HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հայկական զարդանախշերը գրքերից իրականություն են վերադառնում ժամանակակից ձեւավորումով

«Պատկերները ես չեմ հորինում, օգտվում եմ հայկական զարդանախշերից ու մանրանկարչությունից և իմ երևակայությամբ հանձնում եմ կտորին: Լուծումները ժամանակակից ձեւավորումների մեջ են, որպեսզի մենք այն կրենք, կիրառենք առօրյայում»,- իր ստեղծագործական հաջողությունների գաղտնիքներն է «բացահայտում» ասեղնագործ Արմինե Խաչատրյանը: 

Նա մատների հմուտ շարժումներով զարդանախշերը «պատկերում» է կտորին, գունագեղ թելերի միջոցով դրանք կենդանություն են ստանում սփռոցների, թաշկինակների, բարձերի, կիրառական տարբեր իրերի, հուշանվերների վրա, վերածվում են կոլաժների: 

«Ասեղնագործությունը գործվածքն ասեղի ու թելի միջոցով զարդանախշելն է, երբ որևէ հորինվածք պատկերելու համար ասեղի օգնությամբ կտորի մի երեսից թելն անց է կացվում մյուս կողմը»,- գրականության մեջ այսպես է բնութագրվում ասեղնագործությունը: 

Բայց, որպեսզի այն արվեստի գործ դառնա, տեխնիկական հմտություններից բացի, հարկավոր է լավ ձեւավորում և գունային ճիշտ համադրություններ ստեղծել: Արմինե Խաչատրյանին դա հաջողվել է: «Բոլորը զարմանում են, թե ինչպես եմ կարողանում պատկերները նախագծել գունային այդքան ճիշտ համադրություններով»,- ասում է Արմինեն: 

Ասեղնագործությունը Արմինեն յուրացրել է բավականին հասուն տարիքում: Մինչ այդ նրա ստեղծագործական ներաշխարհը հարստացնողը տիկնիկագործությունն էր, որին նվիրվել էր Մարիոնետների թատրոնում, ապա Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միությունում աշխատանքի տարիներին և բավականին մեծ հաջողություններ էր գրանցել: Նա մոտ 500 տիկնիկի հեղինակ է, որոնք ստեղծել է թատերական ներկայացումների, բացօթյա միջոցառումների համար: 

Արմինեի հետաքրքրությունները փոխվել են 2012թ.-ից:

«Տարբեր երկրների մշակույթներ ուսումնասիրելուց, փառատոնների մասնակցելուց հետո մի շրջան եղավ, երբ սկսեցի մտածել առանձնահատուկ մի բան ստեղծելու մասին, որը բացառապես իմը լիներ: Ուզում էի մեր մշակույթը ներկայացնող ոլորտ ընտրել, որով կընդգծվեին ազգային նկարչությունն ու զարդանախշերը: Ընտրեցի ասեղնագործությունը, որին փոքր ի շատե ծանոթ էի դպրոցից»,- պատմում է Արմինեն: 

Ասում է՝ այդ տարիներին կարել եմ, ասեղնագործության խմբակի եմ հաճախել, բայց իմացությունս շատ քիչ էր: Գրքերի օգնությամբ սկսեցի ուսումնասիրել կարի տարբեր տեխնիկաներ, հմտություններ: Հայկական կարատեսակները՝ Մարաշի, Ուրֆայի, Սվազի, Այնթապի, Վանի, առանձնանում են յուրահատուկ ոճով ու ինքնատիպությամբ: Ուզում եմ մարդիկ տեսնեն ու ճանաչեն դրանք, տարբերեն արաբական, պարսկական, չինական և այլ ազգությունների զարդանախշերից: Ուզում եմ բոլորին հասանելի լինի այն՝ ինչը գրքերի մեջ է, չեն տեսնում:

Հայկական մշակույթը ցուցահանդեսներում ներկայացնելու բազմաթիվ առիթներ են եղել վերջին տարիներին. «Մի ավանդույթի վերածնունդ» խորագրով անհատական ցուցահանդես Գերմանիայի Բրեմեն քաղաքում, մասնակցություն Սուրաջկունդի 34-րդ միջազգային փառատոնին եւ այլն: Նրա ստեղծած ասեղնագործ թռչնատառերը ներառվեցին «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու հայտում, որը գրանցվեց 2019թ. դեկտեմբերին: 

ԿԳՄՍ նախարարությունը հայտում ներառել էր այն հեղինակների աշխատանքները, որոնք տառարվեստի ժառանգականությունը կրողն են ու փոխանցողը: 

Վերջին տասը տարիներին Արմինեն ասեղնագործության խմբակներ է ստեղծել մարզերում: 

Կանայք գալիս էին սովորելու՝ մեկը դաշտային աշխատանքից, մեկը՝ կովերին խնամելուց հետո, կոշտացած մատներով, բայց շատ մաքուր էին ասեղնագործում: Նրանց ինքնագնահատականը բարձրանում էր դրանից, այդ երկու ժամը զբաղվում էին ստեղծագործելով ու մոռացության տալիս առօրյա հոգսերը: Կանանց համար ասեղնագործությունը թերապիա է, գործելով պատմում են իրենց մտահոգությունները, վերջում  չեն էլ զգում, թե սրտներն ինչպես թեթևացրին:

Երբ համայնքներում նախաձեռնեցի դասավանդումը՝ մտածում էի, որ եթե կանանց մոտ ստացվի և վարպետանան, կարող ենք համագործակցել բիզնես ծրագրերում: Նրանք էլ զբաղվածության խնդիր ունեին և օգևորում էր այն միտքը, որ հետագայում աշխատանք կունենան: Հիմա նրանցից շատերը վարպետներ են դարձել և ասում են, որ ասեղնագործելով կարողանում են գումար վաստակել: Դա իմ աշխատանքի լավագույն գնահատականն է: 

Ես մեծ բավականություն եմ ստանում, որ իմ գիտելիքը փոխանցում եմ կանանց: Ուզում եմ, որ շատ համայնքներում արհեստները զարգացնենք, մարզերում երեխաները դրա կարիքը շատ ունեն: Իմ գործը համայնքներում եմ տեսնում, հատկապես այնտեղ, որտեղ կյանքն ավելի դժվար է: 

«Ժողովրդական արհեստը պահպանողը ժողովուրդը պետք է լինի, ինքն էլ փոխանցի սերունդներին»,- սա ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանի համոզմունքն է:

Ասեղնագործությունը զարգացած է եղել Արևմտյան Հայաստանում, խորհրդային Հայաստանում առանձնապես հետաքրքրված չէին ձեռագործ աշխատանքներով: Արմինեն ասում է, որ սիրիահայերի Հայաստան վերադարձով վերածնունդ եղավ հայկական կարատեսակների համար: Բուն կարատեսակներից շատերը նրանք բերեցին Հայաստան: Սիրիահայերի համար նույնպես ասեղնագործությունն ամենաթանկարժեքն է, մեծ ակնածանքով են վերաբերվում այս արհեստին, և փայփայելով փոխանցում են սերունդներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter