Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ներկայացված նախագծերը վերաբերում են մեքենաշինության և ծառայությունների մատուցման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն նաև մի քանի հարյուր նոր աշխատատեղեր:
Անդրադարձ է կատարվել նախագծերի իրականացման մեխանիզմներին, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Ըստ տարածված հաղորդագրության՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ կառավարության քայլերը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները վերը նշված նախագծերի իրականացման մեխանիզմների շուրջ և ներկայացնել ամփոփ առաջարկություն:
Խորհրդակցությունն անցկացվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել