HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն ԱԺ է ներկայացրել 2017-2020թթ․ մասնավորեցման ծրագրի 2019-ի կատարողականը

Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին օրենքի համաձայն` Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը:

Հաշվետու տարում մասնավորեցման ցանկից հանվել են «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Մաշկաբանության և սեռավարակաբանության ինստիտուտ» ՓԲԸ-ն:

Ըստ նախագծի` նույն ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 57 միլիոն դրամ: Պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է շուրջ 55 միլիոն դրամ, համայնքների բյուջեներ է փոխանցվել մեկ միլիոն 406 հազար դրամ:

Հիշեցնենք, որ 47 կազմակերպությունների մասնավորեցման ծրագիրը խորհրդարանն ընդունել է 2017 թվականին, ցանկում ընդգրկված կազմակերպություններից 23-ը ներառված են եղել դեռևս 2006-2007 թվականների մասնավորեցման ծրագրում:

Մասնավորեցված ընկերությունների` 2019-ի կատարողականում կարդում ենք հետևյալը: 

Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում գործող «Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» ՓԲԸ-ի բաժնեմասերը ձեռք է բերել «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն: Ընկերությունը պարտավորվել է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում կատարել, սակայն պարտավորությունը չի կատարել: Հաշվարկվել է 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի տույժ, գործը գտնվում է դատական վարույթում:

Երևանում գործող «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ն  մասնավորեցումից հետո պրոֆիլը պահպանել է, գնորդը հենց ակնաբուժական կենտրոնն է:

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում գործող «Ռադիո» ՓԲԸ-ն ևս մասնավորեցումից հետո պրոֆիլը պահպանել է, ընկերությունը ձեռք է բերել «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն:

Լոռու մարզի Տաշիր համայնքի Վազգեն Սարգսյան փողոցի 4-րդ թաղամասի 36/1 հասցեում գտնվող գույքը մասնավորեցվել է Տաշիր համայնքի կողմից 32 միլիոն դրամով:

«Դիլիջան մանկան հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցվել է «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից` պրոֆիլը պահպանելու պայմանով, սակայն պարտավորությունը չի կատարվել:

Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույքի մասնավորեցումից հետո գնորդը հայտնել է, որ կինոթատրոնի շենքի դահլիճում հրդեհ է բռնկվել, սակայն ոստիկանության Հրազդանի բաժնի  26.06.2019 որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Անդրադառնանք մասնավորեցման ցանկում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող մի քանի ընկերությունների, որոնք կամ  լուծարվել կամ լուծարման գործընթացում են: «Արաքս» ՓԲԸ-ն լուծարված է, «Ագրոսպասարկում», «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ-ները լուծարման գործընթացում են, «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter