
Կարանտին-չկարանտին
Մարտի 13-ից ես անցա հեռավար աշխատանքի: Տասն օր Երևանում ինքնամեկուսանալուց հետո, եկա տուն` Ղարաբաղ: 14 օր էլ տանը ինքնամեկուսացա:
Երբ եկա, ՀՀ-ում վարկակիրների թիվը մոտ 200 էր, իսկ Արցախում` հաստատված ոչ մի դեպք չկար: Արտակարգ դրություն ավելի ուշ հայտարարեցին:
Ազատ ժամանակ կար, սկսեցի նկարել քրոջս 8-ամյա դպրոցական տղային` Դանիելին: Մոտս պրոֆեսիոնալ տեսախցիկ չունեի: Որոշեցի հեռախոսով նկարել: Լուսանկարներն արել եմ Մարտունիում, Գիշիում ու Ստեփանակերտում, երբ Դանիելը հեռավար էր դասեր անում և տնից դուրս չէր գալիս: Ինքնամեկուսացման մեջ նա մնաց մոտ մեկ ամիս:
Տեքստը և լուսանկարների նկարագրությունը Դանիելինն է, ես միայն գրի եմ առել:
***
Ես Դանիել Եսայանն եմ, ութ տարեկան եմ և ապրում եմ Ստեփանակերտում: Մարտի 15-ից հետո էլ դպրոց չեմ գնացել: Բակ էլ չէի գնում՝ խաղալու: Մաման ասում էր` կորոնավիրուս է: Հեռուստացույցով էլ նույնն էին ասում:
Ամբողջ օրը լեգոներով էի խաղում, նկարում, մուլտեր նայում, քույրիկիս` Սառայի հետ խաղում ու տանը դաս անում:
Մեր բնակարանը հինգերորդ հարկում է: Մաքուր օդ շնչելու համար պատշգամբ էինք դուրս գալիս: Երկու շաբաթ տնից ընդհանրապես դուրս չեմ եկել:
Հետո գնացի Մարտունի պապիկ-տատիկիս մոտ: Այնտեղ սեփական մեծ բակ կա, որտեղ ես հեծանիվ եմ քշել: Ցերեկները բանջարանոցում եմ աշխատել, իսկ երեկոները շախմատ ու UNO խաղացել: Տաս օր մնացել եմ այնտեղ:
Հետ եկա Ստեփանակերտ, բայց էլ տանը չեմ մնում, գնում եմ բակ՝ խաղալու ու հեծանիվ քշելու: Բայց դպրոց չեմ գնում, էլի տան եմ դաս անում: Ասում են` դեռ կորոնավիրուսը չի պրծել:
Չեմ ուզում դաս անեմ: Բայց մաթեմից լիքը տնային կա անելու:
Ես ու Սառան: Մաման ասել է պոպոք ջարդեմ, իսկ ես Սառայի հետ եմ խաղում:
Աննայի ծնունդն էր, Քեն ասաց` պետք է շնորհավորանք գրենք, նկարենք ու ուղարկենք: Աննան իմ մորաքույրն է, Մոսկվայում է ապրում:
Տորթ եմ թխում: Աջ ձեռքս որ հոգնում է, ձախով եմ բռնում միքսերը:
Zoom-ով առաջին անգամ ռուսերեն դասն եմ անում: Մինչև էդ դասը կարդում էի, մաման հեռախոսով վիդեո էր անում ու դասատուին ուղարկում:
Քեին եմ նկարում: Քեն (Քնարը) իմ մորաքույրն է: Շատ եմ սիրում նկարել:
Երբ ես Մարտունի եմ գնում, միշտ խորոված ենք անում: Սոխն եմ մսից առանձնացնում:
Իմ նոր ցնցուղով սոխն եմ ջրում: Ամեն օր առավոտյան Հրաչիկ դեդոյի հետ գնում եմ բանջարանոցում աշխատելու:
Հանգստանում եմ: Մնացել է ծառերը ջրեմ: Էնքան շատ են ծառերը` խնձորի, տանձի, նռան, կառալյոկի...
Հրաչիկ դեդոյի հետ շախմատ եմ խաղում: Չեմ հիշում` ով է հաղթել, բայց երևի ես:)
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի
Տեքստը` Քնար Բաբայանի, Դանիել Եսայանի
Մեկնաբանել