HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վերաձեւումներ թիվ 34 եւ 35 ընտրատարածքներում

Շիրակի մարզի ընտրատեղամասերում ընտրողների համամասնությունն ապահովելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարել է փոփոխություններ: Տեղի է ունեցել երկու ընտարատարածքների` թիվ 34-ի եւ 35-ի վերաձեւում: Գյումրու Արցախ թաղամասում գտնվող թիվ 3-րդ մանկապարտեզում տեղակայված թիվ 28 ընտրատեղամասի 980 ընտրողներն այսուհետ քվեարկելու են ոչ թե թիվ 34 ընտրատարածքում առաջադրվող պատգամավորի, այլ թիվ 35 ընտրատարածքի առաջադրվող պատգամավորի կամ պատգամավորների օգտին:

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանի փոխանցմամբ` նման փոփոխություններն անխուսափելի էին` կապված բնակիչների փաստացի հաշվառման և Գյումրու Մուշ-2 նոր թաղամասի կառուցման հետ:

«Ընտրական օրենսգրքով նախատեսված է յուրաքանչյուր տարին մեկ անգամ կատարել հաշվառված ընտրողների քանակի ճշտումներ,- ասում է Էդուարդ Բաղրամյանը,- սա ունի իր կարեւոր ու անհրաժեշտ պայմանը: Յուրաքանչյուր անգամ վերանայվում է մարզում տվյալ ընտրատարածքների ընտրողների թվային շարժը: Բնական է, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ դուրս են գրվում կամ նոր մարդիկ են գրանցվում: Ընտրատարածքներում բնակիչների աճ կամ նվազում է տեղի ունենում: Քանի որ ներկայում, ինչպես գիտեք, պայման է դրված, որ մարդու անձնագրային տվյալները եւ փաստացի բնակության վայրը պետք է համապատասխանեն, ապա հաշվառումից հետո անհրաժեշտություն եղավ նման տեղաշարժեր կատարելու»:

Դեռեւս անցած տարվա նոյեմբերից էր հստակեցված, որ թիվ 34 ընտրատարածքում կա ընտրողների թվի ավելցուկ: Մուշ-2 նորակառույցում 1050 բնակարանի բաշխումը ընտրողների տեղաշարժ էր գրանցել ոչ միայն թիվ 35, այլեւ թիվ 33 ընտրատարածքում: Թիվ 34 ընտրատարածքը միակն է, որ ընդգրկում է ողջ քաղաքը եւ բնականաբար մարդկային շարժը մեծ չափով ազդելու էր հենց այս ընտրատարածքի վրա: Թիվ 35 ընտրատարածքն ընդգրկում է քաղաքից 23 ընտրատեղամաս եւ Ախուրյանի նախկին տարածաշրջանի համայնքները:

«Նորակառույց թաղամասի պատճառով մեր ընտրատարածք տեղափոխվեցին թիվ 33-ի ու 35-ի ընտրողները: Մեր թիվը բնականաբար ավելացավ, իսկ ըստ Ընտրական օրենսգրքի, համամասնությունը պարտադիր պիտի պահպանել: Տեսեք՝ այս տարի մոտ 2000 բնակարան էլ պիտի շահագործվի նորակառույց թաղամասերում, բայց վստահ չենք, թե բնակիչները կհասցնեն վերագրանցվել իրենց նոր հասցեներում: Եթե այդպիսի բան տեղի ունենա մինչեւ մայիս ամիսը, ապա թվային տարբերությունը կրկին կմեծանա ընտրատարածքներում,-մտահոգվում է Էդուարդ Բաղրամյանը,- Մուշ թաղամասում ընտրողների թիվն այս պահին ավելացել է շուրջ 700 ընտրողով»:

Եթե նախկին ընտրությունների ժամանակ Մուշ-2 թաղամասում գործել է մեկ ընտրատեղամաս, ապա, պայմանավորված ընտրողների թվի ավելացման հետ, կավելանա նաեւ տեղամասերի թիվը: Այս հարցը դեռեւս քննարկման փուլում է, սպասում են քաղաքապետարանի առաջարկին տարածքի առումով: Քանի որ նորակառույց թաղամասը այնքան էլ հարուստ չէ հաստատություններով (դպրոց, մանկապարտեզ եւ այլն),  ընտրատեղամասի տեղակայման առումով շենքային խնդիրներ կան:

Կատարված ճշտումների ու վերաձեւումների արդյունքում թիվ 34 ընտրատարածքի ընտրողների թիվը 61.902 է: Նախորդ ընտրություններին թիվ 34 ընտրատարածքից մեծամասնականով ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, իսկ թիվ 35-ից` նույն կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter