HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայում 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամից հետո գրանցվել է տնտեսության ամենախոշոր փլուզումը

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, COVID-19 համավարակի պայմաններում, 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո գրանցվել է տնտեսության ամենախոշոր փլուզումը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։ 

Մայիսի 15-ին Գերմանիայի դաշնային վիճակագրական գործակալությունը հայտնել է, որ 2020 թվականի առաջին եռամսյակում գերմանական տնտեսությունը, նախորդ եռամսյակի հետ համեմատած, կրճատվել է 2,2 տոկոսով։ Գործակալությունը նաև նշել է, որ վերջինս 2008-2009 թվականների ֆինանսական և տնտեսական ճգնաժամերից հետո տնտեսության ամենախոշոր փլուզումն է և երկրորդը՝ Գերմանիաների վերամիավորումից հետո։

Գերմանիայում առաջին եռամսյակի ընթացքում էականորեն կրճատվել են արտահանումը, սպառումը և ներդրումները։ «Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները հանգեցրել են ռեցեսիայի»,- նշել են Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից։

Ի տարբերություն եվրագոտու մյուս խոշոր երկրների, Գերմանիան ավելի քիչ է տուժել համավարակից։ Մասնավորապես, Ֆրանսիայում, որը եվրագոտու երկրորդ խոշոր տնտեսությունն է, ՀՆԱ-ի կրճատումը կազմել է 5,8 տոկոս, իսկ Իտալիայում՝ 4,7 տոկոս։

Դեռ հունվար-փետրվար ամիսներին մի շարք ցուցանիշներ փաստում էին տնտեսության աշխուժացման մասին։ Սակայն ամեն ինչ կտրուկ փոխվել է մարտ ամսին, երբ երկրում ներդրվել են սահմանափակումներ, որոնք ուղղված էին կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանը։ Այդ ընթացքում փակվել են խանութները, հյուրանոցները, ռեստորանները և ֆաբրիկաները, չեղարկվել են հանրային բազմաթիվ միջոցառումներ։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության կանխատեսումներով՝ սահմանափակիչ միջոցառումների հետևանքներն առավել կազդեն երկրորդ եռամսյակի ցուցանիշների վրա։ «Commerzbank»-ը կանխատեսում է ավելի քան 11 տոկոս անկում, իսկ «Deutsche Bank»-ը՝ 14 տոկոս: 2020 թվականին Գերմանիային սպասվում է հետպատերազմական ողջ ժամանակաշրջանից հետո ամենախորը ռեցեսիան։ Գերմանիայի ՀՆԱ-ն կարող է կրճատվել մինչև 6,3 տոկոսով։

Լուսանկարում՝ Գերմանիայի ֆինանսական կենտրոն Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքը, Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter