HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դերենիկ Խաչիկյան․ «Ամեն ինչը մարդկայինի, շփման վրա պետք ա ըլի, մարդու հետ շփվելիս հոգին բաց անես, հասկանաք իրար»

Դերենիկ Խաչիկյանը Նոյեմբերյանում է ապրում, աշխատում է օրավարձով։ Գարնանը հող է մշակում, այգիները մաքրում, ամռանը մասնակցում է խոտհունձին, իսկ աշնանը ձմեռվա վառելափայտի տեղափոխմանն է օգնում, փայտ ջարդում։

«Ամեն մի աշխատանք անելիս կարևորն էն է, որ լավ անես, ուշադիր լինես, գլուխ չպահես, եթե մենք մեզ համար գործ չստեղծենք, ուրիշը մեզ համար աշխատանք չի գտնի»,- ասում է Դերենիկ Խաչիկյանը,- հետո հավելում, որ մարդ չպետք է երբեք առանց գործի մնա։

Դերենիկը երեք եղբայր ունի, երկուսը Ռուսաստանի Դաշնությունում են աշխատում։ «Մեկ-մեկ ես էլ եմ ասում գնալու եմ, մամեն ասում ա՝ դու էլ գնաս, ով տի մնալ մեր քըշտին։ Երկու ամիս է՝ Ռուսաստանը սահմանը փակել է, եղբայրս պիտի էլի մեկներ արտագնա աշխատանքի՝ չկարողացավ, էս երկու ամիսներին տան միակ աշխատողը ես եմ եղել»,- ասում է Դերենիկը։

Հայրը պայմանագրային զինծառայող է եղել, տարիքի պատճառով էլ չի աշխատում։ Զինվորական թոշակ դեռեւս չի ստանում։

Դերենիկը պատմում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում դժվար է եղել օրավարձով աշխատանք գտնելը. մարդկանց մի մասը տանն է, եւ իր հողը մշակում է, աշխատուժի կարիք չեն ունենում, խուսափում են նաեւ օտար մարդու հետ շփումից. վախենում են համավարակից։ 

«Բայց ինձ համար կարեւորը առողջությունն է, որ առողջ ըլինք, ամեն ինչ էլ կկարենանք անենք, կապրենք էլ, գործ էլ կգտնենք»։

Լինում են պահեր, երբ աշխատելու ընթացքում նեղվում է մարդկանց վերաբերմունքից: «Օրինակ՝ տուկը բարձել եմ ավտոյի վրա, ասել եմ շատա վեր տի ընգնիլ, լսել չեն, իրանցն են պնդել, վերա ընգել, նեղվել եմ, որ իրանց առաջ տարան, բայց ինքս ինձ ասել եմ՝ բան չկա, շարունակել եմ գործը», - պատմում է 30-ամյա Դերենիկը։

Նա ութամյա կրթություն է ստացել, ցանկություն է ունեցել տեղի ուսումնարանում վարորդություն սովորելու, բայց ընտանիքի ֆինանսական դրությունը թույլ չի տվել։

Դերենիկը նաև ծանրամարտով է զբաղվում։ «Տանն ինքս ինձնով եմ զբաղվում, ծանրաձողերից մեկն ընկերս է տվել, մյուսը ինքս եմ հավաքել։ Սկզբից բարձրացնում էի 70-80 կգ, էդպես էի պարապում, հետո աստիճանաբար քաշը ավելացրի»,- ասում է Դերենիկը։

Մարզվելիս ինքն իրեն նկարում է հեռախոսով, հետո նայում սխալները, փորձում շտկել։

Դերենիկը բաց չի թողնում նաեւ ծանրամարտի առաջնությունները։

Ասում է՝ ուզում է ավելի շատ բան սովորել ծանրամարտից, բայց Նոյեմբերյանում ծանրամարտի խմբակ չկա։ «Կուզենայի, որ սովորեի, հիմա էլ աշակերտ կկարողանայի պարապել, իմ հացը կստեղծեի»,- ասում է Դերենիկը։

Երբ հուշում եմ, որ կարող է սոցցանցերում գրել իր պարապմունքների մասին, պարզվում է Դերենիկը սոցցանցերում գրանցված չէ։ «Գիտես, էդքան էլ կարեւորություն չեմ տալիս դրան, բնական շփումն ավելի լավ ա։ Երկու-երեք ընկեր ունեմ, որ գիտեմ՝ կկանգնեն իմ մեջքին, կօգնեն ցանկացած հարցում։ Ամեն ինչը մարդկայինի, շփման վրա պետք ա ըլի, պետք ա մարդու հետ շփվելիս, ոնց ասում են, հոգին բաց անես, հասկանաք իրար»,- ասում է Դերենիկ Խաչիկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter