
Վլադիմիր Նալիվայկո. «Միշտ էլ կարելի է չափից շատ հանքաքար հանել և մշակել, բայց պոչամբարի պատնեշը մեզ համար պետք է զսպող գործոն լինի»
«Հետք»-ի հարցերին պատասխանում է «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն:
-Ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեղուտի պոչամբարի բուլղարական «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրման համար մայիսի 8-ին ստեղծել աշխատանքային խումբ։
-Աշխատանքային այդ խումբը, ես ենթադրում եմ, ստեղծվել է վարչապետի նախաձեռնությամբ և նախարարությունների մասնագետների առաջարկությամբ: Ես չեմ մասնակցել այդ խմբի ստեղծման աշխատանքային խորհրդակցություններին: Մեր կողմից նույնպես մարդ չկա խմբում, այդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչի համար է վարչապետը ստեղծել աշխատանքային խումբը: Որոշումից տեղյակ եմ մամուլից: Որոշման մեջ գրված է, որ աշխատանքային խումբը ստեղծվել է «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով, այսինքն` ոչ թե պոչամբարի իրավիճակի, այլ «Գեոտեխմին»-ի զեկույցի հետազոտության համար:
-Ըստ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության հաշվետվության, ինչ խնդիրներ կան Թեղուտի պոչամբարի պատվարում:
- Գործող տեխնիկական փաստաթղթերի շրջանակներում և մեր կողմից իրականացված նախորդ փորձաքննությունների եզրակացություններում պոչամբարում խնդիր չկա, կան հնարավոր ռիսկեր: Հենց այդ ռիսկերն էլ արտացոլված են «Գեոտեխմին»-ի հաշվետվություններում: Պոչամբարը ժամանակին եղել է սպառնացող օբյեկտ, դրա համար դադարեցվել է: Չեմ ցանկանում հիմա մեկնաբանել, թե ինչպես է շահագործվել մինչ դադարեցումը, սակայն պոչամբարի և գործարանի վերականգնողական աշխատանքներից հետո, նախագծին համապատասխան, գործարանի շահագործումը վերսկսվել է:
Այսօր լեռնահարստացման կոմբինատը աշխատում է արտադրության այն ծավալով, որը նախատեսված է նախագծով: Դա հնարավորություն է տվել մեզ, պոչերի կուտակման պարագայում, պահպանել սահմանափակումների պահանջները, որոնք եղել են նախագծում: Դրանից բացի, եթե բարձրացնենք նախագծային փաստաթղթերը, պոչամբարում ջրի մակարդակը թույլատրվում է ունենալ 1,5 մ: Մենք այսօր մեզ համար ընտրել ենք մինչև 1 մ սահմանաչափը:
«Թեղուտ» ՓԲԸ-ն ժամանակակից ընկերություն է, բայց ռիսկեր կան: Պետք է նախագիծ կազմել, փորձագիտական եզրակացություն ունենալ և այդ պրոցեսն անցնել: Ընկերությունը 450 մլն տոննա հանքային պաշարներ ունի: Պետությունը դրանք արդյունահանման համար լիցենզիա է տվել: Սակայն յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է անցկացվի տեխնիկատնտեսական վիճակի գնահատում: Հիշեցնեմ նաև, որ նախկինում պոչամբարը նախագծվել է 8 բալ սեյսմակայության համար, հիմա մենք բոլորս գիտենք, որ մեզ սեյսմիկ նոր պայմաններ են առաջարկվում, պետք է լինի 9 բալ սեյսմակայություն: Մենք սպասում ենք այս որոշման ելքին: Դրա եզրակացությունը մենք ստանալու ենք «Գեոտեխմինի» հետազոտություններով: Հիմա պոչամբարում կրիտիկական վիճակ չկա, լինելու դեպքում՝ մենք կդադարեցնենք աշխատանքները:
«Գեոտեխմինը» պետք է հետազոտեր, ցույց տար մեզ ռիսկերը և առաջարկություններ ներկայացներ, թե մենք ինչ պետք է անենք, նախագծային ինչ աշխատանքներ պատվիրենք, որպեսզի ապահովենք 9 բալ սեյսմակայությունը:
-Եվ ինչպիսի՞ ռիսկեր է առանձնացրել բուլղարական ընկերությունը:
Այսօրվա դրությամբ մեր պոչամբարի շահագործումը խստորեն իրականացվում է` համաձայն նախագծային փաստաթղթերի և համապատասխան այսօրվա նորմատիվային պահանջների: Եթե 9 բալ սեյսմակայության չափանիշը հաստատվեց, ապա մեր պոչամբարը չի համապատասխանելու այդ նորմին: Բուլղարացի մասնագետներն իրենց եզրակացություններում և առաջարկություններում ասում են՝ եթե դուք ուզում եք շարունակել աշխատել, ապա դուք պետք է իրականացնեք հակազդեցություն (կոնտրֆորս): Դա շինարարական տերմին է, որը նշանակում է` բեռնել (пригруз): Պատվարը զանգված ունի, և եթե այն ավելի ծանրաբեռնվի, այսինքն` լրացուցիչ գրունտային զանգված ավելացվի, պատվարի զանգվածն էլի է ավելանում, և դժվար է լինում տեղաշարժելը: Այդպիսով՝ պատվարը դառնում է ավելի ծանր, հզոր, և նույնիսկ երկրաշարժի ժամանակ դժվար կտեղաշարժվի:
Որպես երկրորդ տարբերակ՝ նրանք առաջարկում են հետևյալը` վերահսկել ջրի մակարդակը, մեծ տրամագծով ջրահեռացման հորերի համակարգ ստեղծել, որտեղ պոմպեր կտեղադրվեն, որոնց միջոցով ջուրը կարելի է հեռացնել: Եթե ստորին նիշերից ջուրը հեռացվի, ապա հայելային մակերեսը կիջնի: Այդպիսով, նրանք մեզ առաջարկում են ջրահեռացման հորերի նախագիծ պատվիրել և իրականացնել։
-Իսկ եթե ոչինչ չանել:
-Այդտեղ արդեն ռիսկ է առաջանում: Քանի որ մենք հիմա ջրի մակարդակի դիտարկումներ ենք անում, չորային տարի էր` ջուրը քիչ էր, անձրևները շատ են` մակարդակը բարձրանում է, բայց եթե այն կրիտիկական մակարդակի հասնի, ես ուղղակի կկանգնեցնեմ կոմբինատը: Բայց դրան դեռ շատ կա:
-Եթե խնդիր չկա, այդ դեպքում ինչի համար է վարչապետի կողմից ստեղծվել աշխատանքային խումբը:
-Հարցն այն է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն երկրի բյուջեի համար 2-րդ խոշոր հարկ վճարող ընկերությունն է և ազդում է երկրի տնտեսական ցուցանիշների վրա: Այսօր «Թեղուտ Մայնինգ»-ում աշխատում է 1013 աշխատող: Կառավարությունն ուզում է հասկանալ` մեզ մոտ ամեն ինչ լավ է, մենք կարող ենք շարունակել աշխատանքը, թե ոչ: Վարչապետն ուզում է վստահ լինել, որ ընկերության աշխատանքը չի ընդհատվի: Ես մտածում եմ, որ վարչապետի որոշումը կապված է հենց դրա հետ:
-Դուք ասում եք, որ մասնագետների կողմից թույլատրվել է Թեղուտի պոչամբարը շահագործել պոչանքների և նախագծով սահմանված արտադրության ծավալների նվազեցման պայմաններում: Տեղյակ ե՞ք, որ 2017թ.-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ ամերիկյան, բրիտանական և ավստրիական կազմակերպությունները Թեղուտի պոչամբարի սեյսմիկ և ստատիկ կայունությունը ոսումնասիրելուց հետո եկել են այն հետևության, որ պոչամբարի պատվարը ինքնափլուզման շեմին է: Նշել են նաև, որ փլուզման ստեղծված վտանգները չեն կարող վերանալ արտադրության ծավալների նվազեցման, անգամ՝ դադարեցման դեպքում:
-Ավստրիական, ամերիկյան և բրիտանական կազմակերպությունների հաշվետվությունները իսկապես եղել են: Բայց խնդիրը եղել է 2017թ.-ին, քանի որ ճիշտ չեն շահագործել պոչամբարը: Եթե արտադրության դադարեցումը չլիներ, ապա պոչամբարի այդ պատնեշը կփլուզվեր: Ես չեմ կարղ մեկնաբանել այդ կազմակերպությունների եզրակացությունները, ես նրանց հետ չեմ աշխատել: Բոլոր դեպքերում այն եզրակացությունը, որ ոչինչ չի կարող օգնել՝ սխալմունք է:
-Ձեր կարծիքով 3 միջազգային կազմակերպություններն էլ սխալվե՞լ են:
-Ես չեմ խորացել այդ հաշվետվությունների մեջ: Բայց կարող եմ ասել, որ դադարացնելուց հետո վերաշահագործելիս պոչամբարը համապատասխանել է նախագծային փաստաթղթերին: Պոչամբարի տեխնիկական վիճակի հետազոտմանը ներգրավվել են Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցները, որոնք պաշտոնապես թույլատրել են շահագործել պոչամբարը, բայց նախագծային փաստաթղթերին խիստ համապատասխան: Նախկին շահագործողը 1-ին տարում, երբ թույլատրված էր 4 մլն տոննա հանքանյութի մշակում, մշակել է 6 մլն տոննա, ինչը հակասել է նախագծին: Երկրորդ տարում թույլատրված 6 տոննայի փոխարեն մշակել են 7 տոննա հանքանյութ: Երրորդ տարին 7 մլն տոննա նախատեսվածի փոխարեն՝ արդյունահանել են 9 մլն տոննա հանքաքար: Նրանց նպատակն է եղել՝ որքան հնարավոր է շատ հանքանյութ հանել: Միշտ էլ կարելի է չափից շատ հանքաքար հանել և մշակել, բայց պոչամբարի պատնեշը մեզ համար պետք է զսպող գործոն լինի: Հետազոտության ժամանակ պոչամբարի ափի երկարությունը 150 մ էր կազմում, հիմա 750 մետր է: 150 մ–ի վրա այդքան շատ պոչանք թափելն իրենից ռիսկ էր ներկայացնում և կարող էր հասցնել դժբախտության: Այժմ մենք արտահանում ենք նախագծային փաստաթղթերին համապատասխան՝ տարեկան 7մլն տոննա հանքանյութ։
-«Թեղուտ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը նախորդ տարվա մայիսի 20-ին «Հետք»-ին հայտնել է, թե Թեղուտ այցելած բազմաթիվ մասնագետներ, այդ թվում՝ եվրոպական ստանդարտներով աշխատող «Գեոտեխմին» բուլղարական հայտնի ընկերության մասնագետները, իրենց եզրակացությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի վթարային վիճակ չեն արձանագրել: «Մեզ չեն հայտնել, որ պոչամբարի շահագործումը վտանգներ կարող է ներկայացնել ազդակիր բնակավայրերի բնակիչների համար»,- հայտնել է նա: Ձեր կարծիքով ինչու է, մեղմ ասած, ոչ ճիշտ տեղեկատվություն հաղորդել նախկին տնօրենը:
- Հնարավոր է` դուք նրան ճիշտ չեք հասկացել: Նախորդ տարվա մայիսին մենք ընդամենը անցկացրել ենք կոնսուլտացիաներ, «Գեոտեխմին» կազմակերպության հետ բանակցել ենք հետազոտության համար, բայց նրանք թանկ հետազոտողներ են: Մայիս ամսին մենք չէինք աշխատում: Մենք կոպեկ չունեինք: Մեր հաշվին մնացել էր 3 մլն դոլար՝ 600 տ խտանյութի վաճառքից: Մենք օգոստոսից սկսեցինք վաճառել մեր արտադրած խտանյութը: Բուլղարացիները կարող էին կատարել կոմպլեքս աշխատանք: Բայց նրանք եվրոպական մարդիկ էին: Եվրոյով վճարումը շատ թանկ էր մեր ձեռնարկության համար: Այդ պատճառով նրանց հետ բանակցել ենք, որ «Հայհիդրոէներգոնախագիծ»-ը պոչամբարի ուսումնասիրության աշխատանքերը կատարի՝ բուլղարացի մասնագետների հսկողությամբ: Դրա հետևանքով պայմանավորվել էինք, որ «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի հաշվետվությունները տան բուլղարացի մասնագետները:
-Հայաստանի սնանկության դատարանը ապրիլի 30-ի իր վճռով բավարարել է «Արցախտրանս» ՍՊԸ-ի հայցը և 1,6 մլն դրամ պարտքի համար սնանկ է ճանաչել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը: Ինչ է սպասվում այս ընկերության 150 –ից ավելի այն աշխատողներին, որոնց ընկերությունը պարտք է՝ աշխատավարձի տեսքով:
-Ես էլ, ինչպես դուք, լսել եմ, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ճանաչվել է սնանկ: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը առանձին իրավաբանական անձ է: Ով է այնտեղ տնօրեն, ինչ է այնտեղ կատարվում, ես չգիտեմ:
-Տնօրենը Ձեր գործընկեր Կարեն Ղազարյանն է, ով տվել է իր գրավոր համաձայնությունը ընկերությունը սնանկ ճանաչելու համար:շ
-Այն, որ այդ ընկերությունը սնանկ է ճանաչվել ես կարդացել եմ մամուլում: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության հետ մենք հարաբերություններ ենք ունեցել, նրանցից վարձակալել ենք տարածքներ: Մինչև սնանկ ճանաչվելը, ընկերությանը վճարել ենք այդ տարածքների համար: Ես մեկնաբանություն չունեմ այդ ընկերության սնանկության վերաբերյալ: Ես չեմ խառնվում նրանց գործերին, բացառությամբ այն բանի, որ «Թեղուտ Մայնինգ» ընկերության դիտորդների խորհուրդը որոշել է մեր խտանյութի տեղափոխումը իրականացնել երկաթուղով: Դրա համար Ալավերդու պղնձաձուլական գործարանում կվարձակալվեն տարածքներ: Ես կասեմ այն, ինչ գիտեմ: Թեղուտից խտանյութը տեղափոխվելու է Ալավերդու գործարան: Թե ով դա կբեռնաթափի, ես տեղյակ չեմ, բայց որքան լսել եմ, խտանյութը վրացական երկաթուղին է տեղափոխելու: Դրա համար, կարծում եմ, 200-300 մարդ կընդգրկվի աշխատանքում: Գործարանը մեծ է, հետևաբար այնտեղ կբացվի որևէ հիմնարկություն, որը կզբաղվի այդ խտանյութի ընդունմամբ, պահպանմամբ, փաթեթավորմամբ և այլ գործերով:
Մեկնաբանել