HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդմոն Մարուքյան. «Արտակարգ դրության ժամկետի երկարացումը հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ»

Ինչպես տեղեկացրել ենք, Կառավարությունն այսօր 30 օրով երկարացրեց արտակարգ դրության ժամկետը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարության որոշումը գնահատել է որպես օրենքին հակասող եւ հայտարարությամբ հանդես եկել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Ստորեւ՝ Մարուքյանը գրառումը։

«Շարունակում եմ պնդել, որ այս քայլը հակասում է գործող օրենքին։

Մասնավորապես, հիշեցնում եմ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝

  1. ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:
  2. Նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Մեջբերված հոդվածի իմաստն արտակարգ դրության իրավական ռեժիմի տևողության ժամկետների նախատեսումն է։ Հոդվածի 1-ին մասով հստակ սահմանվում են այն առավելագույն ժամկետները, որոնցից ավելի չի կարող շարունակվել արտակարգ դրության գործողությունը․ դրանք են 30 օր՝ ՀՀ ամբողջ տարածքում և 60 օր՝ Հանրապետության առանձին տարածքներում։

Ինչ վերաբերում է հոդվածի 2-րդ մասին, ապա այն բոլորովին չի հանդիսանում նախորդ մասում սահմանված կանոնից բացառություն։ Պետք է հաշվի առնել, որ «եթե մինչև նշված ժամկետների ավարտը» ձևակերպումը չի վերաբերում հենց 30 և 60 օրվան, քանի որ ամենևին պարտադիր չէ, որ արտակարգ դրությունը սահմանվի կոնկրետ այդ ժամկետներով, այլ կարող է սահմանվել օրինակ՝ 15, 20, 25 օրով։ Այսինքն, 2-րդ մասի կիրառության անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ արտակարգ դրություն է սահմանվել մինչև համապատասխանաբար 30 կամ 60 օր ժամկետով, և այդ ժամկետում արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել։

Նման իրավիճակների համար հոդվածի 2-րդ մասով հնարավորություն է տրվում արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական ժամկետը լրանալու դեպքում ոչ թե դադարեցնել արտակարգ դրության իրավական ռեժիմը, այլ երկարացնել դրա գործողության ժամկետը։ Սակայն երկարացվող ժամանակահատվածը չպետք է գերազանցի հոդվածի 1-ին մասում սահմանված՝ արտակարգ դրության գործողության առավելագույն ժամկետները։ Ասվածի մասին է վկայում նաև «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով» ձևակերպումը: Դա չի նշանակում, որ ժամկետի երկարացումը կարող է կատարվել առավելագույնը 30 կամ 60 օրով, այլ կարող է երկարացվել այնքան, որ արտակարգ դրության գործողության ընդհանուր տևողությունը չգերազնացի հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետները, այն է համապատասխանաբար 30 կամ 60 օրը։ Իսկ այն դեպքում, երբ առավելագույն ժամկետները լրանալուց հետո էլ չեն վերանում համապատասխան հիմքերը, ապա նման դեպքի համար անհրաժեշտ է առանձին կարգավորում, որը գործող օրենքում բացակայում է։

Ակնհայտ է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացումը ոչ միայն հակասում է օրենքին, այլ նաև հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter