Նոր ավտոմայրուղին կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային հոսքերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների երթևեկության կանոնակարգմանն ու բեռնաթափմանը, նշել է, որ այդ նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լենինգրադյան փողոցը Իսկակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ:
Ճանապարհի նախագիծը հաստատվել է դեռ 2005 թվականին` որպես 2005-2020 թվականների Երեւան քաղաքի զարգացման ծրագրերով գլխավոր հատակագծի բաղկացուցիչ մաս:
«Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանի հարակից տարածքով: Գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու անցումային հատվածում և շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասվելու և ոչ մի ծառ չի հատվելու: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացվի ծառերի վերատնկում»,- նշել է քաղաքապետը:
Շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն նաև շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային և Լենինգրադյան փողոցին:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Հարցի հետ կապված քաղաքապետը նշել է, որ առանձին փողոցներում, այդ թվում կենտրոնական, առաջացած փոսերի հետևանքով գոյանում են արհեստական խցանումներ, որոնցից խուափելու համար անհրաժեշտ է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել երթևեկությամբ ծանրաբենված փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների ու թերությունների վերաբերյալ կազմվում են համապատասխան արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ փետրվարին հասարակական կազմակերպությունների հետ անցկացված մոնիտորինգի շրջանակում ուսումնասիրություններ են կատարվել 234 ավտոբուսային և 830 միկրոավտոբուսային երթերում: Ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից հետո անբավարար է գնահատվել մեքենաների սրահների ընդհանուր վիճակը և այժմ աշխատանքներ են տարվում դրանք շտկելու ուղղությամբ: Քաղաքապետը նշել է, որ արդյունքները գոհացուցիչ և տեսանելի կլինեն այն ժամանակ, երբ նվազեն քաղաքացիների դժգոհությունները:
«2012 թվականին տրասպորտի ոլորտում անկնկալում ենք մի շարք փոփոխություններ մասնավորապես երթուղային նոր ցանցի շահագործման հետ կապված, ինչպես նաև միկրոավտոբուսներից ավտոբուսների անցման ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ ողջունելով ներկայացվող այն առաջարկությունները, որոնք ուղղված են հասարակական տրասպորտի սպասարկման բարելավմանն ու զարգացմանն և առաջարկել է համատեղ քննարկում կազմակերպել շահագրգիռ կազմակերպությունների հետ` ներգրավելով նա հասարակական սեկտորին:
Գյուղմթերքի փոքր շուկաների ստեղծման հետ կապված առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ուսումնասիրվել են վարչական շրջանների կողմից ներկայացված առաջարկները, որոնցից 8-ի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն, ևս 2-ը քննարկման փուլում են:
Առողջապահության վարչության պետը, անդրադառնալով մայրաքաղաքի շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը, զեկուցել է, որ ստուգումների արդյունքում ընդհանոր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Նշվել է, որ տնտեսվարողների բացակայության պայմաններում հիմնական խնդիրը կապված է գետնանացումների լուսավորության ապահովման հետ: Տարոն Մարգարյանը համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է քննարկել և լուծելումներ գտնել գետնանցումներում մշտական լուսավորության ապահովման այլընտրանքային տարբերակների ուղղությամբ:
«Հաշվի առնելով հասարակական կարգի խախտումներն ու լուսավորության սարքերի կոտրման և անհետացման դեպքերը, մենք պետք է նոր լուծումներ գտնենք, որպեսզի ապահովենք մեր բնակիչների անվտանգ տեղաշարժը գետնանցումներով»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ցուցանիշներին`քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել, աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը և անընդհատ աշխատանքներ տանել գումարների հավաքագրումը արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել 2012 թվականին նախատեսված կանաչապատման ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես եղանակային պայմանների բարելավմամբ կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի և Կողբացի փողոցի միջնամասում գտնվող պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
«Այս տարի մենք նախատեսում ենք կրկնապատկել նախորդ տարիներին նախատեսված և կատարված աշխատանքները: «Կանաչ Երևան» կարգախոսին համապատասխան ակնկալում ենք ավելացնել մայրաքաղաքի կանաչ գոտիներն ու հետևողական աշխատանք տանել դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը մեկնարկած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակին` քաղաքապետը հանձնարարել է պատշաճ ձևով իրազեկում ապահովել, թե առողջապահական որ հաստատություններում են տրամադրվելու համապատասխան անվճար բուժծառայությունները:
Խորհրդակցության ընթացքում քաղաքապետին ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող միջոցառումների նախնական ցանկը և նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել