HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թանգարանների գիշերը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին. Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ.

«Միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Թանգարանային հարուստ 
ժառանգություն ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակից և ջատագով:

Թանգարանները մեր մշակույթի, կրթության և զարգացման կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են 
մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի, և, ընդհանրապես, մեր ազգային ինքնության վկայությունները: 
Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, 
ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ առաջին անգամ այս գեղեցիկ տոնը պետք է նշենք անսովոր պայմաններում: «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» միջազգային խորագրի ներքո 
բոլոր թանգարաններն իրենց միջոցառումները կներկայացնեն առցանց հարթակում, իսկ Օրվան նախորդող շաբաթ 
երեկոյան ավանդաբար նշվող Թանգարանների գիշերը նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին:

Մայիսի 18-ը ընդունված է համարել նաև թանգարանային ոլորտում աշխատողների մասնագիտական տոն: Ուստի, առանձնակի ջերմությամբ 
շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, ովքեր իրենց նվիրյալ, բարեխիղճ ու շնորհակալ 
աշխատանքով կապված են թանգարանային մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման գործին: 
Մաղթում եմ ձեզ ստեղծագործական բեղուն գործունեություն, բուռն խանդավառություն և հարյուր հազարավոր այցելուներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter