HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր հետաքննություն է սկսել Ազգային գրադարանում

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետաքննական վարչության աշխատանքային խումբն այսօր` մայիսի 15-ին, հետաքննություն է սկսել Ազգային գրադարանում։ Այդ մասին «Հետք»-ին տեղեկացրեց ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը: Նշանակվել են հրդեհատեխնիկական, ապրանքագիտական և էլէկտրատեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները, հավանաբար, պարզ կլինեն մեկ-երկու օրից: «Ըստ նախնական վարկածի, տեղի է ունեցել էլեկտրականության կարճ միացում, փոքրիկ հրդեհ, վառվել կամ հալվել են պլաստիկ նյութերը»,- հայտնեց Է. Զարգարյանը։

Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) էլեկտրոնային շտեմարանների սերվերների խափանման թեմայով այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը: Նա տեղեկացրեց, որ արտակարգ դրության պայմաններում գրադարանն աշխատել է միայն առցանց, իսկ սերվերները կարգավորվել են հեռավար կերպով: Մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: Այնուհետև ժամանել է նաև շենքում ծառայություն իրականացնող ԱԻՆ աշխատակիցը:

Գրադարանի տնօրինությունը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Գրադարանի տնօրինությունը տեղի ունեցածի բնույթը և հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես դիմում է ներկայացրել ԱԻՆ նախարարին, սակայն համապատասխան մասնագետներ դեռ չեն ժամանել գրադարան` դեպքի հանգամանքները պարզելու...»:

ԱԻ նախարարի մամուլի քարտուղարն ասաց, որ դեպքի հետ կապված Ազգային գրադարանից միայն երեկ են դիմել ԱԻՆ, այնինչ գրադարանի աշխատակիցների տեղեկություններից պարզվել է, որ այդ մասին գրադարանում իմացել են դեպքից մեկ օր անց` մայիսի 10-ին։ Տնօրինությունն այդ մասին տեղեկացել է մայիսի 10-ին, իսկ հանրությանն այն հայտնի դարձավ դեպքից 4-5 օր հետո, www.arevelk.am լրատվական կայքի հրապարակումից:

ՀԱԳ տնօրենի պաշտոնակատարը տեղեկացրեց նաև, որ շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանները և ՀԱԳ անվտանգության աշխատակիցը հայտնել են, որ այդ օրը հոսանքի տատատումներներ և անջատում են եղել: Տնօրինությունը դիմում է ուղարկել նաև ՀԵՑ-ի  տնօրենին, պլանային և կանխարգելիչ անջատումների ու հոսանքի տատանումների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու խնդրանքով, որին դեռևս պատասխան չի տրվել»: 

Նշենք, որ Ազգային գրադարանի կայքն ընթերցողներին անհասանելի է եղել մայիսի 9-ից, այսինքն` այդ օրվանից ընթերցողները չեն կարողացել մուտք գործել կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները,  Հայաստանի գրադարանների  համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր:

Հրաչ Սարիբեկյանն այսօր, կատարվածից խիստ անհանգստացած, քաղաքացիներին բացատրություն չտվեց, թե ինչու է հանրությունից թաքցվել կատարվածը: Միայն վստահեցրեց, որ գրադարանն ամբողջ թվայնացված նյութը արխիվացված ունի: «Այժմ գրադարանը քայլեր է նախաձեռնում ամբողջ աշխատանքային բազան՝ թվայնացված ողջ նյութը, տեղափոխել ամպային համակարգ և այն կրկին հասանելի դարձնել ընթերցող հանրությանը»,- հայտնեց Հ. Սարիբեկյանը:

Նա փոքր-ինչ հուսադրեց խնդրով մտահոգ քաղաքացիներին` ասելով, որ դատելով սերվերային սարքերի արտաքին տեսքից՝ դրանց վիճակն այնքան էլ անհուսալի չէ: «Հավանականությունը մեծ է, որ սերվերներում ինֆորմացիան պահված լինի: Սերվերների սենյակում կան որոշ սարքավորումներ, որոնք ածխացած վիճակում են, բայց դրանք սերվերային սարքավորումները չեն»,- հավելեց նա:

Նշենք, որ ՀԱԳ-ի աշխատակիցները 20 տարուց ավելի թվայնացնում էին գրադարանների հավաքածուները: Ազգային գրադարանի կայքում տեղադրված է 20 հազարից ավել գիրք, 2 մլն-ից ավել սկանավորված էջ, 4,6 մլն-ից ավել մամուլ (թերթ, ամսագիր)՝ սկսած առաջին տպագիր հայկական պարբերականներից մինչ մեր օրերը։ Այս ամբողջ գրականությունը հասանելի էր Ազգային գրադարանի կայքի բոլոր այցելուներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter