HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի հանքավայրի նոր շահագործողները և պոչամբարի վերաբերյալ հետազոտության գաղտնի արդյունքները

Բուլղարական «Գեոտեխմին» ընկերությունն, ըստ էության, Թեղուտի պոչամբարի վերաբերյալ նախնական ուսումնասիրություններն ավարտել է, սակայն դրանք գաղտնի են պահվում:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, թե ինչ է հայտնաբերել ընկերությունը Թեղուտի պոչամբարի ուսումնասիրությունների արդյունքում, «Գեոտեխմին» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դանիելա Թեոֆանովան հայտնել է, որ չի կարող պատասխանել մեր հարցերին, քանի որ կոնֆիդենցիալության պարտավորություններ ունեն: Այդ հարցին «Հետք»-ի հետ հարցազրույցում հստակ չի պատասխանել նաև «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն: (Ամբողջական հարցազրույցը կարդացեք «Հետքում» վաղը):

Այդուհանդերձ, այս գաղտնիությունը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` «Թեղուտ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով մայիսի 8-ին աշխատանքային խմբի ստեծղումը որոշ ենթադրությունների տեղիք են տալիս:

Աշխատանքային խումբը երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնելու է հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։ Աշխատանքային խումբը, սակայն, ևս չի հրապարակայնացնում «Գեոտեխմին»-ի ուսումնասիրության արդյունքները:

Մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվության հրապարակումից պարզ է դառնում, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետերերի ցանկում նոր անձինք կան:

2019թ. դեկտմեբերի 20-ից ընկերությունում 25,05 % բաժնետեր է դարձել Նորիկ Պետրոսյանը, որին ներկայացրել են որպես ռուսաստանաբնակ գործարար: Վերջինս իր ընտանիքի հետ հաշվառված է Կոտայքի մարզի Ակունք գյուղում:

Որպես 25 % բաժնետոմսի սեփականատեր նշվում է նաև ՌԴ քաղաքացի Պավել Կորիչնևի անունը, սակայն պարզ չէ, թե երբ է նա ձեռք բերել այդ բաժնեմասը:

Թե' նորիկ Պետրոսյանը, թե' Պավել Կորիչնևը ներկայացված են որպես անուղղակի մասնակիցներ` ընկերությունների միջոցով:  

Փոխարենը կան միջանկյալ իրավաբանական անձինք, ընկերություններ` գրանցված տարբեր օֆշորային գոտիներում:

Այսպիսով, հայաստանյան «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետերը Կիպրոսում գրանցված Teghout Investments Ltd-ն է:

 

Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրից ձեռք բերած փաստաթղթի համաձայն` այստեղ երեք բաժնետեր կա: Sunarto Ltd-ն` 25,05 %, Vestrok Development Ltd-ն` 25% և Nairi Infrastructure Capital Ltd-ն` 49,95%:

Sunarto Ltd-ն նոր ընկերություն է, Կիպրոսում գրանցվել է 2019թ. հունիսի 19-ին: Սկզբնական բաժնետեր եղել է Բաղրամյան 58 հասցեում հաշվառված Արթուր Հրաչիկի Ներսիսյանը: Նա, համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, նաև բաժնետեր է «Առվա հանքավայրեր» ՍՊԸ-ում (ժամանակավոր դադարեցված է), միաժամանակ՝ Նորիկ Պետրոսյանի դստերը` Արմինե Նորիկի Պետրոսյանին պատկանող «Ռոյալ իսթեյթ» ՍՊԸ-ի տնօրենը (զբաղվում է անշարժ գույքի վարձակալության կառավարմամբ): Արթուր Ներսիսյանը 2019թ.-ին հիմնադրել է նաև «Ռուդա գրուպ» ՍՊԸ-ն:

Սակայն Sunarto Ltd-ի ողջ բաժնեմասը 2019թ.-ի դեկտեմբերի 20-ից անցել է Նորիկ Պետրոսյանին: Այսինքն` Թեղուտում Նորիկ Պետրոսյանի մասնակցությունն ապահովվում է հենց այս ընկերության` Sunarto Ltd-ի միջոցով:

Vestrok Development Ltd-ն, չնայած հայտարարագրում ներկայացված է որպես Կիպրոսում գրանցված ընկերություն, իրականում գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, և դրա վերաբերյալ տվյալներ հասանելի չեն, բաց աղբյուրներում նույնպես այս ընկերության վերաբերյալ որևէ տվյալ չկա: Դատելով մասնակցության չափից` ՌԴ քաղաքացի Կորիչնևը հենց այս ընկերության միջոցով է մասնակցում բաժնեմասում:

Երրորդ բաժնետերը` Nairi Infrastructure Capital Ltd-ն, գրանցված է Կիպրոսում: Այս ընկերությունից սկսվում է «ՎՏԲ բանկ»-ի դուստր ընկերությունների շղթան և հասնում մինչև ռուսաստանյան «ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ին:

Անուղղակի մասնակցության միջանկյալ իրավաբանական անձինք են Կիպրոսում գրանցված A.T.S. Nominees Ltd, VTB Capital PE Investment Holdint (CY) Ltd, VTB Capital Private Equity Holding AG (Շվեյցարիա), Buziness Finance LLC (ՌԴ), ՎՏԲ բանկ ՓԲԸ-ն ( ՌԴ):

Երեկ «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյին նաև բաժնետերերի վերաբերյալ հարց ենք ուղղել: Մասնավորապես, թե ով է Պավել Կորիչնևը և ինչ կապ ունի  հանքարդյունաբերության հետ: Արդյոք նա «ՎՏԲ բանկի» ներկայացուցիչն է:

«Ո՞վ է Պավել Կորիչնևը, ես աչքով չեմ տեսել, չեմ շփվել և չգիտեմ ով է նա: Հիմնարկության բաժնետոմսերը շուկայական ապրանք են, որը վաճառվում և վերավաճառվում է: Ես տնօրեն եմ, ինչպես վարորդին են վերցնում աշխատանքի, ինձ նույնպես վերցրել են աշխատանքի: Ես զբաղվում եմ ընկերության ղեկավարմամբ: Ես սեփականատեր չեմ»,-պատասխանեց տնօրենը:

Նա նաև մանրամասնեց, որ «ՎՏԲ բանկը»  պարտատեր է եղել, վարկ տրամադրել «Վալլեքս» խմբի ընկերություններին, սակայն այնպես է ստացվել , որ «Վալլեքս»-ը վարկային գումարները չի կարողացել վերադարձնել, դադարել է վճարել տոկոսադրույքները, ինչից հետո բանկը դեֆոլտ է հայտարարել, դադարեցրել վարկավորումը և դարձել ընկերության այդ ակտիվների սեփականատեր:

 «Դրանից հետո կար որոշում՝ ընկերությունը վաճառելու  կամ վերագործարկելու: Որոշեցին   վերագործարկել ընկերությունը և ինձ հրավիրեցին զբաղվել վերագործարկմամբ: Հետագայում  ինչպես բաշխվեցին ընկերության բաժնետոմսերը, դա իմ խնդիրը չէր, և ես  դրանից ոչինչ չգիտեմ: Այն, որ ընկերության 25,05 տոկոս բաժնետերը Նորիկ Պետրոսյանն է, դա ճիշտ է: «Թեղուտ» ընկերությունն ունի դիտորդների խորհուրդ: Այն կազմված է 7 բաժնետերերից: Դիտորդական խորհրդի նախագահը Նորիկ Պետրոսյանն է: Բաժնետերերի որոշմամբ ՝ այդ Պավել Կորիչնևը, «ՎՏԲ բանկը»՝  որպես պարտատեր, և բաժնետերերի էլի  մի խումբ, կառավարումը պատկանում  է ընկերության դիտորդական  խորհրդին: Նորիկ Պետրոսյանն ամեն օր մեզ հետ կապի մեջ է,  հետաքրքրվում է մենք ինչպես ենք աշխատում, ինչ ենք նում,  ինչպիսի օգնության կարիք ունենք,  ինչպիսին է այստեղ իրավիճակը, և ստանում ենք հանձնարարություններ: Ես աշխատում եմ  դիտորդների խորհրդի անդամների և նախագահի հետ: Իսկ այդ Պավել Կորիչնևին ես  ոչ մի անգամ չեմ տեսել: Ես միայն Նորիկ Պետրոսյանի  հետ եմ աշխատում»,- նշում է գլխավոր տնօրենը: 

Ըստ տնօրենի, «Թեղուտ Ինվեստմենտս Լիմիթեդ»-ը պատկանում է Նորիկ Պետրոսյանին, Կորիչնևին, «ՎՏԲ բանկին» և ևս մեկ բաժնետիրական խմբի, սակայն թե ինչ խումբ է, տնօրենը չմանրամասնեց։

«Ես իրավունք չունեմ հայտնելու և հնարավորություն չունեմ դա իմանալու: Որտեղ է այդ ընկերությունը՝ ես տեղեկություն չունեմ: Այդ մարդիկ  հանդիսանում եմ բաժնետերեր: Եվ այդ մարդիկ, որպես բաժնետերեր, Նորիկ Պետրոսյանի միջոցով են մեզ տալիս հանձնարարություններ: Ես դա նրանից ստանում և իրականացնում եմ: Ես մուտք չունեմ այդ ընկերություն: Ինձ հետ նրանցից ոչ ոք չի շփվում: Ես չեմ խցկվում այնտեղ»,-ամփոփեց Վլադիմիր Նալիվայկոն:

Այդուհանդերձ, տնօրենի նշած մեկ այլ խումբ բաժնետերերի վերաբերյալ հստակեցումներ հայտարարագրում չկան: Թե որ ընկերության միջոցով են նրանք մասնակցություն ապահովում, պարզ չէ: Սակայն, հաշվի առնելով հայտարարագրման պահանջները, նրանք առանձին-առանձին չունեն 10-ից ավելի տոկոս մասնակցություն:

Գլխավոր լուսանկարում` Նորիկ Պետրոսյանը, լուսանկարը` «Թեղուտ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter