
Գրավոր հարցման պահանջներում փոփոխություններ են նախատեսվում
Արդարադատության նախարարությունը նախատեսում է տեղեկատվություն ստանալու հարցմանը ներկայացվող պարտադիր պահանջների շարքից հանել քաղաքացիության նշման և ստորագրության առկայության մասին դրույթները:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում նման փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել Արդարադատության նախարարությունը։
Ըստ առաջարկվող օրենսդրական փոփոխությանը՝ գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) հարցման մեջ նշվելու է դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը), ինչպես նաև փոստային կամ էլեկտրոնային փոստի հասցեն:
Նախարարությունը, հաշվի առնելով էլեկտրոնային եղանակով հարցումներ ներկայացնելու հնարավորությունը, գրավոր հարցումում նախատեսել է նաև էլեկտրոնային փոստի հասցեի նշումը,որպեսզի էլեկտրոնային փոստի հասցեով պատասխան ստանալու հնարավորություն լինի:
Նշենք, որ այժմ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով՝ տեղեկություն ստանալու հարցումներում պարտադիր պետք է նշվի դիմողի քաղաքացիությունը, ինչպես նաեւ հարցումը պետք է ստորագրված լինի:
Արդարադատության նախարարությունը ընդգծել է, որ հանրային տեղեկության տրամադրման դեպքում դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նման տեղեկությունը պետք է տրամադրվի ցանկացած դիմողի, ուստի դիմողի անձն էական չէ: Բացի այդ, տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկան չի բացահայտել այս նորմի իմաստը. «Այսինքն՝ նման պահանջն արդարացված չէ, այն չի կիրառվում տեղեկություն տնօրինողների կողմից տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանել-չպատասխանելու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար»,- հայտնել է Արդարադատության նախարարությունը։
Նախարարությունը չի թաքցրել, որ տեղեկություն տնօրինող մարմինները չունեն գործնական և իրավական մեխանիզմներ՝ ստուգելու իրենց տեղեկություն ստանալու հարցումներով դիմած անձանց քաղաքացիության իսկությունը: «Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել տեղեկություն ստանալու հարցումներ ներկայացնելու մատչելիությունը և հասանելիությունը, որպեսզի յուրաքանչյուրը տեղեկություն և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունից անարգել օգտվի, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով»,- հայտնել է Արդարադատության նախարարությունը։
Մեկնաբանել