HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի հոտը

Ասում են, «հերոսը նա է, ով վախենում է փախչել», հետո կյանքը ցույց է տալիս, որ հերոսանում են, մեծ մասամբ,  փախչելուց չվախեցողները։

Հերոսը, հերոսի կերպարը, որպես ազգային ոգու պահպանման կարևորագույն սնունդ,  ենթարկվում է ուռճացման, միֆականացման, ընդհուպ մինչև սրբադասման, այնինչ...

Այնինչ, ասում են, մատղաշ տղաներ են լինում հերոսները, սովորաբար, խեղճ շեներից, մի մասը կամովին (գլուխները  լցրած` ազգային ոգու գոյատևման սնունդ դառնալու վեհ գաղափարով) , մյուս մասն էլ պարտադրաբար ու ճարահատյալ գնում են կռվի։

Մի մասը վերադառնում են, խրամատներում թողած `ընկերոջը, ոտքը, ձեռքը, սթափությունը, ապրելու հավեսը, մյուսները չեն վերադառնում, որովհետև վախենում են կռվի դաշտում թողնել ոտքը ձեռքը, սթափությունը, ընկերոջը։ Իսկ կռիվը ընկեր գտնելու ամենահարմար տեղն է։ Երբ զինակիցդ քեզ կամ կրծքով է պաշտպանում, կամ մեջքով, թանկանում է աչքիդ նա ու նրա կյանքը։

Պատերազմից հետո ապրելու ծանրությունը քչերն են գերադասում մահից, իսկ ում բախտը չի բերում ու վերադառնում են, հետո մի ամբողջ կյանք ստիպված են լինում մեզ սնել հերոսական պատմություններով, անձնազոհության գաղափարներով, հայրենասիրական ճառերով։

Կրկնակի բախտը չբերածները մնում են լուսանցքում, հաշմանդամության թոշակով օրվա սև հացն ու սոխն են ուտում, հացի հետ ծամելով երբեք չմարսվող հիշողությունը։

Ոչ-ոք չի պատմում պատերազմի կծծահոտի մասին, վախի մասին, վախից միզելու, քրտնահոտի, արյան հոտի, առհասարակ, պատերազմի հոտի մասին չեն պատմում։ Մրմռացող քթերի մասին, վառոդի հոտի մասին չեն պատմում...

*

Ասում են, հեռավոր գյուղերից մեկում, դեռ գարունը ոտք չդրած, մանուշակը դեռ գլուխը չհանած հողից, լուր տարածվեց, որ պատերազմ է, գյուղի ջահել տղաներին հավաքագրում են։

Մեկ տարին չէր լրացել, ինչ Անուշը ամուսնական երջանիկ կյանքով էր ապրում։ Դեռ փորում չէր թրթռում, բայց նշան էր տվել, որ աճում է նոր կյանքը, դեռ ձեռքերը դողում էին ամուսնու ձեռքերին հանդիպելիս ու սերը հոգսի չէր վերափոխվել, երբ իր Աշոտին էլ տարան։

Երկար լացեց Աշոտի հետևից, հետո սաստվեց նրա ծեր ծնողների կողմից, թե` լացը լաց է բերում, սիրտդ պիտի լեն պահես։  Ու սիրտը լենացրեց Անուշը։

Տաք ապուր էր եփում Աշոտի ծնողների համար, ու դուրս թռչում տանից, բարձրանում էր ցախատան երկրորդ հարկը, երկար նայում երկնքին, հետո աղավնաբնի դռնակը  բացում ու ժամերով հետևում աղունիկների թռիչքին։ 

Օրերն անց էին կենում, սպասումից ու կարոտից մաշվում էր Անուշը։ Եղանակը տաքանում էր ու տաքանում էր նրա սիրտն էլ։ Կարոտից հուզվում էր, բայց ատամներով ծամում էր շուրթերը ու զսպում իրեն, որ լացը լաց չբերի...

Կարճացող փեշի հետ երկարում էին մութ մտքերը Անուշի գլխում։ Սիրտը լցվում էր դառնությամբ, իսկ կրծքերն ուռչում ու կաթով էին լցվում...

Ասում են Աշոտը առաջին անգամ թնդանոթի ձայնը հենց լսել է, վախից տակն է արել։ Զինակից առաջին ընկերոջը երբ կրակել են իր կողքին, լեզուն կապ է ընկել, ուշաթափվել է։ Ասում են Աշոտը ականի պայթյունից` տասը տուն բաժանվող մատաղի պես տասը կտոր է եղել։

Ասում են նրա մահվան գիշերը ցախատան գլխին վիզները  կտրած աղունիկների անձրև է տեղացել։

Անուշը լսել է բոթն ու մի քանի վայրկյան լռությունից հետո սկսել է ծիծաղել։ Ասում են մինչև հիմա Անուշի ծիծաղը չի դադարել։ Միայն վիժելիս, ֆիզիկական ցավից մի սուր, ականջ ծակող ճիչ է արձակել, հետո, էլի շարունակել ծիծաղը։

Հարևանները գիշերով լսել են նրա ծիծաղը ցախատան կտուրից ու տեսել, թե ինչպես է լամպի լույսի տակ աղավնիների պոկված գլուխները կարում։

Աշոտին հետմահու մեդալ են տվել։ 

 Նրա պատվին գյուղամիջում հուշաքարի բացման օրը Անուշին էլ են կանչել։ Քար լռության մեջ միայն նրա ծիծաղն է հնչել։ Այդ օրը գյուղից նրան տարել են հոգին բուժելու, բայց պատմում են, որ չորս պատի մեջ մեկուսացած նա դեռ ծիծաղում է աշխարհի վրա, տասը կտոր եղած ամուսնու վրա, վիզները կտրած աղունիկների վրա...

Աշոտենց արտերը անքաղ մնացին, փուշը հասկին խառնվեց ու հասկը գլուխը կախեց հողին։ Աշոտի հերն ու մերը անթաղ մնացին։ 

Ասում են Աշոտի ծնողները երկար չեն ապրել։ Ամեն մեկը մի թախտի վրա կուչ եկած մեռել ու չորացել են։ Նեխած դիակների հոտի վրա եկած հարևանները տեսել են տունը փոշու ու մրի մեջ կորած, ու միայն հայելուց կախված մեդալն է պսպղացել համատարած կեղտի մեջ։

Ասում են, էդ թաղերում ապրողները նրանց տանը մոտիկ չեն եկել, բայց հեռվից հեռու ամեն գիշեր Անուշի ծիծաղն են լսել ցախատան կտուրից ու ամեն առավոտ անգլուխ աղավնիներ են թառել նրանց տանիքին։

Ասում են պատերազմի հոտի մասին ոչ-ոք չի պատմում։ Իսկ ձայնի՞, իսկ Անուշի ծիծաղի՞...

Սվետլանա Բարսենց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter