HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ ձեռքերը լվանալու ժամանակը չէ

Մարտի երկրորդ շաբաթից սկսած, հաշված օրերի ընթացքում փակվեց այն ամենը, ինչ անվանում էինք իրական կյանքի բաղկացուցիչներ: Ստիպված եղանք առանձնանալ ոչ միայն մեր առօրյայից, աշխատանքային հաճելի ու տհաճ իրարանցումից, այլև միմյանցից, նույնիսկ հարազատներից: Մասշտաբները անսպասելի էին: Օրերի ընթացքում մատնվեցինք անգործության, որին, մեծ հաշվով, պատրաստ չէինք: Բայց մարդ արարածը հայտնի է իր հարմարվելու մեխանիզմներով, որոնք արագ օգնեցին մեզ փնտրել նոր ելքեր: Միակ մխիթարանքն ու ելքը վիրտուալ դաշտն էր:

Հիմա արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ իմ բոլոր մասնագիտական ու անձնական կապերը դարձել են վիրտուալ: Որևէ բան պլանավորելու հնարավորությունները սահմանափակվում են առցանց հանդիպումներով, առաջիկա նախաձեռնություններս նույնպես այդ ձևաչափի մեջ են: Բայց ես յուրահատուկ չեմ: Մենք շատ ենք: Մենք գրեթե բոլորն ենք, որ հայտնվել ենք զուգահեռ իրականության մեջ: Այն հոսուն է, անկայուն, սրընթաց: Նախորդ՝ կենդանի իրականությունը փլուզվել է: Մենք առցանցի բուռն ընթացքի մեջ ենք՝ դառնալով թվանշային իրականության տեսանելի մասնիկ, բայց մեր արժանապատվությունը,  թույլ չի տալիս խոստովանել, որ սարսափելի շփոթված ենք:

Ինչ-որ սյուռեալ բան կա այս ամենի մեջ: Փոքր տարբերությամբ, բոլորս նստած, աշխարհին նայում ենք նույն պատուհանի՝ համակարգչի մոնիտորի միջով: Նայում ենք, ու ճգնում վերջապես բան հասկանալ: Մեր էլեկտրոնային փոստն ու սոցիալական ցանցերը անընդմեջ լցվում են առցանց տեղի ունեցող իրադարձությունների հայտագրերով: Տրամաբանական է թվում նաև այն, որ երաժշտական, թատերական ու տեսողական արվեստի կենտրոնները/կոլեկտիվները/անհատները ի ցույց են դրել (այն էլ, մեծ մասամբ անվճար) տարիներով պահած, փայփայած աշխատանքները, կամ էլ տեղում արագ մի բան հորինում են: Այնպիսի զգացողություն է, որ COVID19-ի թեթև ձեռքով արվեստն ու մշակույթը երկաթյա մի վանդակ են ընկել, ու հարգալից ժպիտը դեմքներին պատից պատ են խփում իրենց, ու համբերատար ելքեր փնտրում:

Օբյեկտիվ պատճառներով հետզհետե մշուշի մեջ է մնում արվեստի վերլուծական, կոնցեպտուալ, ժամանակի խնդրահարույց հարցեր առաջ բերող, փնտրող, փորձարկումներ անող կողմը: Հիմա մենք մեկ խնդիր ունենք՝ հաղթել վարակին, և առանձնապես սիրտ չունենք վերադառնալ այն արվեստին, որը սոցիալական է, քաղաքական ու հասարակական: Աչքներիս առաջ արվեստը վեր է ածվում բացառապես զվարճանքի մեքենայի, մի տեսակ Արվեստի Նեթֆլիքսի:

Եվ մինչ մեր թվանշային պատուհանը հրամցնում է տարատեսակ որակյալ ու անորակ իրողություններ, մենք՝ մշակույթի ասպարեզի մարդիկ, բաժանվել ենք երկու մասի՝ նրանց, ովքեր համարում են, որ համաճարակով հրահրված արտակարգ մոտեցումները ժամանակավոր բնույթ ունեն, և վաղ թե ուշ (պատվաստանյութի ներդրմամբ, նախրային իմունիտետի ձեռքբերմամբ...) ամեն ինչ կվերադառնա նախկին հունին ու մենք կկարողանանք իրականացնել մեր հետաձգված նախագծերը, և նրանց, ովքեր քիչ հավանական են համարում, որ մոտակա  տարիներին մենք կվերադառնանք կյանքի նախկին ձևաչափին: Այդ խումբը կարծում է, որ հընթացս տեղի է ունենում մշակութային արտադրության հիմքերի արմատական մուտացիա, և անհնար է ասել, թե ժամանակի ընթացքում ինչ փոխակերպումների կհանգեցնի այն: Այդ հանկարծաշրջումը սկսվել է վիրուսով, բայց ավելի ևս խորանալու է դրան հաջորդող տնտեսական ճգնաժամով:

Ես ինձ, թերևս, այս խմբին եմ դասում:

Վտանգավորն այն է, որ առցանց այս վակխանալիան նպաստում է մեր աչքի ու մտքի բթացմանը, ապագայի տեսանելիության վատթարացմանը:   Ավելի ու ավելի դժվար է դառնում արձանագրել, որ այս «տանը մնա, առցանց ծրագիր արա, ձեռքերդ լվա»-ի կամ «անվերջ կրթվի, կինո, թատրոն նայիր, զվարճացի»-ին զուգահեռ եկել ու հետզհետե ավելի խորանալու է տնտեսական ճգնաժամը, որը համընդանուր իներցիոն թոհուբոհի մեջ արդեն իսկ ցույց է տալիս իր անխնա ճիրանները:

Ինչպե՞ս է ապրում մշակույթի պետական սեկտորը

Կարճ դադարից հետո նախարարությունը սկսեց ակտիվանալ: Ակնհայտ էր, որ արվեստն ու մշակույթը պետք էր ինչ-որ ձևերով ներկա պահել՝ հասանելի ձևերի մեջ: Փորձեր արվեցին վերանայել ու ցուցադրել պաշարած նախկին բովանդակություններ՝ անցյալի համերգներ, ներկայացումներ, (ինչը ոչ միշտ է հնարավոր՝ դրանց անորակ տեխնիկական լուծումների պատճառով): Հետո գործի անցան պետական կառույցների ղեկավարներն ու սկսվեցին տարատեսակ կրթա-լուսավորչական ծրագրերը: Այս ամենը այս մեծ կոլեկտիվների աշխատանքի մի փոքր մասն է միայն, և ակնհայտ է, որ չի կարող փոխարինել նրանց հիմնական առաքելությանը: Սա հարկադրական վայրէջք է:

Ֆինանսական իրադրությունը - Ուրախությամբ պիտի նշենք, որ, չնայած դե ֆակտո անգործությանը, պետությունը պահպանել է այս կոլեկտիվների աշխատավարձերը: Սա ոչ միայն մարդասիրական, այլև պրոֆեսիոնալ մոտեցում է, քանի որ անգործ մնալու դեպքում մարդիկ կսկսեն ապրուստի այլ միջոցներ փնտրել, իսկ լուրջ անձնակազմ (staff) հավաքելը ժամանակատար, լուրջ ու պատասխանատու խնդիր է: Քանդելը հեշտ է, հավաքելը՝ ոչ:

Ինչպե՞ս է ապրում ոչ-պետական սեկտորը

Այն նույնպես վիրտուալ տարածքում է: Անկախ հատվածի անհատ արվեստագետներն ու կազմակերպությունները նույնպես տարատեսակ կրթական ու պերֆորմատիվ ակտիվություններ են նախաձեռնում, փորձում մարզական վիճակում մնալ: Կրեատիվ իմաստով նրանց կյանքում շատ բան չի փոխվել: Նրանք սովոր են առանձնացած աշխատելաոճին:

Իսկ ֆինանսապե՞ս:

Երկրի ներսում - Հայտնի է, որ պետական համակարգում չգրանցված արվեստագետները (երաժիշտներ, ֆիլմարտադրողներ, լուսանկարիչներ, տեսողական կատարողական ու արվեստի հիբրիդ ձևերով զբաղվողներ, գրողներ, և այլն) ամենամսյա ապահոված աշխատավարձ չեն ստանում: Ֆորս մաժորի պայմաններում (ինչպիսին է համավարակը) նրանք կարող են օգտվել միայն պետական օգնության փաթեթներից: Եվ քանի որ պետական օղակներում գրանցված արվեստագետների աշխատավարձերը պահպանելով մեր պետությունը համարում է, որ խնդիրը լուծել է, և կարծես մտադրություն էլ չունի մոտ ապագայում հիշել մշակույթի ոչ-պետական հատվածի ինքնազբաղ (freelance) արվեստագետներին՝ առաջարկելով որևէ հատուկ փաթեթ (ինչպես դա արվեց եվրոպական մի շարք երկրներում), ապա այդ քաղաքացիները (որոնք, ի միջի այլոց, նաև հարկատուներ են) պիտի հրաժարվեն որևէ քաջալերանքի տեսակ ստանալու պատրանքից, եթե միայն հղի չեն, կամ չունեն մինչև 14 տարեկան երեխա, և կամ եթե………

Միջազգայնորեն – Մշակույթի անկախ սեկտորի ներկայացուցիչների գումար աշխատելու հիմնական միջոցը տեղական և միջազգային տարատեսակ նախագծերին մասնակցությունն է և դրանց համար հիմադրամներից միջոցներ հայթայթելը: Բայց բոլոր այն նախագծերը (ցուցահանդեսներ, համերգներ, համագործակցություններ միջազգային կազմակերպությունների հետ), որ քիչ թե շատ եկամուտ պիտի ապահովեին այս հատվածին, հետաձգվել են կամ ընդհանրապես չեղարկվել՝ անորոշ ժամանակով:

Արևմուտքի տարատեսակ արվեստային միջազգային պլատֆորմներ հարցաշարեր են ուղարկում արվեստագետներին՝ տարբեր երկրներում հատկապես ֆրիլանսների կամ ոչ-պետական կազմակերպությունների վիճակը ճշտելու համար: Նրանց նաև հետաքրքրում է առանձին երկրներում անկախ սեկտորում ակտիվ գործող անհատ արվեստագետների և կազմակերպությունների մասին վիճակագրությունը (ի միջի այլոց, մեզանում գոյություն ունի՞ այդպիսի վիճակագրություն): Ստացված ինֆորմացիան նրանք ուսումնասիրում են, վերլուծում, եզրակացություններ անում, և կազմում դիմում-պահանջներ՝ ուղղված ինչպես Եվրոպական միջազգային կազմակերպություններին, այնպես էլ առանձին ԵՄ և հարևան երկրների կառավարություններին: Դրանցից մեկն էլ ստորագրել են վեց համաեվրոպական միջազգային պլատֆորմներ՝ IETM-ի գլխավորությամբ:

Հայտարարությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

Հայաստանի կառավարությանն ուղղված ուղերձին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Իրենք՝ հայաստանյան ոչ-պետական մշակութային սեկտորի ներկայացուցիչները դեռևս ոչ մի կոչով հանդես չեն եկել: Դժվարություններից մեկն այն է, որ նրանք միավորված չեն որևէ կազմակերպության/ասոցիացիայի մեջ, որը բոլորի անունից կբարձրաձայներ խնդիրը: Նաև, ամենայն հավանականությամբ, որևէ հույս չունեն, որ այն ուշադրության կարժանանա: Ամեն պարագային, այսպիսի կոչը խնդրի վրա ուշադրություն գրավելու անհրաժեշտ քայլ կլիներ:

Բայց առայժմ, հաշվի առնելով այսօրյա իրողությունները, փորձենք իրերին ավելի լայն հայացքով նայել ու պատկերացնել իրավիճակի ապագա զարգացման հնարավոր սցենարները:

Գիտնականները զգուշացնում են, որ չեն բացառում, որ մոտ ապագայում ժամանակ առ ժամանակ նորից կծագեն իրավիճակներ, երբ պետք կլինի նորից ֆիզիկական հեռավորություն («սոցիալական հեռավորություն» արտահայտության հետ այնքան էլ համերաշխ չեմ) պահպանել կամ առանձնանալ: Սա մի վիճակ է, որի հետ բոլորս ստիպված կլինենք հաշվի նստել առաջիկա տասնամյակի ընթացքում:

Ի՞նչ վիճակում կարող է հայտնվել արվեստի աշխարհը 2020թ. –ից հետո: Արդեն իսկ ակնհայտ է, որ արվեստի ոչ մի տեսակ ապահովագրված չէ հարվածներից: Արդյո՞ք կփոփոխվեն արվեստի ստեղծման ու յուրացման ձևերը: Հետաքրքիր կլիներ պատկերացնել ստեղծագործական արձագանքները՝ արդեն այսօր ձևավորվող մարտահրավերներին:

Ի՞նչ փոփոխությունների կարող է ենթարկվել պետական սեկտորը

Փորձենք վերլուծել իրավիճակը՝ հենվելով օբյեկտիվ իրողությունների վրա:

Սկսենք երաժշտական կոլեկտիվներից, ու սկզբում պարզենք թե ինչ է նշանակում ֆիզիկական հեռավորություն՝ նրանց գործունեության համար: Որևէ նվագախմբերի համար դա նշանակում է, որ բեմի վրա իրավունք ունեն գտնվելու ոչ ավել, քան 15-20 մարդ: Նրանք պետք է նստած լինեն իրարից 1,5 -2մ հեռավորության վրա (այսինքն՝ գրեթե ամբողջ բեմով): Աշխարհի ոչ մի բեմ (այդ թվում նաև օպերային փոս) չի կարող այդ պայմաններով տեղավորել ամբողջական սիմֆոնիկ նվագախումբ: Սա առաջացնում է նաև մի շարք խնդիրներ՝ ակուստիկ (նվագելիս իրար լսելու, իրար հետ կապը պահելու դժվարությունը), երկացանկի (20 հոգին արդեն սիմֆոնիկ նվագախումբ չէ, այլ կամերային՝ բոլորովին ուրիշ երկացանկով), փողային նվագարանները ընդհանրապես չեն կարող օգտագործվել այն պարզ պատճառով, որ փչելիս նրանց թուքը օդի միջոցով կարող է տեղափոխվել մինչև 15 մետր (սրա մասին կարող եք կարդալ այս հղումով): Նույնը վերաբերվում է նաև երգիչներին ու երգչախմբերին (սրա մասին կարող եք կարդալ այս հղումով):

Մենահամերգները, փոքր կազմերով համերգները (տրիո, կվարտետ) հաջողությամբ կարող են տեղի ունենալ: Թատրոնները կհայտնվեն նույն վիճակում (սակայն դժվար է անվերջ մոնո-ներկայացում հրամցնել): Ամեն ինչ սեղմվում է, փոքրանում ու դառնում ծակոտկեն:

Հանդիսատեսը

Ցավով պիտի նշեմ, որ այս դեպքում պիտի խոսենք նույնիսկ հետաքրքրված ունկնդրի/հանդիսատեսի թվաքանակի կտրուկ նվազման մասին: Նրանցից քանի՞սը կուզենան համերգային կամ թատրոնի դահլիճում ներկայացում դիտել իրարից 2մ հեռավորության վրա՝  հաշվի առնելով այն փաստը, որ ոչ հեռու անցյալում այս մարդիկ վայելել են կողք-կողքի արվեստի գործի հաճույքը կիսելու զգացումը, «միասին զգալու» յուրահատուկ թրթիռը: Էլ չենք խոսում այն մասին, որ ճգնաժամի արդյունքում մարդը սկսել է հաշվել ամեն կոպեկը (պակաս կարևոր չէ, որ առցանց համակարգում նա սովորել է ամեն ինչ լսել ու տեսնել անվճար): Որևէ փակ տարածքում թեկուզև մեկ ժամ մնալու իրական կամ հոգեբանական վտանգի զգացողության մասին կլռեմ:

Արդյունքը

Սրա տրամաբանական շարունակությունը այս մշակութային օղակների ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումն է: Չնայած պետական դոտացիաներին, նրանք պարտավոր են գումար վաստակել ու հոգալ իրենց կոլեկտիվների գոյությունը, հոգ տանել իրենց վստահված շինությունների մասին: Ժամանակի ընթացքում պետության սևեռուն հայացքը կարձանագրի, որ այս կառույցների մի մասը ի վիճակի չէ լուծել այս խնդիրները: Ուզած թե չուզած, արտադրված մշակութային ապրանքը տարբեր պատճառներով ունկնդրին հասցնելու, նրան «վաճառելու» անկարողությունը, շարժառիթ կհանդիսանա, որ պետական մշակութային օղակների (թատրոնների, նվագախմբերի, երգչախմբերի, թանգարանների) քանակը էականորեն կրճատվի: Նախահամաճարակային մշակութային դաշտում պետական կարգավիճակ ունեցող, բայց անորակ, «ավտոպիլոտի» վրա աշխատող կառույցները, որ տասնամյակներով նստած են հարկատուի վզին (բացառապես իրենց պետական կարգավիճակի շնորհիվ), նույնպես բնական ընտրությամբ կհայտնվեն տատիկի սնդուկում: Մոտավորապես պատկերացնելու համար, թե դրանց քանի տոկոսը կմնա, կառաջարկեի այդ կառույցներին երևակայել նույն կարգավիճակում, ինչ իրենց նմաններն են, օրինակ, ԱՄՆ-ում: Դրանցից քանի՞սը կարտադրի որակյալ, ժամանակակից մարդուն հետաքրքիր բովանդակություն ու կկարողանա միջոցներ հայթայթել սեփական գոյությունը հոգալու համար:

Ի՞նչ փոփոխությունների կարող է ենթարկվել ոչ-պետական, անկախ սեկտորը

Անդառնալի: Սա է այն բառը, որ պիտի օգտագործենք այստեղ:

Տեղական դաշտում առանց այն էլ փոքր եկամտի նվազման կամ իսպառ վերացման, միջազգային համագործակցությունների հնարավորությունների պակասեցման հետ, մեծ քանակությամբ արվեստագետներ ստիպված կլինեն անցնել այլ, ավելի պարզ աշխատանքների, որպեսզի հոգան իրենց ընտանիքների հոգսը: Դժվար չէ հասկանալ, որ այս իրավիճակը, մեղմ ասած, բոլորովին էլ չի նպաստի այս մասնագետների վերազինմանն ու վերապատրաստմանը (ինչը չվերջացող, պարտադիր գործընթաց է ցանկացած մեկի համար):  Որևէ ստեղծագործական նվաճման մասին ավելորդ կլինի խոսելը: Օրեցօր խստացող պայմաններ առաջադրող շուկայում այս մասնագետները շատ արագ անցանկալի կդառնան թե՛ դրսի և թե՛ ներսի համար: Եթե այժմ սրա վրա պատշաճ ուշադրություն չդարձվի, ապա ապագա մի քանի սերնդի քրտնաջան աշխատանք պետք կլինի՝ իրավիճակը նորից վերականգնելու համար:

Հայաստանյան արվեստի ամբողջ ոչ-պետական հատվածը կհայտվի ծայրահեղ անպաշտպան, լինել-չլինելու եզրին: Ընկերներիցս մեկի հետ զրույցում նա ասում էր. «Սոցիալական ցանցերի աշխուժությունը ինձ նյարդայնացնում է: Այնպիսի զգացում ունեմ, որ ոչ մեկի վեջը չէ: Բոլորը կարծես առույգ ու գործունյա են: Ու դրանից ավելի վատ եմ զգում ինձ, աշխատանքս՝ չգնահատված, ինձ՝ փխրուն ու անարժեք»:

Եվ քանի որ բոլորս էլ գիտենք, որ պետական օղակներում գրանցված կամ չգրանցված լինելը բոլորովին էլ չի նշանակում որակյալ կամ ավելի քիչ որակյալ մասնագետ, ապա իրերի այս վիճակը, վերջին հաշվով, կարող է հանգեցնել ոչ պակաս կարևոր մի խնդրի՝ սոցիալական անհամերաշխության:

Համերաշխություն երկու սեկտորների միջև = հասարակական համերաշխություն

Անհնար է պատկերացնել հայաստանյան մշակութային լանդշաֆթը՝ առանց պետական և ոչ-պետակա սեկտորների համագործակցության: Դրանք շատ բնական ձևով միահյուսված են: Բայց երբ դրանցից մեկը կորցնի ապրուստի բոլոր միջոցները, դժվար թէ հնարավոր լինի պահպանել միասնականության, համերաշխության զգացումը: Վիրուսի անմարդկային բնույթն, այնուամենայնիվ, ստիպում է մտածել մարդկային համերաշխության մասին: Սա այնքան էլ դյուրին չէ պետության այսպիսի անհավասար կառավարման, կամ ավելի շուտ՝ կողմերից մեկի գոյությունը արհամարհելու, չնկատելու պարագայում: Արդյունքում, արվեստի դաշտը կարող է ներկայանալ որպես հասարակության տարբեր շերտերի միջև բաժանվածության, հանրային բարիքից անհավասար օգտվելու հնարավորությունների բացառիկ օրինակ:

Հնարավոր գործողություններ՝ ոչ-պետական սեկտորը մասնակի կամ ամբողջական ոչնչացումից փրկելու համար

COVID-19-ի հետևանքով, հայտնվելով քիչ թե շատ ստատիկ վիճակում, կյանքը սկսեց ավելի խիստ չափորոշիչներ գեներացնել՝ դնելով դրանք տիեզերական արագությունների մեջ: Որքան էլ մենք քննարկենք թե ինչն է լավ ու ինչը՝ վատ – ի՛նչ կատարվում է, արդե՛ն կատարվում է: Այստեղ կոկետության տեղ չէ: Պետք է հասկանալ, թե ինչպես պիտի շարունակենք ապրել:

Ներկա պահին պետությունը գոյատևման հրատապ ծրագրերի իրականացման փուլում է, որոնք ուղղված են քաղաքացիներին օգնելու, որ վերջիններս սովամահ չլինեն: Արվեստում հապշտապ նախագծված ծրագրերի շքերթ է՝ ջրի երեսին մնալու համար: Այս լղոզված ուրվագծերով իրականության պարագայում սրանք մշակույթի վիճակը «նորմալացնելու» փորձեր են:

Սակայն մարդկության պատմության դրամատիկ պահերին (իսկ ներկան, անկասկած, դրանցից մեկն է) հասարակությունն ու պետությունը չեն կարող ապավինել արվեստի աջակցության փոքր, «նորմալ պայմանների» համար ձևավորված մոդելներին: Ֆորս մաժորի պայմաններում դրանք պարզապես դադարում են աշխատել: Ճգնաժամի պահերին, արվեստին վերաբերող քննարկումներից պատմականորեն միշտ կարևորվել են նրանք, որոնք տարվել են արվեստի կառուցվածքային տեղաշարժերի, դրա արտադրության և բաշխման համակարգերի հիմնարար փոփոխությունների շուրջ: Արդեն իսկ նկատելի տնտեսական ճգնաժամի սպասվող մասշտաբները ուշադրություն են ակնկալում և  համապատասխան քայլեր՝ արվեստի ու մշակույթի ոլորտում նոր, սկզբում՝ օգնող, այնուհետև՝ դաշտը վերաձևակերպող ծրագրեր ստեղծելու ուղղությամբ:

Ուրեմն, ինչպե՞ս այդ գոյատևման ծրագրերը վերածել երկարատև, ռազմավարական, նոր պայմաններում արվեստի նոր զարգացումների ծրագրերի:

Պատասխանը մեկն է. պետությունը, որ տասնամյակներով իր ձեռքում է պահել որոշումներ կայացնելու, «կարևոր»-ը «անկարևոր»-ից (որ նույնն է թե՝ պետականը ոչ-պետականից) բաժանողի սովետական մոնոպոլիան՝ դույզն իսկ շանս չթողնելով հանրային կարծիքի և այլ ֆինանսական միջամտության համար (ի դեմս հանրային միջոցներով աշխատող անկախ հիմնադրամների, հարկային արտոնություններով աշխատող մեցենատության մասին օրենքի, և այլն), պարզապես պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն և` «օգտվելով» համաճարակից ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամից, իր համար անսովոր ռիսկերի դիմել ու էքսպերիմենտներ անել:

Այստեղ խոսքը տարբեր փաթեթներով արվեստի համակարգը բժշկելու մասին չէ, այլ ստեղծված արտակարգ վիճակին համապատասխան արտակարգ ծրագրեր մշակելու մասին, որոնք կներդրվեն որպես ստեղծարար ոլորտի շտապօգնության ծրագրեր, և, որոնք ժամանակի հետ արմատապես կփոխեն իրերի դասավորությունը՝ վերածվելով նոր իրողությունների երկարատև ստրատեգիաների:

Մի փոքր պատմական ակնարկ

Այս առումով, կարծում եմ օգտակար կլիներ անդրադառնալ 20-րդ դարի համաշխարհային տնտեսության «Մեծ Ճգնաժամ»-ի ընթացքում, Ֆրանկլին Ռուզվելտի օրոք, 1932 թ-ին ԱՄՆ-ում ներդրված NEW DEAL դաշնային օգնության ծրագրին, ու նրան, թե ինչ արեց այդ ծրագիրը արվեստի միջոցով՝ արվեստի համար:

NEW DEAL պետական ծրագիրը ստեղծվեց ամերիկյան արվեստագետներին օգնելու համար, որ իրականացվելու էր արվեստի ստեղծագործություններ և նախագծեր պատվիրելու ձևով: Սա նախագծված էր ամբողջ երկրի համար, և իրականացվում էր բոլոր նահանգներում:

Հազարավոր անպաշտպան արվեստագետներ ներգրավվեցին այս ծրագրի մեջ՝ ստեղծելով արվեստի ստեղծագործություններ՝ ազդագրերից մինչև հանրային արվեստի գործեր: Ծրագրի բազմաթիվ նախաձեռնությունները հնարավորություն ընձեռնեցին երիտասարդ արվեստագետներին գոյատևել ու աշխատել՝ հիմքերը դնելով եկող տասնամյակների ամերիկյան արվեստի պայթյունի: Մարկ Ռոթքոն, Վիլյամ դե Քունինգը, Ջեքսոն Փոլլոքը, Արշիլ Գորկին – այս արվեստագետները բոլորն օգտվեցին այդ ծրագրից՝ իրենց կարիերայի վաղ, չափազանց կարևոր ու փխրուն ժամանակաշրջանում: Հետագայում Արշիլ Գորկին գրում էր, որ ճգնաժամի տարիները իր կյանքի «ամենախիստ, բայց նաև ամենից շատ ոգեշնչող» ժամանակաշրջանն էր: Իսկ Ջեքսոն Փոլլոքը հիշում էր, թե ինչպես էր ինքը բեռնափոխադրող գնացքներով երկիրը ոտքի տակ տալիս՝ իր արվեստը տարածելու համար:

Այսպիսով, այս ծրագիրը հազարավոր արվեստագետների փրկեց աղքատությունից ու հուսահատությունից, երկրի նույնիսկ խուլ հատվածները հարստացրեց արվեստի ստեղծագործություններով, արտիստական կարիերաներ փրկեց՝ փլուզումից: Դրանց մեջ շատ ու շատ հետագայում հայտնի դեմքեր կային: Ամերիկայի արվեստային դիմագիծը փոխված էր ընդմիշտ:

Բայց անցնենք մեր ցավերին:

Ուրեմն, ինչպե՞ս կարելի է օգնել անկախ արվեստագետներին, որ դա չլինի մեկանգամյա 26,500 - 65,000 դրամ օգնություն: Օգնել այնպես, որ նրանք արարեն՝ օգուտ քաղելով ծրագրից, ու միաժամանակ օգուտ բերեն հայրենիքին: Բացի անկախ արվեստագետին դժվար ֆինանսական վիճակից հանելուց, այսպիսի մի ծրագիրը կլուծեր ա/պետության նկատմամբ արվեստագետի կապի ամրապնդմանը, բ/արվեստի ապակենտրոնացմանը, գ/երիտասարդ արվեստագետների մասնագիտական որակների բարձրացմանը, դ/համայնքներում արվեստի նկատմամբ բարերար վերաբերմունքի աճին, ե/արվեստագետի ու համայնքի կապի սերտացմանը, և էլի շատ ուրիշ կարևոր խնդիրներ:

Քանդակներ, որմնանկարներ, պերֆորմանսներ, վիդեո-պրոյեկցիաներ, սոցիալական պրակտիկ աշխատանքներ, հանրային արվեստ (public art)a…ցուցակը կարելի է շարունակել գործունեության ձևերի, որոնք բազմակողմանի օգտակար կարող են լինել արվեստագետի ու համայնքի համար՝ վերստեղծելով բնակավայրը՝ որպես ցանկալի մշակութային վայր: Այս իմաստով, այս ծրագիրը շարունակությունը կարող է հանդիսանալ ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև «Իմ Քայլը» հիմնադրամի՝ մարզերում արվեստն ու մշակույքը զարգացնելու, համայնքները պատշաճ արվեստային վիճակի հասցնելու հայտարարված առաջնահերթությունների:

Պետության/նախարարության համապատասխան փորձի պակասը (կամ, ավելի ճիշտ՝ բացակայությունը), անշուշտ, չի օգնելու այս խնդրի լուծմանը:  Սա ռադիկալ մոտեցում է պահանջում, ու չպիտի նմանվի այն փորձված ձևին, երբ պետական օղակներում գործող ադմինիստրատոր/արվեստագետները դառնում են տրենդեր մշակողներ՝ գնահատել/ընտրելով  նախագծեր, որոնք բոլորովին կապ չունեն իրենց իսկ գործունեության հետ  (ինչպես դա արվում է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերում): Ավելի շուտ սա պիտի լինի ծրագիր (կամ ծրագրեր), որոնք անկախ, պետական համակարգում չներգրավված արվեստագետներին, դրանց խմբերին ու կազմակերպություններին (նրանց օգնելու պատրվակի տակ) կակտիվացնեն նրանց` իրենց իսկ ալտերնատիվ դաշտում:

Մտավորականների, արվեստի քաղաքականության տեսաբանների, վիզիոներների խումբ կամ մի քանի խմբեր պիտի աշխատեն, որոնք գիտեն փիլիսոփայական մտահղացումները արվեստի ռելեվանտ ծրագրերի փոխակերպելու ձևերը: Նրանց պիտի միանան նաև ֆինանսիստներն ու իրավաբանները, տեղական ինքնակառավարման պատասխանատուները: Նրանց կարող են օգնել նաև անկախ արվեստագետները (ի դժբախտություն կամ բարեբախտություն իրենց, անկախ արվեստագետներնից ու արվեստի կազմակերպություններից շատերը տասնամյակներով սովոր են գեներացնել իմաստներ, մտածել ժամանակի հետ քայլող նախագծեր, փնտրել ու գտնել ֆինանսական միջոցներ, պայքարել արևի տակ իրենց տեղի համար):

Ես հեռու եմ այն կարծիքից, թե պետական սեկտորից դուրս գործող բոլոր կազմակերպություններն ու արվեստագետները գեներացնում կամ համավարակից հետո գեներացնելու են ժամանակակից խնդիրներով տառապող, որակյալ բովանդակություն /կոնտենտ/: Ժամանակի մանր մաղի միջով պիտի անցնեն բոլորը՝ իրականությանը (իրական, այլ ոչ թե մտացածին կամ ցանկալի) համապատասխանելու, ռելեվանտության, որակի մաղով: Ինչպես պետական կառույցները կմաղվեն, այնպես էլ ոչ-պետականները: Դա միանգամից տեղի չի ունենա, այլ ժամանակի հետ /թերևս, ամենաշատը քարշ գալու երեք-չորս տարի ունենան/:

Որպես վերջաբան

Այս ճգնաժամը հնարավորություն է տալիս վերանայելու արվեստի մեջ ներգրավված բոլոր կողմերի դերերն ու դիրքերը: Անկախ արվեստագետների պետական ​​պաշտպանությունը կարող է դառնալ այդ հարաբերությունների հիմնաքարը, որի ստեղծման աշխատանքը պետք է սկսվի հենց հիմա և անվերջ վերանայվի: Արվեստի ազգային ռազմավարության լավ մտածված ծրագիրը կարող է դնել դրա հիմքը: Սա շատ հարմար ժամանակ է:

Ուրեմն ինչի՞ց ենք վախենում:

Տանուլ տալու՞ց:

Ի՞նչը:

Ինչպես գրում էր NEW DEAL ծրագրի հեղինակ, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը 1932թ. -ին. «Երկիրը կարիք ունի - և եթե ես չեմ սխալվում նրա բնավորության վերաբերյալ –երկիրը պահանջում է համարձակ ու համառ փորձարկումներ: Ողջամիտ է՝ ընտրել մի մեթոդ ու փորձել այն: Եթե այն ձախողվի, պետք է ազնվորեն ընդունել դա, ու փորձել մեկ ուրիշը:

Բայց, նախ և առաջ, պետք է մի բան փորձե՛լ»:

Հ.Գ. Սրա շուրջ սպասում եմ ակտիվ քննարկումներ՝ նախ և առաջ արվեստի պետական օղակների կողմից:

Մարինե Կարոյան

ԱՐէ կատարողական արվեստների փառատոնի ղեկավար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter