
Բախշյանը՝ մարզերի դպրոցաշինության մասին
Սիրելի հայրենակիցներ,
«Ժառանգություն» կուսակցությունը կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ սրտանց շնորհավորում է մեր հանրապետության բոլոր կանանց եւ մաղթում, որ ունենանք արդարամիտ ու ազնիվ իշխանություն: Այս մաղթանքին սպասում են հանրապետության բոլոր քաղաքացիները եւ հատկապես Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ժողովուրդը, որովհետեւ գյուղի դպրոցը չորրորդ աստիճանի վթարային շենք է: Աշակերտների ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց, երեխաների կյանքը խարխլած շենքում վտանգված է, կրթության իրավունքը` նունպես: Իսկ դպրոցի շենքի պատմությունը հետեւյալն է. 2011թ. պետական բյուջեով նախատեսվել է նոր դպրոցի կառուցում: Աշնանը սկսել են փորել դպրոցի հիմքերը, գյուղացիները ոգեւորվել են, երեխաները` ուրախացել, սակայն շատ կարճ ժամանակ հետո «Սպիտակ կամար» ՍՊԸ-ն հավաքել է շինտեխնիկան ու հեռացել:
Տեղին է հիշել մարտի 1-ին Կոտայքի մարզում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ վարչապետի արտահայտած հետեւյալ միտքը. «Հայաստանի հանրապետական կուսակցությունը եղել է ազնիվ եւ հավատարիմ իր սկզբունքներին» (մեջբերումը բառացի է): Ենթադրում եմ, որ վարչապետը իշխող կուսակցության ազնիվ լինելու մասին հայտարարություն անելով` ուզում էր ասել, որ կառավարությունն էլ է ազնիվ: Այս դեպքում որքանո՞վ է ազնիվ կառավարության վերաբերմունքը Վարդենիս գյուղի կամ այլ բնակավայրերի խարխլված, ցուրտ դպրոցներում սովորող երեխաների նկատմամբ, ո՞վ է երաշխավորելու չորրորդ կարգի վթարային շենքում սովորող երեխաների կյանքի անվտանգությունը: Ինչո՞վ է զբաղված Արագածոտնի մարզպետարանի` երեխաների, ընտանիքների եւ կանանց իրավունքների պաշտպանության բաժինը:
Հարգելի´ ազնիվ կառավարություն, ինչպե՞ս կարող էր հայտարարվել շինարարության մասին մրցույթ, կառավարության որոշմամբ հաստատվեր մրցույթը հաղթող կազմակերպությունը, ԱԺ-ի կողմից հաստատված պետական բյուջեով տրամադրվեր 40 մլն դրամ, իսկ կառավարության որոշմամբ ետ վերցվեր օրենքով նախատեսված գումարը: Սա կառավարության ոչ միայն անազնվության, այլեւ ապօրինի գործունեության մի օրինակ է, իսկ նման անազնվության փաստերի հետ ամեն օր ու ժամ, ցավոք, բախվում են մեր հասարակության անդամները:
Այժմ անազնվության մի ա´յլ տեսակի մասին, որով վերջապես պետք է զբաղվի Էթիկայի հանձնաժողովը: Բազմաթիվ են բարձրաստիճան այն պաշտոնյաները, ովքեր պաշտոնական լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում են իրենց հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով:
Օրինակ, Արագածոտնի մարզի երեք դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար պայմանագրերը կնքվել են մարզպետի եղբոր «Ես եւ նա» ՍՊԸ–ի հետ, որը, ըստ քաղաքաշինության նախարարության տեսչության տեղեկանքի, հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է խիստ անորակ ու ժամկետների խախտումով, եւ իմ կողմից հնչեցված բոլոր ահազանգերի հանդեպ կառավարությունը, ի դեմ փոխվարչապետի, ցուցաբերում է կատարյալ անտարբերություն: Սա ավելին է, քան անազնիվ գործելակերպը:
Ինչեւէ, սիրելի քույրեր, կարծում եմ, հատկապես կանայքս, ջանք չպետք է խնայենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ բերենք այն ժամանակները, երբ իշխանությունները կանանց ոչ միայն համերգներ կնվիրեն, այլեւ կկատարեն իրենց ուղիղ պարտականությունները, մասնավորապես կապահովեն դպրոցներում մեր երեխաների կյանքի անվտանգությունն ու կրթության իրավունքը:
Սիրելիներս, մաղթում եմ առողջ ու երջանիկ լինեք մե´ր երկրում, ձե´ր ընտանիքների հետ միասին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել