HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Լամարա Ասատրյան․ «Ամեն ինչից էլ պետք ա գումար սարքենք, բա մեզ ո՞վ պահի»

Անտառի միջով անցնող արահետը տանում է դեպի հեռվում երեւացող տնակը։

Լսվում է շան հաչոցը, խունացած տնակից դուրս է գալիս Լամարա Ասատրյանը, քայլում մեր ուղղությամբ։ 

«Վախիլ մեք, կծող չի, խամ մարդ ա տեհել, հաչում ա։ Եկեք, դուք ներս մտեք, ճաշս վառվում ա, անջատեմ. շան ձենից դուրս եկա,- այգու դռան մոտ հասնելով՝ ասում է Լամարան։

Ներս ենք մտնում ու միանգամից հայտնվում այգու տարածքում։

«Էս էլ իմ բաղչեն, եկեք, ընենց կնկարես, թափթփվածը չերեւա»,- ծիծաղելով ասում է Լամարան։

Լամարա Ասատրյանը Նոյեմբերյան քաղաքից է։ Նրան վաղ առավոտյան կարելի է տեսնել մայրուղու եզրով շյուղերը ձեռքին քայլելիս։

«Տղերքս հետս կռվում են, ասում՝ մամա, ամոթ ա գործելով քայլում ես, ես էլ ասում եմ՝ էդքան ճամփեն, որ պարապ չանց կենամ, գոնե մի բանով զբաղվեմ»,- ասում է Լամարան։ Նա 4 տարեկանում տատի օգնությամբ է գուլպա գործել սովորել։ Ու այն դարձել է սիրելի զբաղմունք և փող աշխատելու միջոց։ Լամարան գուլպաները վաճառում է։ 

«Ամեն ինչից էլ պետք ա գումար սարքենք, բա մեզ ո՞վ պահի»,– ասում է Լամարան։

Հողամասը, որը մշակում են, Նոյեմբերյան քաղաքից դուրս է՝ անտառի մեջ։ 10-15 տարի առաջ նոյեմբերյանցիներից շատերն էին մշակում այդտեղի հողերը, այսօր այդ տարածքում մի քանիսին կարելի է հանդիպել, որոնցից մեկն էլ Լամարա Ասատրյանի ընտանիքն է։ 

Երկար տարիներ տարբեր տեղերում որպես խոհարար է աշխատել, ամուսինն էլ բանվորություն է արել, հետո նրանց աշխատատեղերը փակվել են եւ որոշել են հող մշակել։ Հողամասում լոբի, կարտոֆիլ, ոլոռ են ցանել։ Տեղ-տեղ երեւում են ելակի թփերն ու բազուկի սածիլները։

«Էնա գարունը լե բաց ա ըլում, գալիս եմ, փորում, ցանում։ Ըստի նաեւ հավ եմ պահում, կով եմ պահում»,- պատմում է Լամարան։

Համավարակի օրերը Լամարային չեն խանգարել, ինքն իր գործը չի դադարեցրել։ «Մի անգամ ճամփին ոստիկանները կանգնացրին, ասին՝ ուր ես գնում, ասացի՝ բաղը, էլ դրանից հետո չեն կանգնեցրել։ Ես չեմ կարա տանը մնամ, բա էս բաղն ո՞վ մշակե»,- ասում է նա։

Լամարան ու ամուսինը 13 տարի է՝ գյուղատնտեսությամբ են զբաղվում, երկու տարի է՝ այգում փոքր վագոն-տնակ ունեն, Լամարայի ամուսինը՝ Սամվել Անանյանը, հողամասում է գիշերում։

«Բա որ սաղս գնանք, էս տնտեսությունն, էս անասուններին ո՞վ նայե։ Ես ռավոդը (առավոտյան) 6-7-ին գալիս եմ։ Տղես հիմա ավտո ունի, բայց մինչեւ էդ ոտքով եմ գնացել-եկել, էսքան բանին հասել։ Պետք է նաեւ ուշադիր լինես, որ անասունն այգին չմտնի, ոտնատակ չտա, պետքա եդեւես, որ բարիքը ստանաս »,- ասում Լամարան։

43 տարի է՝ Լամարան ամուսնացած է, 4 զավակ ունի, 6 թոռ։ Ութամյա կրթություն է ստացել, ասում է՝ ֆինանսական դրությունը չի թողել, որ կրթություն ստանա։

«Ես լավ երգում էի, կուզեի տեր ունենալ, գնալ, սովորել։ Իմ հերն ու մերը սարերում են էլել, մենք էլ ընդեղ ենք մեծացել, ոնց պիտի կրթությունս շարունակեի»,- ասում է Լամարան։

Այգու դռնակը նորից բացվում է, Լամարային հրաժեշտ ենք տալիս։ Հեռանալուց դեռ երկար լսվում էր շան հաչոցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter