HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Լապտերներ ու վերածննդի հավատ՝ ծագող արևի երկրին (լուսանկարներ)

Հայերը ոգեկոչման պահերին խնկարկում են ու մոմեր վառում, իսկ ծագող արևի երկրում մարդիկ թղթե լապտերներ են պատրասում, գրառումներ անում դրանց վրա ու հանձնում հոսող ջրին: Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի և «Հիկարի» (ճապոներեն նշանակում է լույս) կենտրոնի երեխաները 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի երկրաշարժից զոհված իրենց հասակակիցների հիշատակին պատրաստել էին թղթե լապտերներ և օրիգամիի նմուշներ, որոնք ամռանը կուղարկվեն Ճապոնիա:

Երեկ՝ երկրաշարժի տարելիցի օրը, Կամերային երաժշտության տանն անցկացվեց «Քեզ հետ, Ճապոնիա» հիշատակի երեկո: Երեխաները հերթով բարձրացան բեմ և լապտերները դրեցին բեմի վրա: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Հայ երեխաների պատրաստած լապտերները

Մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհվեց 15.854 մարդ, վիրավորվեց 9.677-ը, անհետ կորավ 3.155 մարդ, ամբողջովին փլվեց մոտ 130 հազար և կիսով չափ փլվեց մոտ 255 հազար շենք: Երկրաշարժից հետո Ֆուկուշիմայի ատոմակայանում տեղի ունեցավ վթար, որի վերացման համար անհրաժեշտ են տասնամյակներ և տարիներ՝ ուսումնասիրելու համար, թե ատոմակայանից վտանգավոր նյութերի արտանետումն ինչպես կանդրադառնա մարդկանց առողջության վրա:

Հիշատակի երեկոյի ժամանակ ՀՀ արտգործնախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանն ասաց, որ իրեն զարմացրել է առանձին մարդկանց ձգտումը՝ օգնելու Ճապոնիային: Մարդիկ զանգահարում էին, հարցնում, թե ինչպես կարող են օգնել բարեկամ ժողովրդին, և առաջարկում փոքր, «երբեմն չնչին, բայց սրտից բխած գումարներ»:

Աշոտ Ոսկանյանի խոսքերով՝ բացի հայերի ու ճապոնացիների միջև անձնական շփումներից՝ ակտիվանում են նաև պետական մակարդակով ճանաչումն ու շփումը: Երեք օր առաջ Հայաստանում էր Ճապոնիայի փոխդեսպանը՝ նախապատրաստելու համար Սերժ Սարգսյանի՝ հունիսին կատարելիք այցը Ճապոնիա:

 Աշոտ Ոսկանյան  Լևոն Իգիթյան

Միջոցառման ժամանակ ընթերցվեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադայի (նստավայրը՝ Մոսկվա) ուղերձը՝ ուղղված հայ ժողովրդին: Այս տարի նշվում է Ճապոնիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և դեսպանի խոսքերով, հոբելյանի առթիվ տարբեր միջոցառումներ են անցկացվելու:

«Այս երկրաշարժը մեծ վիշտ պատճառեց Ճապոնիային, միաժամանակ այն ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային հանրության հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը... Ստանալով ջերմ աջակցության Հայաստանից ու աշխարհի ուրիշ երկրներից՝ Ճապոնիան սկսեց արագորեն գնալ վերածնության ու նոր կյանքի ճանապարհով: Տուժած շրջանների ենթակառուցվածներն ու տնտեսությունը վստահորեն վերականգնվում են: Մյուս շրջաններում, այդ թվում և մայրաքաղաքում, կյանքը վերադարձել է իր սովորական հուն»,- նշվում էր Տիկահիտո Հարադայի ուղերձում:

Գեղագիտության ազգային կենտրոնի և «Հիկարի» կենտրոնի աշակերտների նկարները:
Ձախից 2-րդ նկարի վրա գրված է «ծագող արևի երկիր»

Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն ասաց, որ ամեն օգոստոսի 6-ին՝ Հիրոսիմայի վրա ԱՄՆ-ի իրականացրած ատոմային ռմբակոծության տարելիցին, գեղագիտության կենտրոնի մի խումբ, որը հետո դարձավ «Հիկարի» կազմակերպություն (նախագահ՝ Կարինե Փիլիպոսյան), շատ լապտերներ ու կռունկներ էր պատրաստում և ուղարկվում Ճապոնիա: Ճապոնացի երեխաները օվկիանոսին էին հանձնում հայ երեխաների պատրաստված լապտերները: Այս ակցիան, Լևոն Իգիթյանի խոսքերով, Ճապոնիայում շատ ավելի հայտնի է և ավելի մեծ համբավ է ձեռք բերել, քան Հայաստանում:

Երեխաների նկարները

«Դեռ այս ողբերգությունից առաջ Ճապոնիայի այն ժամանակվա դեսպանի կինը, որ մեզ մոտ հյուր էր և մեր երեխաների պատրաստած նմուշներին ծանոթացավ, (չեմ թաքցնում) արտասվեց: Երբ աչքերը չորացրեց, մի հարց տվեց. «Ո՞րն է գաղտնիքը, որ ձեր երեխաները՝ էդ չափի ճստիկները, կարողացել են արտահայտել ճապոնական մշակույթի երևույթը»»,- ասաց Լևոն Իգիթյանը:

2011-ի մարտի 11-ի երկրաշարժից մի քանի օր անց երգահան Շուշան Սարգսյանը ստեղծեց «Revive Japan» («Վերածնվիր, Ճապոնիա») երգը՝ հույսի ու վերածնման հավատի մասին: Բառերը գրել է Իննա Մկրտչյանը: Երգը կատարում են մի քանի հայ երգիչներ: Երեկոյի ժամանակ ներկաները դիտեցին երգի տեսահոլովակը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին
զոհվածների հիշատակը
Երեխան բաժանում է թղթե կռունկները

Հետո Գեղագիտության ազգային կենտրոնի երեխաները բոլոր ներկաներին նվիրեցին իրենց պատրաստած թղթե կռունկները, որոնք երջանկություն են բերում:

Հիշատակի երեկոյի ժամանակ Կամերային երաժշտության տանը ցուցադրվում էին նաև կենտրոնի երեխաների նկարները՝ ճապոնական թեմատիկայով:

Երեկոյին ներկա ճապոնացիներից էր երկրաշարժների կառավարման մասնագետ, Japan International Cooperation Agency-ի անդամ Կոիչի Շիվակուն: Նա մասնակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հետ համատեղ ծրագրի, որի հիմնական նպատակն է զարգացնել Երևանում երկրաշարժի դեպքում աղետի կառավարման ծրագիր:

Կոիչի Շիվակու

Կոիչիի կարծիքով՝ հնարավոր է, որ ապագայում երկրաշարժ լինի Երևանում, քանի որ երկար ժամանակ մայրաքաղաքում երկրաշարժ չի եղել: «Երևանում շատ շենքեր կառուցվել են խորհրդային ժամանակներում, ուստի դրանք բավարար չափով ամուր չեն՝ ուժեղ երկրաշարժի դիմանալու համար»,- ասում է նա:

Սա Կոիչիի 4-րդ այցն է Հայաստան: Նա եղել է նաև Սպիտակում, Գյումրիում և շատ դրական է գնահատում, որ այժմ Գյումրիում կառուցում են ոչ թե բարձրահարկ, այլ 3-4 հարկանի շենքեր:

«Եթե շինարար-ինժեները բավական հմտություններ ու հնարավորություններ ունի, ապա նորմալ է բարձրահարկ շենքում ապրելը: Բայց խնդիրն այն է, որ եթե, ենթադրենք, 10 հարկանի շենք է, ապա աղետի դեպքում էլեկտրականությունը կանջատվի: Նշանակում է՝ վերելակն էլ այլևս չի աշխատի: Այդ պատճառով ավելի ցածրահարկ շենքերն ավելի լավ են»,- ասում է Կոիչի Շիվակուն:

Սակայն Ճապոնիայի քաղաքային վայրերում մարդկանց զգալի մասն ապրում է բարձրահարկ շենքերում: Ճապոնացի մասնագետի խոսքերով՝ Ճապոնիայում այժմ կառուցվող շենքերից շատերը բարձրահարկ են, քանի որ քաղաքում բնակելի տարածքը սահմանափակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter