HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տիգրան Վիրաբյան. «Մանկապարտեզների խմբերում լինելու է 8-10 երեխա»

Մայիսի 20-ից վերաբացվելու են Երևանի մանկապարտեզները։

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, անդրադառնալով մանկապարտեզների աշխատանքի վերսկսմանը, նշեց՝ առաջնահերթությունը տրվելու է այն երեխաներին, որոնց ծնողները երեխաների խնամքը տանը չեն կարողանում ապահովել. «Մանկապարտեզ գալու առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են։ Աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են»,- քիչ առաջ կայացած ասուլիսին նշեց Վիրաբյանը։

Քաղաքապետի տեղակալի փոխանցմամբ՝ նախնական 161 մանկապարտեզի կողմից 31 հազար ծնողի հարցումներ են արվել։ Նրանցից մոտ 11 հազար ծնող ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ։

Այժմ քննարկվում է մանկապարտեզներում երկարօրյա խմբեր ունենալու հարցը։ Ըստ Վիրաբյանի՝ դեռևս հստակ որոշում չկա։

Տիգրան Վիրաբյանը բացառեց երեխաների ծնողների մուտքը մանկապարտեզ։ Մանրամասնեց, որ դաստիարակները ջերմաչափելու են երեխային, եթե համոզվեն, որ երեխան ջերմություն չունի, նրան ընդունելու են մանկապարտեզ։

«Մանկապարտեզների խմբերում լինելու է 8-10  երեխա։ Այսինքն՝ մենք կարողանալու ենք անվտանգության բոլոր կանոնները պահպանել։ Մանկապարտեզում հրաժարվելու ենք այն խաղատեսակներից և խաղալիքներից, որոնց վրա կարող է վարակը երկար մնալ։ Հրաժարվելու ենք այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։

Վիրաբյանի փոխանցմամբ՝ մանկապարտեզների աշխատակիցների 20-22 %-ը գտնվում է ռիսկային խմբում։ Նրանք չեն հաճախելու աշխատանքի և շարունակվելու են ամբողջ աշխատավարձը ստանալ։ Իսկ այն աշխատակիցները, ովքեր չեն ցանկանա հաճախել աշխատանքի, կվճարվեն հարկադիր պարապուրդի համար։

Քաղաքապետի տեղակալը վստահեցրեց, որ այս օրերին մանկապարտեզներում աշխատանքի հաճախող աշխատակիցներին հավելյալ խրախուսելու համար ֆինանսական միջոցներ են գտնելու։

Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում իրականացվելու են ախտահանման աշխատանքներ։ Ախտահանումը կշարունակվի ամեն օր, մինչ վարակը կվերանա։

Մանկապարտեզների աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար քաղաքապետարանը մեկ ամսվա համար պատվիրել է 160 հազարից ավելի դիմակ և մի քանի հազար լիտր ալկոգել։ Տիգրան Վիրաբյանն ընդգծեց, որ աշխատակիցները պարտավոր են լինելու մանկապարտեզում կրել դիմակներ և պահպանել անվտանգության կանոնները։ «Ես չեմ խորշում ասել, որ սա մեզ համար փորձություն է, պիտի կարողանանք լավագույնս հաղթահարել այն։ Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի այս կանոններին, կվտանգեն երեխաների, երեխաների ընտանիքների կյանքերը, այդ աշխատակիցներից շատ արագ կազատվենք»,- նշեց Վիրաբյանը։

Ըստ նրա՝ մանկապարտեզների սննդի որոշ տեսակներ մատակարարվելու են փաթեթավորման փոփոխությամբ, որով առավել անվտանգ կլինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter