել էր,-ծիծաղում է Սուրեն Նիկոլյանը,-ինքը բուսակեր էր, մենք ինչ հնարավոր էր սեզոնին մեր մոտից կճարեինք, օր տնեցիք ճաշ սարքեին, ձմեռն էլ կերթայինք Երեւանից կառնեինք, որովհետեւ Լեննագանի խանութներն էդ թվերին ամեն բան չկար»:

Արփինեն հիշում է, որ դեռ այն ժամանակ Ջենիֆերը հորդորում էր իրենց մտածել հյուրատուն բացելու ուղղությամբ: «Այդ ժամանակ գուցե էդքան համոզվածություն չկար, թե կհաջողեինք, որովհետեւ Գյումրի եկող տուրիստ էլ չկար, ուր մնաց թե հասնեին հեռավոր գյուղեր: Տուրիստական ակտիվ շարժը մարզում սկսվել մի 3 տարի առաջ: 2017թ-ին փորձեցինք  բանկերից մեկի հայտարարած գյուղական տուրիզմի ծրագրին մասնակցել, բայց չստացվեց, մեր ծրագիրը չֆինանսավորվեց»: Արփինեն ասում է, որ եղբոր հետ մշտապես մտածում էին, թե ինչ լույսի ներքո ներկայացնեն հարազատ ծննդավայրը, որ կարողանան հրապուրիչ դարձնել զբոսաշրջիկի համար: 

Ցողամարգի բնակչության նախնիները 1829-30թթ-ին գաղթել են Արեւմտյան Հայաստանի Սեբաստիայի շրջաններից: Բնակավայրը ծովի մակերեւույթից բարձր է 1950 մետր, կլիման բարեխառն է, ձմեռը՝ տեւական եւ ցուրտ: Արփինեն ասում է, որ հատկապես շեշտը դրել են ձմեռային տուրիզմի վրա, երբ կարելի է գալ ու դահուկ քշել գյուղի հարակից տարածքներում: Հյուրընկալվողներին կարող են առաջարկել նաեւ  քայլարշավ, ուղեկցել Թռչկանի ջրվեժ եւ Արփի լիճ: Առավել պասիվ հանգստի սիրահարները կարող են մասնակցել տանը կից ջերմոցի աշխատանքներին, սովորել լավաշ թխել ու չեչիլ պանիր պատրաստել: Գյուղի շրջակայքում առկա են կիկլոպյան ամրոցի մնացորդներ(մ.թ.ա 1-ին հազարամյակ), այնպես որ կարող են ապահովել նաեւ տուրիստի մշակութային պահանջները:

«Գուցե զարմանաք, որ ասեմ, բայց կորոնավիրուսը իր դրական կողմերն էլ ունեցավ՝ մարդիկ սկսեցին գնահատել իրենց ունեցածը, թեկուզ էն քիչը, որ կա, իրենց ազատությունը, գյուղամեջ դուրս գալը, բնությունը, քարն ու սարը: Մարդիկ միշտ կբողոքեն իրենց աշխատանքից, տնից, հայրենիքից, մտածում եմ, որ սա դաս եղավ շատերի համար,-ասում է Արփինեն,-հնարավոր է, որ մարդկանց մի մասը թեւաթափ է եղել, մենք էլ շատերի նման անորոշության մեջ ենք՝ կապված սահմանների փակման, տուրիստական հոսքերի նվազման հետ: Բայց դե չենք էլ ուզում անցած տարվա ձեռք բերումը ջուրը լցնել, համ էլ պապան խոստացել է, որ կընդլայնվենք, երկրորդ հարկ կկառուցեն եղբորս հետ, հիմա միջոցներ ենք որոնում»:

Նորաստեղծ հյուրատնային բիզնեսին փորձում է աջակցել նաեւ ընտանիքի մայրը՝ 57-ամյա Քնարիկ Նիկոլյանը: Նախքան երկրաշարժը, 10 տարի ձեւող-կարող վարպետ է աշխատել Աշոցքի կարի արտադրամասում, աշխատատեղի փակվելուց հետո, հմտությունները կիրառել է զավակներին հագցնելու ուղղությամբ: «Անցած տարի մասնակցեցի ՄԱԶԾ-ի «Կանանց տնտեսական գործունեության զարգացում» ծրագրին, նոր տեխնիկական աջակցություն եմ ստացել ու պիտի տարազներ կարեմ, որովհետեւ Արկադիս ծրագրում տուրիստին մատուցվող ծառությունների մեջ կա նաեւ հայկական տարազներով ֆոտոսեսիա,-բացատրում է տիկին Քնարիկը,-մինչեւ էդ էլ «Կանայք հանուն զարգացման» ծրագրով պարի խմբի համար էի տարազներ կարել: Մի խոսքով, հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու, կարեւորը երեխեքս չեն մտածե, թե անպայման գյուղից դուրս գան, որ աշխատանք գտնին»:

Ցողամարգում Նիկոլյաններն առայժմ միակն են, որ գյուղական հյուրատուն են բացել՝ առաջարկելով գիշերակաց, նախաճաշ եւ որոշակի զբաղվածություն՝ մի քանի օր հյուրընկալվելու դեպքում: Արփինեի համոզմամբ, եթե ամեն գյուղում գոնե մեկ հոգի մտածի այս ուղղությամբ, կարողանա գնահատել սեփական համայնքի ուժեղ կողմերը, հնարավոր է տարածաշրջանում զարգացնել գյուղական զբոսաշրջությունը: Ներկայում, Աշոցքի նախկին տարածաշրջանի 30-ից ավելի գյուղերից, մեկ հյուրատուն գործում է Մեծ Սեպասար գյուղում, մեկն էլ՝ Սարապատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter